«Ցանկացած գործընթաց, որն օրենքից դուրս է, դատապարտելի է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը`անդրադառնալով ՀՀԿ խորհրդի անդամ, «ՍԱՍ գրուպ» ընկերության սեփականատեր Արտակ Սարգսյանի հրավիրած ժողովին:
Ժողովը տեղի է ունեցել նախընտրական շրջանում, հրապարակված ձայնագրությունից պարզ է դառնում, որ Արտակ Սարգսյանն իր աշխատակիցներին ստիպում է ձայներ բերել իր համար, այլապես սպառնում են ազատել աշխատանքից:
«Հարեւաններին, հարազատներին քարոզեք, համոզեք, որ ձայն տան Արտակ Սարգսյանին: Սրան մոտեցեք ոչ թե քաղաքական նկատառումներով, սա կուսակցության խնդիր չի, սա կոնկրետ ՍԱՍ գրուպի եւ մեր հիմնադիրի աջակցության խնդիրն ա: Մեր երկրի տնտեսական վիճակում աշխատանք գտնելը, աշխատանքով մարդուն ապահովելը շատ բարդ գործ ա, դուք էդ սկզբունքով պետք ա առաջնորդվեք: Մենք բոլորս աշխատում ենք ՍԱՍ գրուպում եւ լավ-վատ ինչ-որ ձեւով օգտվում ենք այս գրուպի բարիքներից: Սա ձեր թասիբի գործն ա:
Արամ քո հարցը դրած ա, «սվիթից» 200 աշխատողով 53 ձայն ես բերում: Եթե դու էդ ձեւի ես վերաբերվում մեզ, մենք էլ քեզ մի քանի անգամ ավելի վատ կվերաբերվենք: Հինգ տարվա մեջ ընդամենը մի անգամ ենք մենք ձեզ նման հարցով դիմում: Ու էն մարդիկ, ովքեր մեզ էս ձեւի են վերաբերվում, մենք էլ համապատասխան կվերաբերվենք:
Կարդացեք նաև
Մենք Արաբկիրում ունենք լիքը աջակիցներ ու չեմ կարծում, որ էն գործը, որ դուք եք անում, իրանք չեն կարա անեն»,- ասվում է ձայնագրության մեջ:
Նաեւ, առավելագույն ձայներ ապահովողներին Փարիզ ուղեւորություն եւ պաշտոնի բարձրացում են խոստանում. «Ֆուդ կորտից Իրինա Նազարյան, 44 ձայն: Իրինայի պաշտոնը բարձրացնելու եմ, ես խոստանում եմ: Ընտրությունները լավ տժժցնում ես, Փարիզի ուղեգիրը վերցնում ես, գնում ֆռռում գալիս ես ու իրանց ղեկավարն ես դառնում»:
Աշխատանքից սպառնում են ազատել նաեւ այն մարդկանց, ովքեր այդ ժողովին ներկա չեն. «Ֆիքսեք հիմա՝ ովքեր ստեղ չեն, հենց հիմա էլ էդ մարդկանց գործից կհեռացնենք, թող իմանան, որ ժողովին չմասնակցելը քմահաճություն չի»:
Հարցին`այս ամենն օրենքի շրջանակո՞ւմ է, թե`ոչ, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Դրա համար կա ԿԸՀ, կան համապատասխան իրավապահ մարմիններ: Իրենք պետք է որոշեն`օրենքի խախտո՞ւմ է, թե՞ օրենքի խախտում չէ: Ես իրավաբան չեմ, չեմ կարող ասել: Բայց ոչ միայն այս դեպքում, առհասարակ, եթե օրենքի հետ որեւէ խնդիր չկա`բնական գործընթաց է, եթե կապացուցվի, որ որեւէ գործընթաց օրենքի խախտումով է, բնականաբար, նորմալ չէ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ