Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Իշխանությունները նման բաներով չեն զբաղվում, առավել եւս՝ իրենց թիմի անդամների նկատմամբ». Վահրամ Բաղդասարյան

Ապրիլ 14,2017 12:33

ՀԱԿ-ը ՍԴ է դիմում՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները 3 կետերով՝ ընտրակաշառքի բաժանում, վարչական ռեսուրսի կիրառում եւ ուղղորդում: Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ լրագրողները ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին հարցրեցին՝ հնարավորություն կա՞ չեղարկելու ընտրությունների արդյունքները: Նա պատասխանեց. «Չէի ցանկանա ՍԴ-ի փոխարեն պատասխաններ տալ, բայց ելնելով, թե անցած ընտրություններին քանի կետերով էին ՍԴ դիմում եւ համեմատում եմ այս ընտրությունների հետ, բավականին առաջընթաց կա, եթե երեք կետերով են դիմել»:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հեգնել էր, որ մեր բնակչության 5 տոկոսը, պարզվում է, կույր է, օգնողների միջոցով է քվեարկել տեղամասում եւ նաեւ՝ հոգեբուժարանում հոգեկան հիվանդների 100 տոկոսը քվեարկել է իշխանությունների օգտին: Մեր հարցին՝ ինչպե՞ս եք մեկնաբանում այս տվյալները՝ Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Եթե 5 %-ը կույր է, իրենց հավաքած տոկոսի՞ մասին է խոսքը: Ես նման թվեր չունեմ, թե ով ում է քվեարկել, չեմ ուզում տարբերակել, թե որ հիմնարկ ձեռնարկությունում ով ում է քվեարկել: Նրանք բոլորը մեր քաղաքացիներն են»:

Հարցին՝ դուք էլ եք պայքարել ռեյտինգայինով, դուք կարո՞ղ եք բացառել, որ այն, ինչ մենք տեսանք Արտակ Սարգսյանի դեպքում, ձեր դեպքում տեղի չի ունեցել՝ ընտրողների ահաբեկում, նվաստացում, ամեն գնով ձայն բերելու քայլեր՝ Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Կատեգորիկ բացառում եմ իմ քարոզչության ընթացքում նման բան, եթե կարող եք մեկ օրինակ բերել, ես կարող եմ ներողություն խնդրել»:

Անդրադառնալով պատգամավոր Արտակ Սարգսյանի աղմկահարույց ձայնագրությանը՝ Aravot.am-ը հարցրեց՝ Դուք հիմա նույն թիմի անդամ եք եւ պաշտպանում եք ՀՀԿ-ին, բայց բացառո՞ւմ եք, որ կգա ժամանակ, որ ձեր դեմ էլ այդպիսի մի ձայնագրություն եւ տեսագրություն կհրապարակեն, որտեղ դուք ձայներ եք բերում կամ այլ քրեական հանցագործություններ եք անում, իշխանությունները ձեր դեմ նաեւ որոշակի «կոմպրոմատներ» հավաքած կլինի՝ Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Իշխանությունները նման բաներով չեն զբաղվում, առավել եւս՝ իրենց թիմի անդամների նկատմամբ: Համբերեք մի փոքր, դրա պատասխանը կլինի: Իսկ եթե կլինեն նման բաներ իմ հետ կապված, ես պատրաստ եմ դրա բոլոր պատասխանները տալ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930