Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՍ-ի Արտակի ժողովին ով ընդվզեր՝ ծափ տվողները կծվատեին. Արամ Մանուկյան

Ապրիլ 14,2017 12:03

«Բոլորդ Արաբկիրի ընտրություննե՞րն էիք նայում, կինո էր, կինո»,- այսօր ԱԺ ճեպազրույցի սկզբում լրագրողներին ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Նա հայտարարեց, որ այս ընտրությունները աննախադեպ էին, ամեն ինչ արեցին, որ ոչնչացնեն ազատ մարդուն. «Սպիտակի երկրաշարժի զոհերը էդ օրվա մեղավորների պատճառով չէին, հաճախ ուրիշների մեղքերի համար տուժում են հազարավոր անմեղ մարդիկ: ՀՀ-ում մեզ դա է սպասվում՝ սեփական քաղաքացու ոչնչացումը անհետեւանք չի մնալու»:

Արամ Մանուկյանն ասաց, որ Արտակ Սարգսյանի՝ ՍԱՍ-ի Արտակի ձայնագրությունում էլ ակնհայտ է, որ սպառնալիքներ են եղել այս ընտրություններում: Այդ ձայնագրությունը ՀԱԿ-ը նույնպես կցել է Սահմանադրական դատարանի դիմումին: Ըստ Արամ Մանուկյանի, Արտակ Սարգսյանը քրեական հանցագործություններ է թույլ տվել,. «Օրենքի խախտումների առնվազն 5-6 հոդված կար»:

Հարցին՝ արդյոք իշխանության պատվերո՞վ չէր այդ ձայնագրությունները հրապարակվում՝ Արամ Մանուկյանը պատասխանեց, որ չի կարող ասել, թե ովքեր են այդ նյութերը դրել. «Այն, որ իշխանության ներսում էլ գնում է գզվռտոց եւ ասվում է, որ շատ ձայն հավաքածները կարող է դիմում գրեն, դուրս գան…ոչ միայն ՀՀԿ-ում, այլ խմբակցությունում էլ է նույն պատկերը: Արժանի են, թող իրար ուտեն»:

Արամ Մանուկյանը հին հունական ասացվածք հիշեց՝ ստրուկը ստրուկ է, որովհետեւ ինքը ոչ թե ազատություն է ուզում, այլ իր սեփական ստրուկն է ուզում. «Այս մարդիկ իրենց ստրուկն են ուզում»:

Ըստ նրա, սա Հայաստանի համար ներքին պարտվողական պատերազմ է, մենք պարտվել ենք մեզ: Սեփական երկրում սեփական իշխանությանը պարտվելը շատ ավելի վատ պատմություն է»:

Հարցին, թե ինչու Արտակ Սարգսյանի այդ ստորացուցիչ ժողովի ժամանակ որեւէ մեկը չընդվզեց՝ Արամ Մանուկյանը պատասխանեց, որ ձայնագրությունը հրապարակելն արդեն ընդվզել է, եւ երբ մարդը երեխայի հացի, կոշիկի խնդիր ունի, դժվար է ձայն բարձրացնել, հատկապես, որ ուրիշների ծափերը ահավոր ճնշող էին, այդ ծափերի ներքո ով ընդվզեր՝ կծվատեին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930