Լրահոս
Օրվա լրահոսը

«Գլաձոր բազմամետաղական հանքի շահագործումը Չեռնոբիլի պես մի բան է»

Ապրիլ 14,2017 10:50

Այս կարծիքին են Գլաձորի, Վերնաշենի եւ հարակից գյուղերի բնակիչները

«Դա Չեռնոբիլ է, ինչի՞ եք բացում, մեր գյուղը բոլորից լավ տեղն է, թողեք ապրենք, ինչ եք ուզում: 15 տարի դրսում էինք, աշխարհում մեր գյուղից լավ տեղ չկա, վերադարձել ենք, որ այստեղ աշխատենք, արարենք»,- երեկ այսպիսի մտահոգությամբ Գլաձորի, Վերնաշենի եւ հարակից գյուղերի գյուղապետերը դիմեցին կառավարությանը: Նրանք դեմ են, որ իրենց գյուղերին մերձակա տարածքում շահագործվի Գլաձոր բազմամետաղային հանքավայրը: Չնայած այն բանին, որ ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից հանքավայրի շահագործմանը տրվել է բացասական եզրակացություն, այդուհանդերձ, բնապահպանները, հանքին մոտ գտնվող 3-4 գյուղերի բնակիչները մտավախություն ունեն, որ մի գեղեցիկ օր կտրվի դրական եզրակացություն, եւ կորոշեն հանքը շահագործել:

Այս պահին «Վայկ Մետալ» ՍՊԸ-ն, որը դիմել է այդ հանքը շահագործելու թույլտվության համար, Վարչական դատարանում վիճարկում է նախարարության բացասական եզրակացությունը: Թե ինչ կորոշի դատարանը՝ դժվար է ասել, բայց, եթե վճիռը հօգուտ ընկերության լինի, ապա Երեւանի «Օրհուսի» գրասենյակի համակարգող Սիլվա Այվազյանի խոսքով՝ Վայոց ձորում «կունենաք երկրորդ ցավոտ տեղը Ամուլսարից հետո»:
Երեկ «Օրհուս» կենտրոնում գյուղապետերի, բնապահպանների, բնապահպանության նախարարության ներկայացուցչի մասնակցությամբ քննարկում էր կազմակերպվել: Բնապահպանության նախարարության ներկայացուցիչ Կարինե Մովսիսյանն ասաց, որ «Վայկ Մետալ»-ին մերժել են, քանի որ ընկերությունը մի շարք հարցերի վերաբերյալ թերի տեղեկատվություն է ներկայացրել, ընկերությունը տվյալ տարածքում չի իրականացրել հիդրոերկրաբանական ուսումնասիրություն, որի մեջ ներառվում են ե՛ւ աղբյուրների, ե՛ւ ձեւավորվող ջրերի քանակների, ե՛ւ դրանց հետագա ազդեցության վերաբերյալ տեղեկատվություն, ինչի պատճառով էլ նախարարությունը չի կարողացել ընկերության գործունեության ազդեցությունը գնահատել: Ըստ տիկին Մովսիսյանի՝ իր տված եզրակացությունը բխում է համայնքի շահերից:

Սիլվա Այվազյանն ասաց, որ «Վայկ Մետալ» ընկերության ներկայացուցչին էլ են հրավիրել քննարկման` նրա հասցեով նամակ ուղարկելով, սակայն երեկ ընկերությունից որեւէ ներկայացուցիչ չկար:

Հարցին` եթե «Վայկ Մետալ»-ը նոր նախագիծ ներկայացնի տեխնոլոգիական նոր լուծումներով, հնարավո՞ր է հանքը շահագործվի, տիկին Մովսիսյանն ասաց, որ այդ նախագիծը պետք է այնպիսի հիմնավորումներ ունենա, համաձայն որոնց՝ շրջակա միջավայրի վրա վնասները բացառված կլինեն:

«Տեսականորեն հնարավոր է, որ եթե ընկերությունը կարողանա բնապահպանության բարձրացրած բոլոր հարցերը բավարարել, հիմնավորել, եթե այնպիսի տեխնոլոգիական լուծումներ առաջարկի, որոնք կբավարարեն բոլոր պահանջները»,- ասաց Կարինե Մովսիսյանը: Ըստ նրա՝ 2013 թվականին էլ մեկ այլ կազմակերպություն է ցանկացել այդ նույն հանքավայրը շահագործել` բաց եւ ստորգետնյա շահագործման եղանակով, եւ այդ ժամանակ էլ է տրվել բացասական եզրակացություն` պատճառաբանությամբ, որ հանքավայրը ինքը տեղադրված է շատ ավելի խոր, եւ բաց հանքի շահագործման ժամանակ դատարկ ապարներ, հողի շերտ շատ ավելի շատ պետք է հանվեն, քան ընդերքում պարունակվող պաշարն է:

Քննարկմանը ներկա Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը հաշվարկել է ու պարզել, որ 31 հազար խորանարդ մետրի վրա 106 հազար տոննա պաշար կա, եւ ընդամենն այդ քանակության համար «Վայկ Մետալը» «տկլորացնում է սարը, ամբողջ արոտավայրերը, ջրագոյացման համակարգերը, ամեն ինչ ավերում է»:
Հակոբ Սանասարյանի խոսքով՝ միայն դատարկ ապարները, որոնք իրենց մեջ պարունակում են ծանր մետաղներ, կազմում են 7 միլիոն տոննա. «Երբ որ ընդամենը 106 հազար տոննա հանքաքար պետք է վերամշակվի»:

«Միայն այն փաստը, որ այդ թեք սարը մի կողմից գալիս է Արփա գետի հովիտը, մյուս կողմից գալիս է Եղեգիս գետի հովիտը, սարն էլ շատ ցից է, բավական է, որ այդտեղ հանք չշահագործեն, այնտեղ ամեն ինչը արագ հոսելու է վերեւից` իջնելով այդ մասերը, եւ այդ հովիտը կմեռնի: Այնտեղ շատ վտանգավոր պարունակությամբ նյութեր կան»,- վստահեցրեց բնապահպան Սանասարյանը:

Գյուղապետերից մեկը հիշեցրեց, որ 1960-ականներին այդ հանքավայրի տարածքում ուսումնասիրություն է արվել, եւ մինչ օրս այդ վայրում ո՛չ մոլախոտ է աճում, ո՛չ կենդանի էակ է ապրում. «Որտեղ բացեցին, Չեռնոբիլ է դառնում: Այն մարդիկ, որոնք այնտեղ աշխատել են, թոքային քաղցկեղով մահացան: Դա ձեզ ոչինչ չի՞ ասում»,- ասաց գյուղապետերից մեկը` պատմելով, որ առանց որեւէ համայնքի ղեկավարի համաձայնությունը ստանալու «Վայկ Մետալի» ներկայացուցիչները տրակտորներով գնացել են տեղանքը փորելու: Սակայն գյուղերի բնակիչները հավաքվել ու արգելել են` ճանապարհը փակելու միջոցով:

Վերնաշենի գյուղապետ Միքայել Բաղդասարյանի խոսքով՝ հանքը շահագործել ցանկացող ընկերությունը, բնապահպանության նախարարությունը խոսում են մի տեղանքի մասին, որից ընդհանրապես տեղյակ էլ չեն. «Այդ սարի աջ եւ ձախ կողմերից, գլխից հոսում են ջրեր, անցնում են 4 գյուղերի միջով` Կարմրաշեն, Հեր-հեր, Մալիշկա, ոռոգում են 14 գյուղ, այնտեղից էլ թափվում են Արփա գետ: Մյուս թեւով հոսում են դեպի Լեռնաշեն, Գլաձոր Մալիշկա եւ թափվում են Եղեգիս գետը: Տեղյակ չեն, որ մենք ունենք քաղցրահամ խմելու ջրեր: Այդ ջուրը, բացի խմելուց, ոռոգում է 70 հեկտար 98 տնտեսություն, որը Վերնաշեն գինու հումք է հանդիսանում: Հանքի շահագործման դեպքում 1000 հեկտար ալպիական գոտի է փչանալու` մեկ քառակուսի մետրի վրա 120 տեսակի ծաղիկներով: Մեր տնտեսությունը միայն այդ տարածքից 14 տոննա քարի մեղր է ստացել: Այդ տարածքում բեզուարյան այծի համար ծննդաբերության ժամանակ նպաստավոր պայմաններ են, բայց նախագիծը պատրաստողը պնդում է, որ այնտեղ ջուր էլ չկա»:

Պարոն Բաղդասարյանն ասաց, որ վարչապետին ծրագիր են ներկայացրել՝ այդ տեղանքում այծի մսի, կաթի արտադրությամբ զբաղվելու, ինչը հավանության է արժանացել. «Այս ամենից հետո ի՞նչ հանքարդյունաբերության մասին է խոսքը: Վերջը մեզ հանգիստ կթողնե՞ն, թե՞ ոչ»:

Գյուղապետերը պնդում էին, որ իրենցից որեւէ մեկը չի տվել համաձայնություն այդ տարածքում ուսումնասիրություններ անելու: Սական տիկին Մովսիսյանը վստահեցրեց, որ Գլաձորի նախկին գյուղապետի համաձայնությունը եղել է, հակառակ դեպքում՝ այդ համաձայնության բացակայության պարագայում նախարարությունը չէր կարող զբաղվել այդ հարցով:

Հարցին` եթե համայնքի ներկայացուցիչներն ընդհանրապես համաձայնություն չտան, բայց ընկերությունը որոշի նորագույն տեխնոլոգիաներով ու մեխանիզմներով այդ հանքը շահագործել, նախարարությունը կփոխի՞ իր որոշումը եւ դրական եզրակացություն կտա՞, տիկին Մովսիսյանը պատասխանեց, որ օրենսդրությամբ նախատեսված է համայնքի կարծիքը հաշվի առել:

Տիկին Մովսիսյանի խոսքով՝ փորձաքննական եզրակացության պահանջներից մեկն այն է, որ համաձայն իրենց ներկայացրած նախագծի՝ ընդերքի շահագործումը լինելու է երեք բաց հանքերի դեպքում ընդամենը 0,6 տոկոս: Եվ եզրակացության մեջ տրվել էր, որ դա ընդերքի ոչ ռացիոնալ օգտագործում է. «Հանքը շահագործելու պահանջներից է, որ լինի տնտեսապես շահավետ եւ բնապահպանորեն ընդունելի: Պետք է տվյալ տարածաշրջանի համար հաշված լինեն բոլոր ռիսկերը՝ հիդրոլոգիական, օդը, հողը, բնակչությունը, սոցիալ-տնտեսական: Այդ ամենը օրենքի պահանջն է»:

 

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

14,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930