Լրահոս
Օրվա լրահոսը

Ես Նոր Հայաստան չեմ ուզում

Ապրիլ 14,2017 16:00

Ուզում եմ, որ իմ հին Հայաստանը չխոնարհեք

Երբ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց ՀՀ ԱԺ ապրիլի երկուսի ընտրության նախնական արդյունքները, վարչապետ Կարեն Կարապետյանը սոցցանցերից մեկում գրեց. «Հանրության բոլոր հատվածների համար անվիճելի է, որ այս ընտրություններն անցկացվեցին ավելի բարձր մակարդակով, քան նախորդ տարիներին: Շնորհակալ եմ ընտրությանը մասնակցած ՀՀ բոլոր քաղաքացիներին իրենց ակտիվ եւ պատասխանատու քաղաքացիական դիրքորոշումը դրսեւորելու համար: Այն քվեն, որ ստացել է մեր թիմը, պարտավորեցնում է: Մենք հստակորեն գիտակցում ենք այն պատասխանատվությունը, որը ստանձնում ենք, եւ հաստատակամ ենք ժողովրդի կողմից մեզ տրված փոփոխությունների մանդատը կյանքի կոչելու: Առջեւում մեզ սպասվում է հետեւողական եւ քրտնաջան աշխատանք:

Անկասկած, անելիքները շատ են, սակայն մենք չենք վախենում դժվար ճանապարհից: Կարող են ամպագոռգոռ հնչել խոսքերս, բայց ասում եմ սրտիս խորքից: Խոսք եմ տալիս չխնայել ջանք ու եռանդ, որպեսզի ստեղծենք ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ, որպեսզի մեր երկրի ամեն քաղաքացի իրեն ավելի լավ զգա, քան նախկինում»: Ընտրությունից առաջ Նոր Հայաստան ստեղծելը կարգախոս-նպատակ էր հռչակել ՀՅԴ կուսակցությունը՝ «Նոր սկիզբ, արդար Հայաստան»: Վարչապետի գրառման եւ ՀՅԴ կարգախոսի համադրությունը լավ մտածված եւ վատ քողարկված սցենար է դառնում: Երկուսն էլ Նոր Հայաստան են ուզում եւ կարող են միասին գնալ դեպի այդ վեհ նպատակը: Երկուսն էլ նույն նպատակն ունեն, եւ հանրության 7 տոկոսի համակրանքը վայելող ՀՅԴ-ն կարող է դառնալ իրենից 7 անգամ հզոր, հանրության 49 տոկոսի նախընտրած ՀՀԿ-ի գործընկերը: Վերջին 18 տարում ՀՅԴ-ն մշտապես եղել է ՀՀԿ գործընկերը տարբեր կարգավիճակներով՝ ունեցել է նախարարներ, չի ունեցել նախարարներ, բայց զբաղեցրել է պետական նշանակովի այլ պաշտոններ: Հիմա էլ է նույնը լինելու, ուղղակի Նոր Հայաստան անունով նախապատրաստական ֆոն է ստեղծվում: Իսկ ես Նոր Հայաստան չեմ ուզում:

Այս սեպտեմբերին Հայաստանի Հանրապետությունը դառնում է 26 տարեկան: Այս 26 տարում 3 նոր նախագահ ենք ունեցել, 13 նոր վարչապետ ենք ունեցել (Կարեն Կարապետյանը 14-րդն է), տասնյակներով նոր նախարարներ ու պատգամավորներ ենք ունեցել: Պետական կառավարման համակարգի ավելի ցածր մակարդակներում նորերի քանակը ավելի մեծ է: Պետական կառավարման համակարգը նորացրել ենք մշտապես՝ նոր նախարարություններ, նոր իրավապահներ՝ Հատուկ քննչական ծառայություն, քննչական կոմիտե, ավելի քան 100 նոր եկեղեցի ենք կառուցել: Երեք նոր Սահմանադրություն, հազարավոր նոր կամ լրացված-փոփոխված-նորացված օրենքներ ենք ունեցել. օրինակ՝ «Քրեական օրենսգիրքը» 100 անգամ լրացվել-փոփոխվել է, իսկ «Պետական տուրքի մասին» օրենքը՝ 200 անգամ: Տեղեկատվական տեխնոլոգիաների աճին զուգահեռ օրումեջ նոր լրատվամիջոց է բացվում: Եվ ի՞նչ: Ոչինչ: Նույն հին մեծամասշտաբ արտագաղթը, երկիրը արյունաքամ անող հին թալանը, հին կոռուպցիան, հին ու նոր պաշտոնյաների եւ նրանց ընտանիքի հին ու նոր անդամների հակահասարակական, լկտի հին պահվածքը, հին օրինախախտումները:

Հայաստանում տասնյակ եկեղեցիներ կան, բայց հավատի լուրջ պակաս կա, Հայաստանում հարյուրավոր լրատվամիջոցներ կան, բայց հավաստի ու անաչառ խոսքի լուրջ պակաս կա, Հայաստանում հազարավոր օրինապահներ կան, բայց արդարության, ապահովության լուրջ պակաս կա: Ահա թե ինչու Նոր Հայաստան չեմ ուզում: Վերջին 26 տարում մի քանի անգամ Նոր Հայաստան կառուցվել է՝ տեսել եմ, գիտեմ: Արդյունքում նոր օլիգարխներ են ծնվել, նոր պաշտոնյաներ են Հայաստանի քաղաքացիներին թալանել ու հիմա Հայաստանում կամ օտար ափերում այդ փողերով «քեֆ են քաշում»:
Չեմ հիշում՝ որտեղ եմ կարդացել. Հին, շատ հին Հայաստանում, եթե մի տարածքում խոնարհված եկեղեցի կար, նորը չէին կառուցում: Ցանկացողը պիտի վերականգներ հինը՝ խոնարհվածը: Հայաստանի 26-ամյա Հանրապետությունը խոնարհված է ամենաքիչը 21 տարի՝ 1996-ից, երբ անկախ քվեարկության արդյունքից, զենքով ու կրակոցով ընտրության ելք պարտադրվեց-ամրագրվեց: Հայաստանը 21 տարի անընդմեջ խոնարհող ուժը, որ, ցավոք, չի փորձում հինը վերականգնել, չի կարող Նոր Հայաստան կառուցել: Նոր Հայաստան չեմ ուզում: Ուզում եմ, որ իմ Հին Հայաստանը չխոնարհեն:

 

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

13,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Լևոն Մելքումյան says:

    Թույլ տվեք համբուրել Ձեր ճակատը:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930