Լրահոս
Օրվա լրահոսը

Պարտվել են «լյումպենացված» ընդդիմադիրները, ոչ թե ժողովուրդը

Ապրիլ 14,2017 12:00

Ժողովուրդը միշտ է ընտրել ընդդիմությանը
ու կանգնել փողոցներում ընդդիմադիր առաջնորդների համար

Խորհրդարան չանցած ուժերը գրեթե 2 շաբաթ է, ինչ ապատիայից դուրս չեն գալիս: Նրանց հիմնական մեղադրանքները հետեւյալն են` ապրիլի 2-ին ԱԺ ընտրություններում «ընտրախախտումները համատարած էին», «սա ընտրություն չէր, այլ ձայների առեւտուր», «իշխանությունների կողմից կազմակերպված համակարգային կեղծարարություն էր» եւ այլն…

Այդ ո՞ր ընտրությունից հետո չեն եղել նման մեղադրանքներ: Միշտ են եղել: Բայց տարբերությունը մեկն է` այս անգամ դժգոհող, բողոքի ձայն բարձրացնող հասարակություն չկա:

Այս հարցի պատասխանը գոնե փորձո՞ւմ են գտնել ընդդիմադիրները:
Եթե փորձում էլ են` բարձրաձայն ասել չեն համարձակվում: Որովհետեւ չեն կարող արձանագրել, որ ստացել են այնքան ձայն, ինչին արժանի են: Եթե ընդդիմադիրները վստահ են, որ «կեղծվել են» իրենց ձայները, թող Ազատության հրապարակում հանրահավաքներ հրավիրեն: Մի քանի տասնյակ կամ մի քանի հարյուր մարդկանցո՞վ… Բայց չի ստացվի:

Պարզ է, չէ՞, որ այսօր ունենք շատ ավելի խորքային հարց: Ինչո՞ւ ընդդիմադիրները չեն վայելում հասարակության վստահությունը: Ի՞նչ է, ընտրակաշառքի՞, 10 000 դրամի՞ պատճառով: Այդ ե՞րբ ընտրակաշառք բաժանողներ ու վերցնողներ չեն եղել:
Այդ ե՞րբ հասարակությունը չի ընտրել ու կանգնել ընդդիմության համար, փողոցներ դուրս եկել շաբաթներով, ամիսներով եւ անգամ մի քանի տարիներով…

1998-ին ու 2003-ին հասարակությունը ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի չքվեարկե՞ց Կարեն Դեմիրճյանի ու Ստեփան Դեմիրճյանի օգտին: Թե՞ այն ժամանակ ընտրակաշառք բաժանողներ չկային: Կամ 2008-ին ու 2013-ին Սերժ Սարգսյանի հիմնական ընդդիմադիրների` Լեւոն Տեր-Պետրոսյանի ու Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին հասարակությունը չքվեարկե՞ց, փողոց դուրս չեկա՞վ…

Ուրեմն սխալները բոլորը թող իրենց պահվածքում, կայացրած «դարակազմիկ», «անքննելի» ու «ճշգրիտ» որոշումներում փնտրեն:

Ապրիլի 2-ի ընտրություններից այսօր առավել ջղաձիգ են ՕՐՕ-ականները: Սեյրան Օհանյանին, հավանաբար, թվացել էր, թե պաշտոնը թողնելուց հետո Երեւանի փողոցներում երթի ժամանակ «Սասնա ծռեր» բացականչելով՝ կարելի է ՊՊԾ գնդի «տրամադրություններ» բորբոքելով հասարակությունից ձայներ ստանալ:

Էլ չենք խոսում Վարդան Օսկանյանի բոցաշունչ ելույթների մասին, որն անձամբ Ռոբերտ Քոչարյանի հետ պատասխանատու է բազմաթիվ կեղծված ընտրությունների համար, բայց այսօր խոսում է «ոչ լեգիտիմ իշխանությունների» ու այլ համակարգային սխալների մասին` առանց աչք թարթելու, բողոքում է այնպիսի երեւույթներից, որոնց առկայության համար 10 տարի ձայն չի հանել, լուռ վայելել է ԱԳ նախարարի պաշտոնը:

ՕՐՕ-ականներն էլ անգիր արած մի բան են կրկնում` ոնց կարո՞ղ է 1 միլիոն 577 հազար մարդ գնար քվեարկության ապրիլի 2-ին… Իսկ 2012 թվականի մայիսի 6-ի ԱԺ ընտրություններին որքա՞ն մարդ էր մասնակցել` 1 միլիոն 573 հազար: Հետաքրքիր է, Վարդան Օսկանյանին, օրինակ, ինչո՞ւ կասկածելի չթվաց մասնակցության այդ ցուցանիշը 2012-ին: Միայն այն պատճառով, որ ինքը մանդա՞տ էր ստացել… Թե՞, եթե կասկածեր` հարց առաջ կգար մանդատից հրաժարվելու: Բայց ինչպես կարելի էր այն ժամանակ նման մասնակցության ցուցանիշն արժանահավատ չհամարել: Այ, հիմա կարելի է, որովհետեւ մանդատ չեն ստացել, կարելի է նոր խորհրդարանում «Ելք»-ի 9 մանդատ ստացածներին աշխարհի բոլոր մեղքերի մեջ մեղադրել, միայն թե չխոսվի այն մասին, որ իրենք հասարակությունից ստացել են այնքան ձայն, որքանի արժանի էին:

Ու ոմանք շատ լավ էլ պատկերացնում են, որ հետընտրական պայքարի համար միայն քաղաքական ուժի ցանկությունը բավարար չէ, «ժողովրդի պահանջ պետք է լինի», որը չկա: Իսկ «քաղաքական ուժերը» տարբեր ցանկություններ ունեին` ՊՊԾ գունդ գրավելը իշխանության դեմ օրինական պայքարի մեթոդ ներկայացնել, հասարակության վստահությունն ակնկալել, այն է` զենքով իշխանության դեմ պայքարի մշակույթով ԱԺ ընտրություններում մի քանի մանդատ ստանալ:

Այնպես որ, ասել` «ժողովուրդը պարտվեց», ոչ միայն կոպտագույն սխալ է, այլեւ իրականությունից փախչելու շատ տգեղ մեթոդ: Ոչ թե ժողովուրդն է պարտվել, այլ որոշ ընդդիմադիրներ են պարտվել: Պարզապես ոմանց շատ ավելի հեշտ է ժողովրդին «լյումպենացված» անվանել, միայն թե` սեփական սխալները չխոստովանել:
Իրականում պարտվել է «լյումպենացված» ընդդիմությունը, ու դա լավ է:

Իսկ «լյումպենացված» են այն ընդդիմադիրները, որոնք մինչեւ ընտրություններն արդեն իսկ սպառնում էին, որ` եթե կեղծվեն ընտրությունները, փողոց դուրս կգան, հետընտրական զարգացումներ կլինեն, բայց հետո հենց իրենք ստիպված եղան արձանագրել, որ ժողովրդի պահանջ չկա: Հետեւաբար, եթե գիտակցում են, որ հասարակության վստահությունը չեն վայելում, ուրեմն ապրիլի 2-ին ժողովրդից ձայնի ակնկալիքով ընդամենը մի քանի մանդատ փախցնելու գերխնդիր են ունեցել կամ իշխանությունների հետ ինչ-ինչ պայմանավորվածությունների գալու երազանքներ: Բայց երկու դեպքում էլ ստացել են արժանի պատասխան:

Սկիզբը` այստեղ

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 13.04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930