Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ կուսակցությունն իմ արվեստն է»

Ապրիլ 14,2017 15:00

Ասում է Սփյուռքն ու Հայաստանը
կամրջող Ժիրայր Փափազյանը

Եզակի արվեստագետներ կան, որոնք կարող են եւ օպերա բեմադրել, եւ թատրոնում խաղալ, կինոյում նկարահանվել, սցենարներ ու թատերագիտական հոդվածներ գրել, զբաղվել թարգմանչությամբ ու դասախոսել: Այդ բացառիկներից է հայաստանցի հանդիսատեսին քաջածանոթ Ժիրայր Փափազյանը: Դժվար է արվեստագետի բազմաժանր ստեղծագործական կյանքն ամփոփել մեկ հոդվածում: Նա մի արվեստագետ է, որն իր գործունեությամբ տասնամյակներ շարունակ կամրջում է Սփյուռքն ու Հայաստանը: Գործունեությունն էլ այսպես է բանաձեւում. «Դրսում հայկականը օտարին եմ ծանոթացնում եւ հակառակը»: Փափազյանը գործունեություն է ծավալել Եգիպտոսում, Մեծ Բրիտանիայում, այնուհետեւ Ամերիկայում, իսկ ավելի քան 25 տարի Ֆրանսիայում է: Այս օրերին նա կրկին հայրենիքում է եւ օրերս Համազգայինի բեմում իր ռեժիսուրայով ներկայացրեց Սաշա Գիթրիի «Արի երազենք…» կատակերգությունը: Բեմադրությանը հավանաբար կարձագանքեն մասնագետները: Իսկ «Առավոտը» հանդիպեց Ժիրայր Փափազյանի հետ՝ տեղեկացված լինելով, որ նա 1990-ականների վերջերից գլխավորելով Փարիզի «Տիգրան Չուխաջյան» կենտրոնը, մեծ աշխատանք է տարել հայկական օպերաներն ու օպերետները, թատերական պիեսները օտար ռեժիսորներին ու թատրոններին ներկայացնելու հարցում: Եվ արդեն տարիներ շարունակ արվեստագետի ցանկությունն է հայաստանցի հանդիսատեսին ներկայացնել Տիգրան Չուխաջյանի «Արշակ Երկրորդ» օպերան բնագրով, ինչի առիթով էլ հանդիպել է Ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանին:

Չուխաջյանի «Արշակ Երկրորդ» օպերայի բնագրի կազմը:

«Երեւանի թատրոնում «Արշակ Երկրորդը» առաջին անգամ բեմադրել է Արմեն Գուլակյանը՝ իր լիբրետոյով: Հետագայում այդ օպերան ունեցել է մի քանի ներկայացումներ եւս: Բեմադրել են Վավիկ Վարդանյանը, Նորայր Սարգսյանը, Տիգրան Լեւոնյանը եւ 2007թ.՝ Գեղամ Գրիգորյանը»,- հայտնեց պարոն Փափազյանը: Հիշեցնելով, որ հաջորդ տարի այս օպերայի 150-ամյակն է, մեր զրուցակիցը հավաստիացրեց, որ օպերայի բնագիրը, որի լիբրետոն Թովմաս Թերզյանինն է, առաջին անգամ լույս է տեսել 2800 էջանոց պատկառելի հրատարակությամբ՝ «Տիգրան Չուխաջյան» կենտրոնի ջանքերով, իսկ 2001-ին այն բեմադրվել է Սան Ֆրանցիսկոյի օպերայում:

«Կբաղձամ, որ հայաստանցին «Արշակ Երկրորդը» ունկնդրի բնագրով՝ իտալերեն: Ուրախություն ապրեցի, երբ մաեստրո Օրբելյանը խանդավառվեց առաջարկովս եւ տա Աստված, որ այն 2018-ին իրականություն դառնա»,- հուսով է պարոն Փափազյանը:
Հիշեցնենք, որ Ժիրայր Փափազյանը դեռեւս 1981թ. Միչիգանի օպերայում անգլերենով բեմադրել է Տիգրանյանի «Անուշը», 20 տարի անց՝ 2001-ին, արդեն հայերենով, նույն թատրոնում կրկին իրականացրել հիշյալ օպերայի բեմադրությունը, որտեղ գլխավոր հերոսուհու դերերգով հանդես է եկել օպերային աստղ Հասմիկ Պապյանը, այնուհետեւ պոլսահայ ճանաչված երգչուհի, մեր ունկնդրին ծանոթ Արին Գութանը, Սարոյի դերերգը կատարել է ամերիկաբնակ Եղիշե Մանուչարյանը: Մյուս կերպարները մարմնավորել են օտարազգի արտիստներ, որոնք նույնպես հանդես են եկել հայերենով:
Զրույցի ընթացքում խոսեցինք նաեւ քաղաքականությունից. հետաքրքրվեցինք, թե ռամկավար ու դաշնակցական ծնողների որդին ո՞ր կուսակցությունից է: Արվեստագետը չթաքցնելով, որ իր ընտանիքում բուռն քաղաքական վիճաբանություններ էին լինում, այդուհանդերձ, շեշտեց, որ դրանք ծայրահեղությունների չէին հասնում: «Ես ոչ մի կուսակցության չեմ պատկանում: Իմ կուսակցությունն իմ արվեստն է»,- պատասխանեց Ժիրայր Փափազյանը:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

13,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930