Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ուզում եմ ապրել մի երկրում, որտեղ կարդում են»

Ապրիլ 14,2017 14:30

Հաճախ գրադարանում չենք գտնում նոր հրատարակված գրքեր, իսկ գրախանութներում գնի պատճառով չենք կարողանում ձեռք բերել: Արդեն 100 օր է, ինչ գրքասերներին տրված է հնարավորություն 500-1000 դրամով վարձույթով ձեռք բերել գրքեր: Սա հնարավոր դարձավ Ֆեյսբուք սոցիալական ցանցում «Գրքեր վարձույթով» խմբի շնորհիվ: Գաղափարի հեղինակը Վահե Բաղինյանն է (լուսանկարում), ում հետ էլ զրուցեցինք:

– Ե՞րբ է միտքը ծնվել ու ինչքա՞ն ժամանակ պետք եղավ այն կյանքի կոչելու: Ի՞նչ դժվարությունների հանդիպեց նախաձեռնությունը:

-Գաղափարը ծնվեց 2016թ. նոյեմբեր ամսին, 2 ամսում մտահղացումը մշակեցի, ինձ հարազատ մարդկանց հետ քննարկեցի: Փորձում էի հասկանալ՝ արդյոք կընդունվի՞ մարդկանց կողմից: Դժվարությունը կայացավ ինքս ինձ համոզելու ու սկսելու մեջ: Քանի որ նման բան չկար, չունեի ոչ մի նախադեպ, չկար ոչ մի վիճակագրություն, որոշեցի դիմել ռիսկի, ինքս համոզված լինելով, որ ես էլ ուրախ կլինեի որպես ընթերցող՝ օգտվելու նման հնարավորությունից: Չնայած որոշ մարդիկ նենգաբար պիտակներ են կպցնում, բայց սա բիզնես ծրագիր չէ. պետք չէ լինել տնտեսագիտության հանճար՝ հասկանալու, որ սա բիզնես չէ: Ես ինքս ուզում եմ ապրել մի երկրում, որտեղ բոլորը կարդում են:

– Հայաստանում նման փորձ դեռ չէր եղել. ամեն դեպքում, այն լայն արձագանք գտավ գրքասերների մոտ: Սպասվա՞ծ արդյունք էր:

– Այս պահին կարող եմ ասել, որ արձագանքները հիմնականում դրական են, արդեն այս կարճ ժամանակահատվածում ունենք մշտական օգտվողներ, հարյուրավոր ընթերցողներ արդեն պատվիրել են ու կարդացել մեր գրքերը: Գրքեր կան, որոնց քանակը ստիպված հասցրել եմ 10-ի, որպեսզի կարողանամ պատվերները սպասարկել: Հիմնականում արտասահմանյան գրականություն են նախընտրում: Ամենապահանջված գրքերն այս պահին Զավեն Բոյաջյանի կողմից վերջերս թարգմանված Վլադիմիր Նաբոկովի «Լոլիտան» է, Միլան Կունդերայի «Կեցության անտանելի թեթեւությունը», Խավիեր Մարիասի «Այնքան սպիտակ սիրտը», եւ պատկերացրեք՝ նշվածներին չի զիջում նաեւ Ադոլֆ Հիտլերի «Իմ պայքարը» գիրքը: Վերջերս մի ակցիա սկսեցինք՝ ես ձեռք բերեցի հայ ժամանակակից գրողների գրեթե բոլոր գրքերը եւ նպատակ ունենալով ընթերցողին ճանաչելի դարձնել՝ սկսեցի անվճար տրամադրել ընթերցողներին:

– Դա նպաստե՞ց, որ ընթերցողները պատվիրեն հայ գրողների գրքերը:

– Այո, եթե մարդիկ մի տեսակ քմծիծաղով էին լսում հայ հեղինակների անունները, այժմ հարգանքով են վերաբերվում նույն Գուրգեն Խանջյանին, Պաչյանին, Գրիգին, Հարենցին, Հրաչյա Սարիբեկյանին:

– Մի փաստ. ամենաշատ վաճառված գրքերի ցուցակը գլխավորում էր Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկները», բայց ձեր նշած ամենաշատ պատվիրված գրքերում չկա: Ի՞նչն է պատճառը:

-Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ ամենաշատ վաճառված լինելը դեռ չի նշանակում, որ տվյալ գիրքը լավն է կամ կարդում են: Մեր ընթերցողները հիմնականում համաշխարհային գրականությանը ծանոթ ընթերցողներ են, կարողանում են հասկանալ՝ որն է իրական գրականությունը: Ձեր նշած գիրքը գնում են հիմնականում նվիրելու համար, իսկ ինձ մոտից վարձում են այն գրքերը, որոնք ուզում են կարդալ:

– Հարցազրույցներից մեկում նշել եք, որ աղջիկներն ավելի շատ են պատվիրում: Ինչո՞վ է սա պայմանավորված:

– Չգիտեմ՝ անկեղծ ասած, այդ հարցի պատասխանը չեմ կարող տալ: Այս 3 ամսվա ընթացքում ընդամենը 4-5 տղա են պատվիրել գրքեր, բայց հարյուրավոր աղջիկներ, կանայք: Կինը տանը փոքր երեխային է խնամում, ամուսինը գալիս է գիրքը վերցնելու, եղբայրը քրոջ համար, ընկերը՝ իր ընկերուհու: Երեւի մի նոր ակցիա առաջարկենք՝ ամուսինների ու եղբայրների համար անվճար գրքեր. իհարկե՝ սա որպես կատակ:

– Խմբում գրել էիք, որ դեռ չկան մասնագիտական գրքեր: Ե՞րբ սպասենք դրանց:

– Մի խնդիր կա, որը խանգարում է մտնել այդ ոլորտ: Կոնկրետ օրինակ բերենք՝ բժշկականի ուսանողների համար գրքերը բավականին թանկ են՝ 30000-50000 դրամ: Ես գնեցի գիրքը, վճարեցի 50000 դրամ, ու քանի որ ես սկզբունքային վարձույթի գումարը գրքի շուկայական գնի 10%-ից ավելի չեմ սահմանում, գրքի վարձույթը կլինի 5000 դրամ: Գալիս են բժշկականի ուսանողները, 5 հոգով հավաքում են 5000 դրամ, վարձում, տանում պատճենահանում ու բաժանում բոլոր կուրսեցիներին, հետո ամբողջ ֆակուլտետին: Արդյունքում՝ ի՞նչ է լինում. ուսանողները երջանիկ են, բավարարված, իսկ ե՞ս… Դա կարող է լինել բոլոր բնագավառների մասնագիտական գրքերի դեպքում…

– Եվ մի հարց վերջաբանի փոխարեն` ի՞նչ գիրք խորհուրդ կտաք անպայման ընթերցել:

– Մարկեսի «Հարյուր տարվա մենություն» ու ընդհանրապես՝ նրա բոլոր գործերը:

 

ՋՈՒԼԻԵՏԱ ՄԿՐՏՉՅԱՆ

«Առավոտ»

13,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930