Լրահոս
Օրվա լրահոսը

Նրա կյանքի գլխավոր գործը երաժշտությունն է…

Ապրիլ 14,2017 13:30

Մաեստրո Ռուբեն Շարբաթյանի հիշատակին

Շուրջ չորս տասնամյակ Էջմիածնի մշակութային կյանքում իր ուրույն տեղն ուներ ճանաչված խմբավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Ռուբեն Շարբաթյանը:
Ավարտելով Էջմիածնի Մ. Եկմալյանի անվան երաժշտական դպրոցը եւ Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանի խմբավարական բաժինը՝ Կոմիտասի անվան կոնսերվատորիայում ուսանել է ԽԱՀՄ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Հովհաննես Չեքիջյանի դասարանում:

Երգչախմբային այս հզոր դպրոցն անցած արվեստագետը կայացրեց իր կյանքի ամենակարեւոր որոշումը. 1974 թվականին հիմնեց «Նավասարդ» երիտասարդական երգչախումբը: Դա նման էր հարազատ զավակի ծննդի, որի հաջողությունների բերկրանքը երբեք չէր նվազում տարիների հետ, այլ՝ ճիշտ հակառակը:

Ռուբեն Շարբաթյանի ղեկավարած «Նավասարդ» երգչախումբը համերգներով հանդես է եկել հանրապետությունում եւ արտասահմանում:

Էդուարդաս Մեժելայտիսը ունկնդրելով Ռ. Շարբաթյանի երգչախմբի ելույթը՝ գրել է. «Խոնարհվում եմ հայ ժողովրդի հանճարի առջեւ: …Շնորհակալություն երիտասարդ կոլեկտիվին եւ նրա երիտասարդ խմբավարին»:

Հարցազրույցներից մեկում՝ «Որտեղի՞ց է գալիս երաժշտության նկատմամբ պաշտամունքի հասնող Ձեր սերը» հարցին մաեստրոն պատասխանել է. «Իմ ընտանիքից: Հայրս հիմնադրել եւ երկար տարիներ ղեկավարել է Էջմիածին քաղաքի ուսուցչական քառաձայն երգչախումբը: Նա հրաշալի երգում եւ նվագում էր: Երբ ես փոքր էի, եւ ողջ էր պապս, մեր տանը հաճախ հավաքվում էին մուսալեռցիներ: Նրանք սիրում էին երգել իրենց երկրի երգերը: Մեկը լռում էր, շարունակում էր մյուսը, մեկի կատակ-երգին պատասխանում էր երկրորդը, կրկներգին միանում էին բոլորը: Խրոխտ էին այդ երգերը, դրանցից ուժ էր հորդում:

Մայրս ալաշկերտցի գաղթական ընտանիքի դուստր էր, դարձյալ երգի մեծ սիրահար: Ալաշկերտը, Մուշը, Վանը հայտնի են իրենց անկրկնելի ժողովրդական երգերով, որոնք երգում էր մորական պապս: Մայրս նույնպես երկար տարիներ երգել է ուսուցչական երգչախմբում: Այդուամենայնիվ, երաժշտության հանդեպ ժառանգաբար անցած սերն այդպես էլ անպտուղ կմնար, եթե չունենայի Հովհաննես Չեքիջյանի նման ուսուցիչ»:
Տաղանդավոր, զգայուն եւ հայրենասեր երիտասարդի վրա խոր ազդեցություն են թողել ոչ միայն ծնողներն ու ուսուցիչները, այլեւ հոգեւոր քաղաքի միջավայրը: Ռուբեն Շարբաթյանը 1990 թվականից դասախոսում էր Գեւորգյան հոգեւոր ճեմարանում: 1995-ից Մայր Տաճարի երգչախմբի գլխավոր դիրիժորն էր: Այս ամենը պահանջում էին ժամանակի, նյարդերի գերլարում, մեծ պատասխանատվություն:

Հայրենասիրության մասին չէր սիրում ոչ ճառեր ասել եւ ոչ էլ լսել: Իր կոչմանը հավատարիմ եւ անմնացորդ նվիրվելն ամենապերճախոս հայրենասիրությունն էր:
2007-ի հուլիսի 22-ին, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Սրբատառ Կոնդակով, Ռ. Շարբաթյանն արժանացել է «Օրհնության գրի», իսկ մեկ տարի անց, ՀՀ նախագահի հրամանագրով, նրան շնորհվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչում:
Մաեստրո Հովհաննես Չեքիջյանն այսպես է բնութագրել իր ուսանողին. «Ռուբեն Շարբաթյանը Կոմիտասի անվան կոնսերվատորիան ավարտել է գերազանցության դիպլոմով, եղել է իմ դասարանի ամենափայլուն ուսանողը: Ես շատ բարձր եմ գնահատում նրա տաղանդը, աշխատասիրությունը եւ կազմակերպչական արժանիքները»:
Արեւմտահայի տառապանքով ապրած, Մայր Հայրենիքում ապաստան գտած, օջախ հիմնած, հարազատ ժողովրդի պատմությանը եւ ավանդույթներին քաջատեղյակ ծնողների եւ ուսուցիչների հետ շփվելով եւ սովորելով նրանցից՝ Ռուբեն Շարբաթյանը կարողացավ ասել իր սեփական խոսքը՝ երաժշտության անմահ ու հավերժական գլուխգործոցներին իր մատների նուրբ հպումով հաղորդելով անհատական ներըմբռնումի, իր զգայուն հոգու ու իմաստուն մտքի մշտավառ կանթեղի լույսն ու ջերմությունը: Ինչ աշխատանք էլ կատարել է Ռ. Շարբաթյանը, միեւնույն է, նրա կյանքի գլխավոր գործը երաժշտությունն է, որովհետեւ նա լավ գիտի, որ այդտեղ կատարելության հասնելու ճանապարհն անվերջանալի էր, ցանկացած նվաճած բարձրություն ընդամենը սկիզբ էր նոր վերելքի: Եվ այդ ինքնամոռաց խիզախությունը, այդ տառապանքը սքանչելի, վեհ ու առինքնող զգացում էր, դա անանձնական երջանկություն էր, գոյության ամենաբնական վիճակն արվեստագետի համար:

Ազգային երաժշտության ակունքների մեջ ներթափանցելու, ազգայինն ու հոգեւորն այդպես անսխալ զգալու ունակություն ու շնորհ քչերին է տրված: Այդ քչերից մեկն էլ Ռուբեն Շարբաթյանն էր, Էջմիածին քաղաքի մշակութային կյանքի ամենավառ անհատականությունը:

 

ՖԵԼԻՔՍ ԲԱԽՉԻՆՅԱՆ

«Առավոտ»

13,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930