Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԻՄԱՍՏՈՎ

Ապրիլ 14,2017 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ 

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք տասնութերորդ

Գլուխ ութսուներորդ

ԼԱՎ ԻՄԱՍՏՈՎ

Եվ հայրս Ֆելոյին ասաց՝ «Ֆրունզին ասել եմ, որ Հրաչյա Ներսիսյանը խոստացել ա օգնի», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու կարմրելով ասաց՝ «փաստորեն, իմ բացակայությամբ ինձանից ահագին բամբասել եք», եւ Ֆրունզիկը ժպտալով ասաց՝ «լավ իմաստով ենք բամբասել» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «եթե վարպետը խոստացել ա, հաստատ կօգնի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «իրա ասածը հաստատ կանեն», եւ Ֆելոն ասաց՝ «ես պիտի շատ լավ պարապեմ, որ վարպետին ամոթով չթողնեմ», եւ հայրս Ֆելոյին ասաց՝ «Ֆրունզին էլ չպիտի ամոթով թողես» եւ ժպտալով ավելացրեց՝ «Ֆրունզն էլ ա խոստացել, որ ընդունելությանդ հարցում կօգնի», եւ Ֆրունզիկն ասաց՝ «իմ հնարավորության չափով», եւ Ֆելոն հիացմունքով նայեց Ֆրունզիկին ու ժպտալով ասաց՝ «ձեր հնարավորության չափերն  անսահման են, ընկեր Մկրտչյան» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «Ռաֆոն հենց իմացավ, որ քյաբաբները ձեր համար ա, ինձ աչքով արեց ու հետեւի դռնից անհերթ էս քյաբաբները վայրկենական տվեց» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «թե չէ՝ մինչեւ հիմի երեւի հերթս հասած չըլներ», եւ Ֆրունզիկն ասաց՝ «Ռաֆոն սիրուն աչքերիս համար չի էդ արել» եւ մի քիչ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «ոչ էլ սիրուն քթիս համար ա էդ արել», եւ Ֆելոն Ֆրունզիկին ասաց՝ «ժողովուրդը ոչ թե ձեր արտաքինի համար ա ձեզ սիրում, այլ՝ ձեր տաղանդի», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Ռաֆոն ժողովուրդ չի», եւ Ֆելոն զարմացած  հարցրեց՝ «բա ի՞նչ ա», եւ Ֆրունզիկը պատասխանեց ու ասաց՝ «բուֆետչիկ ա» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ժողովուրդը «Վոլգա» չի քշում», եւ Ֆելոն ժպտալով Ֆրունզիկին ասաց՝ «բայց դուք էլ եք «Վոլգա» քշում, ընկեր Մկրտչյան», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «որովհետեւ ես էլ ժողովուրդ չեմ», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «բայց իրա գործը շատ ծանր գործ ա, ընկեր Մկրտչյան. առավոտից իրիկուն ոտի վրա վազվզում ա», եւ հայրս քմծիծաղով ասաց՝ «որ Ֆրունզն էդ Ռաֆոյին քննիչների ճանկից չփրկեր, հիմի առավոտից իրիկուն ոչ թե կվազվզեր, այլ կնստեր» եւ  մի քիչ մտածեց ու Ֆրունզիկին հարցրեց՝ «էրկու անգամ ես չէ՞ էդ Ռաֆոյին բերդից փրկել», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էս երկրորդ անգամվանը շատ լուրջ էր», եւ հայրս մի քիչ մտածեց ու Ֆելոյին հարցրեց՝ «էդ Ռաֆոն քյաբաբների փողը վերցրե՞ց», եւ Ֆելոն զարմացած նայեց հորս ու հարցրեց՝ «ինչի՞ չպիտի վերցներ», եւ հայրս մի քիչ մտածեց ու ասաց՝ «Ֆրունզի անունը որ տվել ես, չպիտի վերցներ», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու հորս ասաց՝ «բայց մենք էլ ենք ընկեր Մկրտչյանի ավտոյի համարները փողով գրում», եւ Ֆրունզիկը փռթկացնելով Ֆելոյին ասաց՝ «բայց ձեզ ոչ մի անգամ բերդից չեմ փրկել», եւ հայրս թարս նայեց Ֆելոյին ու խիստ տոնով ասաց՝ «աչքովդ ես տեսել, որ Ֆրունզն էդ ավտոյի համարների փողը զոռով ա տալիս», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ինքը զոռով ա տալիս, բայց մենք չպիտի վերցնենք», եւ Ֆրունզիկը ժպտալով հորս ասաց՝ «Ռաֆոյին էլ եմ զոռով տալիս» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «մի անգամ Աբոյից փողը չէր վերցրել, շան լափը թափեցի գլխին», եւ հայրս Ֆրունզիկին հարցրեց՝ «ո՞ր Աբոյից», եւ Ֆրունզիկը պատասխանեց ու ասաց՝ «ախպորիցս», եւ հայրս ժպտալով Ֆրունզիկին ասաց՝ «լավ ա՝ մեր գլխին շան լափ չես թափում», եւ Ֆելոն փռթկացնելով ասաց՝ «որովհետեւ մենք փողը վերցնում ենք», եւ Ֆրունզիկը հորս ասաց՝ «որովհետեւ ձեզ ոչ մի անգամ էդքան մեծ լավություն չեմ արել», եւ Ֆելոն Ֆրունզիկին ասաց՝ «որ հետներս էսպես ժամերով խոսում եք, էդ արդեն շատ մեծ լավություն ա», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ընդհակառակը. էս խոսակցություններն իմ համար են օգտակար» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «օրինակ, էսօր Ստանիսլավսկու մասին ահագին բան իմացա», եւ Ֆելոն զարմացած նայեց Ֆրունզիկին ու հարցրեց՝ «Ստանիսլավսկու  մասին ի՞նչ իմացաք», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «իմացա, որ Ստանիսլավսկու գիրքն ահագին մաշացրել ես», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու մեղավոր ժպտալով ասաց՝ «Ուստա Հակոբը չափազանցնում ա», եւ հայրս ժպտալով ասաց՝ «էդ գրախանութի Ռիփսիկն ա մի քանի անգամ բողոքել», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ինքն ինձ որ տեսնում ա, մինչեւ ականջների ծերը ժպտում ա», եւ Ֆրունզիկը փռթկացնելով ասաց՝ «որովհետեւ սերը տարիք չի ճանաչում», եւ Ֆելոն փռթկացնելով ասաց՝ «ծառերն էլ կանգնած են մահանում», եւ Ֆրունզիկը փռթկացնելով ասաց՝ «Ստանիսլավսկի», եւ հայրս Ֆելոյին ասաց՝ «ծնունդիդ էդ Ստանիսլավսկու գիրքը առնելու եմ՝ նվիրեմ քեզ», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու հորս ասաց՝ «չեմ էլ կասկածում, որ կանես»:

 

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930