Վանոյի Արտակ մականունով հայտնի Արտակ Գալստյանի գործով դատական նիստերին չեն ներկայանում ո՛չ վկաները, ո՛չ էլ տուժողը:
Վկաներից մեկին Արտակ Սարգսյանի պաշտպան Սուսաննա Սարգսյանի միջնորդությամբ դատարանը բերման ենթարկելու որոշում է կայացրել:
Տուժողը Analitik.am կայքի տնօրեն, շորթում կատարելու կասկածանքով ձեռբակալված Անի Հովհաննիսյանի եղբայր Գոռ Հովհաննիսյանն է, նա ըստ փաստաբանի, ընդհանրապես հրաժարվում է դատարան ներկայանալ:
«Դատական ծանուցագրերը հետ են վերադարձվել դատարան, նախաքննության ժամանակ դեռ հայտնի էր, որ նա 2016 թվականի մայիսի 29-ին լքել է Հայաստանը , նույն թվականի դեկտեմբերի 5-ին վերադարձել է հանրապետություն, բայց խուսափում է դատարան ներկայանալուց ու ծանուցագրերը ստանալուց, այդ հիմքով Գոռ Հովհաննիսյանի վերաբերյալ էլ բերման ենթարկելու որոշում է դատարանն ընդունել», պատմեց փաստաբանը:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ ինչու է տուժողը խուսափում դատարան ներկայանալուց, Սուսաննա Սարգսյանն ասաց, որ դեռ նախաքննության ժամանակ նա հրաժարվել է ցուցմունք տալուց՝ պատճառաբանելով, որ քրոջ վերաբերյալ է գործը քննվում, եւ ինքը, օգտվելով իր սահմանադրական իրավունքից, հրաժարվում է ցուցմունք տալ. «Նման ցուցմունքով տուժողը ո՛չ հաստատել է, ո՛չ էլ հերքել Արտակ Գալստյանի մասով առաջադրված մեղադրանքը»:
Ըստ փաստաբանի, դատարանում ուսումնասիրված որեւէ ապացույցով ոչ միայն չի հիմնավորվել, այլեւ հերքվել է իր պաշտպանյալի մեղադրանքը:
Այսօր Արտակ Գալստյանի գործով հերթական դատական նիստը կրկին տեղի չունեցավ՝ դատարանի՝ այլ գործով խորհրդակցական սենյակում լինելու պատճառով:
Հիշեցնենք, որ Արտակ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով խոշոր չափի գույք հափշտակելու նպատակով իր ծանոթ՝ շորթում կատարելու կասկածանքով ձեռբակալված Անի Հովհաննիսյանի եղբայր՝ Գոռ Հովհաննիսյանին դրդել է իր միջոցով առանձնապես խոշոր չափի՝ 2.390.000 ՀՀ դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար կաշառք տալ՝ իբր իրավասու պաշտոնատար անձին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցանքներն ավարտին չեն հասցվել, քանի որ Գոռ Հովհաննիսյանը հրաժարվել է վճարել պահանջված գումարը, այսինքն` Արտակ Գալստյանը կատարել է խոշոր չափերով խարդախության փորձ և առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու նախապատրաստություն:
Հիշեցնենք նաեւ, որ Արտակ Գալստյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը, դրա հետեւում տեսնում է ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանին:
Aravot.am-ը ՀՔԾ պետին ուղղված Արտակ Գալստյանի մեղադրանքների վերաբերյալ պարզաբանում խնդրեց ՀՔԾ-ից, ինչը դեռ չեն ներկայացրել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ