Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Չեմ կարող ասել, որ որեւէ վերադաս լծակներով ուղղորդում է եղել». Տիգրան Սարուխանյան

Ապրիլ 13,2017 20:40

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հկ-ի համակարգող Դանիել Իոաննիսյանին դատի տված դպրոցների տնօրեններից մի քանիսի փաստաբան Տիգրան Սարուխանյանը ՀՀԿ-ի ուղղորդում չի տեսնում տնօրեններն ընդդեմ Իոաննիսյանի գործով:

«Շատ տեղերում ներկայացված է, որ մենք՝ տնօրենների փաստաբաններս, նույն ընկերության աշխատակիցներ ենք, ես այդ ընկերության աշխատակից չեմ, իմ հետ  կոնտակտը եղել է տնօրենների կողմից, ինձ հետ ՀՀԿ-ն որեւէ հարց չի քննարկել, ՀՀԿ-ի հետ էլ առնչություն չեմ ունեցել այս հարցերի շրջանակում:

Տիգրան Սարուխանյան

Թե պարոն Աշոտյանն  ինչ հայտարարություն է արել, նույն ձեւի հայտարարություն էլ կատարել են մի շարք հասարակական այլ ուժեր, որ սատարելու են պատասխանող կողմին, հիմա ի՞նչ՝ ենթադրենք, որ պատասխանողի պաշտպանությունն իրականացվելու է բոլոր հասարակական կազմակերպությունների լծակների միջոցո՞վ, կարծում եմ՝ սխալ գնահատական կլինի»,- Aravot.am-ին ասաց Տիգրան Սարուխանյանը:

Մինչ քաղհասարակության տարբեր ներկայացուցիչներ պնդում են, որ այս գործով դատական հեռանկար չկա, պարոն Սարուխանյանը վստահեցնում է՝ «եթե դատական հեռանկար չտեսնեի, որպես ներկայացուցիչ հանդես չէի գա, այս պահին առաջին հերթին իմ վստահորդի շահերն են»:

Մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյանի դիտարկմանը, թե զրպարտության մասին հայցը կարելի է ներկայացնել միայն փաստերի վերաբերյալ, իսկ վիճարկվող հրապարակման մեջ փաստացի տվյալներ են միայն ձայնագրությունները, պարոն Սարուխանյանը ո՛չ նրա, ո՛չ էլ մյուս ընդդիմախոսների փաստարկներին այս փուլում չցանկացավ անդրադառնալ, ասաց. «Քանի որ գործը գտնվում է  դատական գործընթացում, եւ հենց այս դատական գործընթացն է լինելու մեր եւ նրանց փաստարկների ու հակափաստարկների կուլմինացիան, ես ձեռնպահ կմնամ նրանց փաստարկների ու հակափաստարկների վերաբերյալ լրացուցիչ փաստարկներ ներկայացնել: Դատական ակտով է  որոշվելու զրպարտանք եղե՞լ է, թե՞՝ ոչ»:

Պարոն Սարուխանյանը, ի դեպ, այն եզակի փաստաբաններից է, որոնք բարձր կարծիք ունեն դատական համակարգի մասին: Մեր հարցին, թե սովորաբար քաղաքական գործերով փաստաբանները դժգոհում են, որ դատարանները կատարում են քաղաքական պատվեր, քաղաքական որոշում, մտավախություն չունե՞ք, որ ՀՀԿ-ական տնօրենների գործով, որոնց սատարելու է հենց իշխող հանրապետական կուսակցությունը, դատարանում կկայացվի քաղաքական որոշում, պարոն Սարուխանյանը պատասխանեց. «Ես իմ պրակտիկայում որեւէ դատական գործընթացում կամ որեւէ դատավորի չեմ ճանաչում ու չեմ կարող ասել, որ որեւէ վերադաս լծակներով ուղղորդում է եղել դատական իշխանության նկատմամբ: Դրա համար կոռեկտ չեմ համարի այդ հարցին որեւէ այլ կերպ պատասխանել: Դատարանը արդարադատության իրականացման նպատակ է  հետապնդում եւ հենց դատարանն իր եզրահանգումներով ու ակտով այս հարցի կարգավորումը կտա»:

Մեր հարցին՝ այսինքն, համոզված եք, որ Հայաստանում անկախ դատական համակա՞րգ է  գործում, պարոն Սարուխանյանը պատասխանեց. «Եթե ես այլ կերպ մտածեի, կստացվեր՝ թե՛ փաստաբանները, թե՛ դատավարության մյուս մասնակիցները, ընդամենը դերասաններ են այդ թատրոնի շրջանակներում»:

Հիշեցնենք, նախընտրական քարոզչության շրջանում «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ն հրապարակեց մանկապարտեզների եւ դպրոցների տնօրենների 114 ձայնագրություն, որոնք փաստում էին այն մասին, որ այդ տնօրենները մարդկանց են ցուցակագրում-հավաքագրում իշխող ՀՀԿ-ի համար: Տնօրենները դատի են տվել Իոաննիսյանին՝ պահանջելով 2-ական մլն դրամ գումարային փոխհատուցում՝ զրպարտության համար:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930