Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղացիական հասարակությունը պահանջում է հետաքննություն իրականացնել վարչական ռեսուրսների կազմակերպված և զանգվածային չարաշահումների փաստով

Ապրիլ 13,2017 19:20

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը (ԻՔՄ) 2017թ. մարտի 24-ին, ՀՀ ԱԺ ընտրությունների քարոզարշավի ընթացքում աննախադեպ բացահայտումներ իրականացրեց Հայաստանի Հանրապետության մի շարք համայնքապետարանների, թաղապետարանների և մարզպետարանների աշխատակիցների կողմից պաշտոնական դիրքի չարաշահմամբ և թվով 114 կրթական հաստատությունների տնօրենների ներգրավմամբ՝ Հայաստանի Հանրապետական Կուսակցության (ՀՀԿ) օգտին հանրային և վարչական միջոցների չարաշահման մասին:

Երեսուն մանկապարտեզների և 84 դպրոցների տնօրենները, որոշ դեպքերում ահաբեկմամբ, ցուցակագրել են ընտրողների, աշխատակիցների և ծնողների՝ գրանցելով նաև նրանց անձնական տվյալները, քարոզելով քվեարկել իշխող քաղաքական ուժի օգտին, ապա դրանք փոխանցել Հանրապետական կուսակցության անդամ հանդիսացող պետական, համայնքային պաշտոնյաներին և ՀՀԿ շտաբեր:

Մինչ օրս իրավապահ մարմինները քրեական գործ չեն հարուցել, քննություն չեն իրականացրել և իրավական գնահատական չեն տվել վարչական մարմինների պաշտոնատար անձանց կողմից վարչական ռեսուրսների չարաշահման նպատակով պաշտոնական լիազորությունների չարաշահման և/կամ անցնելու, ենթադրյալ ազդեցությունը շահադիտական նպատակով օգտագործելու և ինքնիրավչություն իրականացնելու ուղղությամբ:

Փոխարենը, իշխանությունը, շարունակելով չարաշահել վարչական ռեսուրսները, հարկադրել է կրթական հաստատությունների 30 տնօրենների դատական հայցեր ներկայացնել Դ.Իոաննիսյանի և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի դեմ՝ պահանջելով 2-ական մլն դրամի բարոյական վնասի փոխհատուցում իրենց հասցված, այսպես կոչված, զրպարտության համար և՝ հերքում:

Անհրաժեշտ ենք համարում նշել, որ Դ.Իոաննիսյանի և նրա ընտանիքի անդամների անձնական կյանքին վերաբերող, միայն ոստիկանության տնօրինման տակ գտնվող մի շարք տեղեկությունների արտահոսքի փաստով մինչ այժմ քրեական գործ չի հարուցվել ՀՀ Հատուկ քննչական ծառայության կողմից, չնայած, Դ.Իոաննիսյանի կողմից հանցագործության մասին հաղորդումը ուղարկվել է դեռևս 2017թ. մարտի 28-ին:

Դ.Իոաննիսյանի և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի դեմ տնօրենների կողմից զրպարտության և հերքման պահանջով դատական հայցերի ներկայացմանը նախորդել է ԻՔՄ-ին դիտորդական առաքելության իրավունքից զրկելու՝ ՀՀԿ փոխնախագահ Ա.Աշոտյանի սպառնալիքը, ՀՀ ԱԺ պատգամավոր ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանի հայտարարությունը, իբր Դ.Իոանիսյանը ապօրինությամբ է իրականացրել այդ հետաքննությունը, ինչպես նաև դատական հայցի ներկայացման վերաբերյալ ՀՀԿ փոխնախագահ Ա.Աշոտյանի աջակցության մասին հայտարարությունը փաստում են, որ Հանրապետական կուսակցության քաղաքական վերնախավը որոշում է կայացրել պատժել Դ.Իոաննիսյանի և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ին՝ վարչական ռեսուրսների կազմակերպված և զանգվածային չարաշահման փաստը բացահայտելու պատճառով:

Ակնհայտ է, որ ՀՀ իշխանությունները փորձում են հրապարակային պատժիչ գործողություն իրականացնել ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքների խախտումները բացահայտած իրավապաշտպանի և իրավապաշտպան կազմակերպության նկատմամբ, ինչը հանդիսանում է ՀՀ-ում ձևավորված անպատժելիության համակարգի անձեռնմխելիության ապահովման գործիք՝ որպես նախազգուշացում բոլոր այն քաղաքացիներին, հասարակական կազմակերպություններին և քաղաքացիական նախաձեռնություններին, ովքեր կփորձեն հանդես գալ պահանջատեր քաղաքացու դիրքից:

Ողջունելով հանրային միջոցների և վստահության չարաշահումների բացահայտմանը ուղղված ջանքերը, որոնք գործադրել է Դ.Իոաննիսյանի և «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը, պահանջում ենք ՀՀ իշխանություններից.

Անհապաղ դադարեցնել Դ.Իոաննիսյանի և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի դեմ քաղաքական հետապնդումները:

Անհապաղ քննություն իրականացնել վարչական մարմինների պաշտոնատար անձանց կողմից վարչական ռեսուրսների չարաշահման ուղղությամբ:

Դադարեցնել կրթական հաստատությունների օգտագործումը քաղաքական նպատակներով, որի հետևանքով վարկաբեկվում է պետության համար կարևոր կրթական համակարգը:

Կոչ ենք անում քաղաքացիներին, ԶԼՄ-ներին, հասարակական կազմակերպություններին, կուսակցություններին, հիմնադրամներին և քաղաքացիական նախաձեռնություններին՝ աջակցել Դ.Իոաննիսյանի և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի պաշտպանությանը:

Հայտարարությունը բաց է միանալու համար.

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Հայաստանի Հելսինկյան կոմիտե

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան

Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

Կանանց ռեսուրսային կենտրոն

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն ՀԿ

Երևանի մամուլի ակումբ

“Սոսե” Կանանց Հիմնահարցեր” ՀԿ

“ԼոգոՍ” Իրավապաշտպան ՀԿ

Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ ՀԿ

«Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ

“Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն” ՀԿ

Բիոսոֆիա ՀԿ

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն

Կանանց աջակցման կենտրոն

Մարդու իրավունքների պաշտպանության Երևանյան կենտրոն» ՀԿ

«Մեր Իրավունքների Սահմանները» իրավապաշտպան ՀԿ

«ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ

Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ

Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ

Հանուն հավասար իրավունքների ՀԿ

«Էկոլոգիական իրավունք»

Հյուման ռայթս հաուս Երևան

Եղեգնաձորի քաղաքացիական երիտասարդական կենտրոն

“Հետաքննող լրագրողներ” ՀԿ

Հելսինկյան ասոցիացիա

Մարդկային զարգացման միջազգային կենտրոն

«Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոն ՀԿ

Կանանց իրավունքների կենտրոն

Հանրային Քաղաքականության Ինստիտուտ

Համագործակցություն Հանուն Ժողովրդավարության Կենտրոն

Արմավիրի քաղաքացիական երիտասարդական կենտրոն

Հանրային լրագրության ակումբ

Հասարակություն առանց բռնության ՀԿ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Հարգելի ՛՛Առավոտ՛՛, տեղյա՞կ եք արդյոք, որ սույն նյութի տարածման վրա արգելանք է դրված: Չի աշխատում նաև like կոճակը՝ անընդհատ զրոյանում է:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930