Լրահոս
Օրվա լրահոսը

«Սարի թաղի գործ». «Տուժողի 3 ցուցմունքներն էլ մեկը մյուսին հակասում է»

Ապրիլ 13,2017 19:01

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվում էր Սարի թաղի գործի քննությունը:

Հիշեցնենք, որ Հարություն Թորոսյանը, Հրայր Իսախանյանը, Անդրանիկ Քյոսեյանը, Էդուարդ Զեյթունյանը մեղադրվում են ՊՊԾ գնդի գրավումից հետո, մասնավորապես՝ հուլիսի 19-ին, Սարի թաղում միջադեպի ժամանակ ոստիկանների հանդեպ բռնություն գործադրելու մեջ:

Անդրանիկ Քյոսեյանը հրաժարվեց իր պաշտպանից, եւ հայտարարեց, որ ցանկանում է, որ իր շահերը պաշտպանի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը, որ պաշտպանում է նաեւ Հարություն Թորոսյանի եւ Էդուարդ Զեյթունյանի շահերը:

Դատական նիստի ընթացքում շարունակվում էր գործով տուժող ոստիկան Իշխան Ավագյանի հարցաքննությունը: Դատավորը հրապարակեց տուժողի նախաքննական ցուցմունքը: Իշխան Ավագյանը նշել էր, որ իրենց մոտեցել են 20-40 տարեկան տղամարդիկ, նրանցից ոմանք գտնվել են ոգելից խմիչքի ազդեցության տակ, ոստիկանները նրանց զգուշացրել են, որ կարող է ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում կրակեն: Ինչից հետո տղամարդիկ սկսել են հայհոյել, եւ նրանց միացել է մոտ 10-15 հոգի, ոստիկանությունը պատնեշ է կազմել, իսկ քաղաքացիները ցանկացել են ճեղքել այն:

Նախաքննական ցուցմունքում Իշխան Ավագյանը նշել է, որ քաղաքացիները, տեսնելով, որ ոստիկանական պատը չեն կարողանում ճեղքել, գետնից քարեր են վերցրել՝ նպատակ ունենալով իրենց հարվածել, ոմանք սկսել են ոստիկաններին ձեռքերով և ոտքերով հարվածել և սպառնալ, թե «մորթելու են»:

Իշխան Ավագյանը հայտնել է, որ տեսել է, թե ինչպես են ոստիկան Դավիթ Սահակյանի մեջքին քարով հարվածում, ցանկացել է նրան մոտենալ, սակայն այդ ժամանակ իր ոտքին են քարով հարվածել:

Իշխան Ավագյանը դատարանին հայտնեց, որ իր նախաքննական ցուցմունքը համապատասխանում է իրականությանը, և ասաց, որ այժմ ինքը չի կարողանում մանրամասները հիշել, քանի որ երկար ժամանակ է անցել: Ցուցմունքներում հակասությունները գրավեցին փաստաբանների ուշադրությունը: Փաստաբան Գրիշա Բալասանյանը հայտարարեց, որ տուժողը սուտ ցուցմունք է տալիս, իսկ Լիպարիտ Սիմոնյանը նկատեց, որ տուժողի 3 ցուցմունքներն էլ մեկը մյուսին հակասում է:

Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 5-ին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930