Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատանքային խմբեր` սերմարտադրության զարգացման ծրագիր մշակելու համար

Ապրիլ 13,2017 18:11

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր մասնակցել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պրոֆեսորա-դասախոսական կազմի հետ հանդիպմանը` քննարկելու ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ՀԱԱՀ հետ համատեղ մշակված աշխատանքային ծրագիրը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարը նշել է, որ վարչապետի հանձնարարությամբ գյուղատնտեսության նախարարությունը մեկամսյա ժամկետում պետք է ներկայացնի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագիր, որի հիմնական ուղղվածությունը պետք է լինի ներմուծումը ներքին արտադրությամբ փոխարինելը կամ արտահանման խթանումը:

Նախարարն առաջարկել է համալսարանի հետ ստեղծել միասնական աշխատանքային խումբ, որում կընդգրկվեն թե’ գյուղոլորտի մասնագետներ և թե’ տնտեսագետներ, որոնք տարբեր  ուղղություններով հստակ և հիմնավորված ծրագրեր կմշակեն:

«Եթե մենք  կարողանանք  համապատասխան հաշվարկներով և վերլուծություններով հիմնավորել, որ  այդ ծրագրերը մրցակցային են, շահավետ և  կարող ենք հաղթող դուրս գալ`  ներմուծումը ներքին արտադրության փոխարինելու կամ արտահանումը խթանելու հարցում, ապա դրանք կդառնան ռազմավարական ծրագրերի մաս` պետական աջակցությամբ կամ սուբիսդավորմամբ, որոնք զարգացում կապահովեն», – իր խոսքում նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:

Նախարարն անդրադարձել է նաև անասնաբուժության ոլորտին առնչվող խնդիրներին և դրանց լուծման հնարավոր ուղիներին, ինչպես նաև վերամշակման ճյուղի` որպես գյուղատնտեսության ոլորտի կարևոր ուղղության զարգացմանը:

ՀԱԱՀ ռեկտոր Արշալույս Թարվերդյանն իր հերթին վերահաստատել է բուհի պատրաստակամությունը շարունակել ակտիվորեն համագործակցել ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ ոլորտի զարգացման նպատակով:

«Պետք է համակողմանի աջակցություն լինի գիտական խորհրդատվական առումով համատեղ ուժերով Հայաստանի Հանրապետության ագրոպարենային համակարգի առջև ծառացած խնդիրները որքան հնարավոր է արդյունավետ և կարճ ժամկետներում լուծելու համար», – նշել է Արշալույս Թարվերդյանը:

Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է պատրաստել փաստաթղթեր մի շարք մշակաբույսերի սերմնաբուծության և սերմնարտադրության տնտեսական արդյունավետության, դրանց մշակության առավել նախընտրելի գոտիների և արդյունավետ ցանքաշրջանառության, ցածրարժեք մշակաբույսերը բարձրարժեք մշակաբույսերով փոխարինման, խորհրդատվական ծառայությունների, տոհմաբուծության, անասնաբուծության, կոոպերատիվների, գյուղատնտեսական մթերման արժեշղթայի արդյունավետ մեխանիզմների զարգացման և այլ կարևոր խնդիրների վերաբերյալ։

Այդ նպատակով նախատեսվում է ձևավորել 12 աշխատանքային խումբ և մեկամսյա ժամկետում մշակել ծրագրեր, որոնք համապատասխան փորձաքննությունից հետո կներկայացվեն ՀՀ կառավարության քննարկմանը:

Հանդիպման ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը պատասխանել է նաև ներկաների հարցերին:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930