Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է թեթև արդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալող ձեռնարկությունների ներկայացուցիչներին: Հանդիպմանը քննարկվել են ոլորտի հետագա զարգացմանը, արտադրությունների ընդլայնմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը վերաբերող մի շարք հարցեր:
Վարչապետ Կարապետյանը նշել է, որ թեթև արդյունաբերության ոլորտը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում, քանի որ այն միտված է ոչ միայն արտահանմանը, այլ նաև ունի զարգացման մեծ ներուժ: Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ պետությունը պատրաստ է ոլորտի առաջընթացը խթանելու նպատակով շարունակել ակտիվ համագործակցությունն ու նպաստել նոր ծրագրերի արդյունավետ իրականացմանը: «Կառավարությունը պատրաստ է խրախուսել տեղական արտադրողին և սուբսիդավորել այն կոմերցիոն վարկերը, որոնք միտված են արտադրությունների ընդլայնմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը»,- նշել է Կարեն Կարապետյանը:
Այդ համատեքստում, ձեռնարկությունների ներկայացուցիչները ներկայացրել են գործունեությունն ընդլայնելուն ուղղված կոնկրետ ներդրումային նախաձեռնություններ, որոնց արդյունքում հանրապետությունում նախատեսվում է ստեղծել մի քանի հազար նոր աշխատատեղ: Վարչապետը հանձնարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին՝ կարճ ժամանակում առարկայական քննարկել բոլոր նախաձեռնությունները և շարժվել առաջ: Անդրադառնալով հարկային ու մաքսային վարչարարության հետ կապված հարցերին՝ կառավարության ղեկավարն ընդգծել է. «Մեր խնդիրն է բիզնեսի համար ապահովել հավասար մրցակցային դաշտ: Այսօր չկա մեկը, որը գտնվում է արտոնյալ պայմաններում»:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև ԱԱՀ-ի վերադարձի ժամանակահատվածին, ընկերությունների կողմից ներմուծվող հումքի մաքսազերծման պայմաններին, ոլորտի մասնագետների ուսուցմանը, վերապատրաստմանը և այլ հարցերի:
Կարդացեք նաև
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ