Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ տգեղ երեւույթ էր». Դպրոցի տնօրենը գտնում է, որ Դանիել Իոաննիսյանը տգեղ է վարվել իրենց նկատմամբ

Ապրիլ 13,2017 16:10

Արտաշատի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն Անահիտ Վարդանյանը «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի դեմ դատական հայց ներկայացրած 30 տնօրեններից մեկն է: Նա էլ պահանջում է ներողություն, 2-ական մլն դրամ գումարային փոխհատուցում՝ զրպարտության համար:

Aravot.am-ի հետ զրույցում տիկին Վարդանյանն ասաց, որ անթույլատրելի էր դպրոցի տնօրենների դեմ այդ արշավը, գաղտնի ձայնագրությունը: Մեր հարցին՝ զուտ որ գաղտնի են ձայնագրել, դրա՞ համար է վիրավորվել՝ նա պատասխանեց. «Ե՛վ որ գաղտնի են ձայնագրել, ե՛ւ իրականությանը չհամապատասխանող էր»:

Նա չի ընդունում, որ դպրոցները քաղաքականացվել են եւ ՀՀԿ-ի օգտին ձայներ հավաքելու գործին են լծվել. «Դասի ժամանակ ախր ո՞վ նման բան կաներ, նույնիսկ այնտեղ գրած էր, ես կարդացի, որ ցուցակները իրենց մոտ են եղել: Կարող է էդ մարդու մոտ եղել է, բայց դա չի նշանակում, որ նրանք դասերի ընթացքում աշխատել են դրա համար»:

Անահիտ Վարդանյանը հույս ունի, որ դպրոցների տնօրենների հայցը կբավարարվի. «Ես չգիտեմ, եթե տնօրեն լինեիք, ինչքանով հաճելի կլիներ ձեզ համար ընդունել նման խոսքեր ձեր վերաբերյալ, էլ չեմ ասում, թե Երեւանում ինչեր էին ասում, քննարկում: Շատ տգեղ երեւույթ էր, չեմ համարում, որ դա ճիշտ մոտեցում էր, շատ տգեղ էր: Եթե ես տնօրեն էլ չլինեի, սովորական ուսուցիչ կամ որեւէ աշխատող, այդ երեւույթն ինձ դուր չէր գա: Էդ ո՞վ է ասել, որ տնօրենները եսիմ ինչ…բան, բոլորն էլ շատ խելացի, շատ կիրթ, շատ բանիմաց մարդիկ են, բոլոր տնօրեններն էլ, ինչո՞ւ պետք է նման ձեւով խոսեին նրանց մասին: Ասում են, թե տնօրենները մենակ զբաղվել են քաղաքականությամբ, այ քեզ բան: Բոլոր տնօրենները, ես գիտեմ իմ կոլեգաներին, ինքս ինձ, ամբողջ օրը մենք էնքան խիստ գրաֆիկով ենք աշխատում՝ հանձնարարականներ, ուսումնական գործընթաց եւ այլն: Դարձրել էին՝ ասես էդ տնօրենների ամբողջ դարդ ու ցավը քաղաքականությունն էր»:

Հարցին՝ չե՞ք ընդունում տնօրենների դեմ այն հասարակական քննադատությունը, աղմուկը, որ վարչական ռեսուրսները ՀՀԿ-ն չարաշահել է՝ դպրոցների, մանկապարտեզների տնօրենների միջոցով՝ Անահիտ Վարդանյանը պատասխանեց. «Համենայնդեպս, ես իմ վրա այդ վարչական ռեսուրսի օգտագործումը չեմ զգացել»:

Մենք հետաքրքրվեցինք՝ ձեր դպրոցի աշակերտների, ծնողների վրա այդ ձայնագրությունն ազդեցություն թողե՞ց, ցանկություն չե՞ն հայտնել երեխային դուրս հանել դպրոցից՝ նա պատասխանեց. «Իմ ծնողները ոչ խառնված են եղել, ոչ էլ, ո՞վ իրեն թույլ կտա…այդպիսի բան մեր մոտ, ցանկացած ծնողի կարող եք մոտենալ, հարցնել, ո՞վ իրեն թույլ կտար՝ լինի ուսուցիչ, տնօրեն, որ իրեն ուղղորդեր, մոտենար: Բոլորովին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur says:

    Ինչպիսի պարկեշտություն… Ուղղակի լացս եկավ: Ամոթ է ուղղակի… միատ էլ դուք էք դատի տալիս?գնացեք սգացեք մեր երկրի ապագայի համար, որ դուք և մյուսներն են այսորվա դպրոցը ներկայացնում..

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930