Սիրիայում միջազգային կոալիցիան՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, ավիահարված է հասցրել Դեր Զորում տեղակայված ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման պահեստին, որտեղ քիմիական թունավոր նյութեր են պահվել: Ավիահարվածի հետևանքով զոհվել են հարյուրավոր մարդիկ: Այս մասին հաղորդում է SANA սիրիական պետական գործակալությունը՝ վկայակոչելով Սիրիայի Զինված ուժերի հրամանատարության հաղորդագրությունը:
Նշվում է, որ ավիահարվածն իրականացվել է ապրիլի 12-ին՝ տեղի ժամանակով ժամը 17.40-ին: Ռմբակոծությունից հետո պահեստի վրա դեղին ծուխ է բարձրացել: Տեղեկատվության համաձայն՝ թունավորման հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել, ինչպես խաղաղ քաղաքացիներ, այնպես էլ ահաբեկիչներ: Սիրիական բանակի հրամանատարությունում պնդում են, որ քիմիական զենքը պատկանել է ԴԱԻՇ-ին: