Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյան. Պարոն Սերժ Սարգսյան, պարտավոր եք միջամտել «Մարտիկ» հիմնադրամի թնջուկի բացահայտմանը

Ապրիլ 13,2017 15:25

2016թ. մարտին Ձեզ ուղղված՝ «Որոշել եմ այնպես ցավեցնել Սերժ Սարգսյանին, որ ծպտուն հանի» բաց նամակիս չեղավ ոչ մի պատասխան, երևի լավ չեմ ցավեցրել, ուրեմն ստիպված եմ շարունակել:

Դուք չե՛ք կարող այդպես անտարբեր նայել, թե ինչպես է փլուզվում մեր հավատն ու վստահությունը պետական այրերի կողմից շահարկվող բարեգործական նպատակների հանդեպ, վկան՝ վերջերս ԱԺ-ում դժվարությամբ ընդունված 1000 դրամների պատմությունը:

Պարոն Սարգսյան, Դուք՝ որպես 2002 թվականին «Մարտիկ»-ի հիմնադիր 5 անդամներից մեկը, արդյոք տեղյա՞կ եք վերջին տարում այս հիմնադրամի շուրջ ծավալվող տարբեր հրապարակումներին, որոնք ոչ միայն չեն բացահայտում հիմնադրամի նպատակային գործունեությունը, այլ նորանոր հարցեր են մեջտեղ բերում: Դրանք վերաբերում են բոլոր տարիների հաշվետվություններում Հիմնադրամի հիմնադիր գումարից ստացված տոկոսների ծախսերի ուղղություններին, որոնք հիմնականում չեն բխում Հիմնադրամի կանոնադրական նպատակներից: Ընդամենը մի օրինակ. «Մարտիկ» հիմնադրամի կայքում 2017-02-07թ. դրված հաշվետվության մեջ նշված են 14 ծրագրեր, որոնց մեծ մասը չեն բխում կանոնադրական նպատակներից:

Կանոնադրության 2.1 կետում դրված նպատակն է. «Աջակցել ՀՀ զինված ուժերի սպայական կազմի կրթմանն ու վերապատրաստմանը, այդ բնագավառի նյութատեխնիկական բազայի հարստացմանը, ռազմական գիտության զարգացմանը և իրականացնել Հիմնադրամի կանոնադրությամբ նշված կազմակերպչական, կրթական, բարեգործական և քարոզչական ծրագրեր»:

Տարբեր տարիների հաշվետվություններից ոչ մեկում չկա զինված ուժերի սպայական կազմի կրթմանն ու վերապատրաստմանը, այդ բնագավառի նյութատեխնիկական բազայի հարստացմանը, ռազմական գիտության զարգացմանն ուղղված ծրագիր, դրա փոխարեն 2016թ. հաշվետվության մեջ առկա է հետևյալը. «2016թ. ուսումնական տարում ՊԲ 5 լավագույն հրամանատարներին անվանական զենքով պարգևատրում ԼՂՀ ՊԲ համագործակցությամբ՝ 8.615.900 դրամ արժողությամբ», որը վերոնշյալ կանոնադրական նպատակի հետ կապ չունի, և հարց է ծագում՝ արդյո՞ք 8.615.900 դրամի ծախսն արդարացված է այն դեպքում, երբ Հիմնադրամը կարող էր, օրինակ, հովանավորել Երևանի Մուրացանի անվան հոսպիտալի հիմնանորոգմանը, որի շենքն, ի դեպ, վթարային է: Հոսպիտալը, ունենալով հրաշալի բժիշկներ, ովքեր մեր զինվորներից յուրաքանչյուրի կյանքի համար անհավանական կռիվներ են տալիս, չունի ժամանակակից առողջապահական սարքավորումներ, սանիտարահիգիենիկ տարրական պայմաններ, հաշմանդամների համար հարմարեցված սանհանգույցներ, տղաներին անհրաժեշտ վերականգնողական ծառայություն: Այս պահին էլ, ոչ պետական մակարդակով, այլ քաղաքացիական նախաձեռնությունների շնորհիվ (նաև առաջին տիկնոջ), ստեղծվում է զինհաշմանդամների վերականգնողական ծառայությունների կենտրոն, որի համար անհրաժեշտ տարածքը տրամադրել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորն, ու այն հիմնանորոգելու համար լուրջ գումարներ են անհրաժեշտ:

Պարոն Սարգսյան, Դուք և «Մարտիկ» հիմնադրամի գաղափարի մյուս 15 քարոզիչները, որոնց մեջ Արթուր Աղաբեկյանի և Սեյրան Օհանյանի անուններն էլ կան, շահարկելով Հայոց բանակի նկատմամբ Հայ ժողովրդի ամենաջերմ զգացումները, որոշներից կամավոր, (դրանցից մեկն էլ ես եմ), որոշներից՝ ոչ, հավաքագրել եք 1.2 մլն դոլարից ավելի գումար, ու այսօր մենք պահանջում ենք պատասխանել.

• ինչո՞ւ այդ գումարից ստացված տոկոսները չեն ծառայում զինված ուժերի սպայական կազմի կրթմանն ու վերապատրաստմանը, այդ բնագավառի նյութատեխնիկական բազայի հարստացմանը, մեր զինվորներին արդյունավետ բուժման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը, այլ մասնավորապես անվանական զենքի վրա են ծախսվում:
• Հիմնադրամի կայքից չի երևում՝ գործում է արդյոք «Մարտիկ» հիմնադրամի վերահսկիչ հանձնաժողովը, որն ընտրվում է 3 տարի ժամկետով և պետք է հսկողություն իրականացնի Հիմնադրամի մարմինների գործունեության նկատմամբ, ստուգի ֆինանսական փաստաթղթերը, հաշվեկշիռն ու հետևի բարձրագույն և ղեկավար մարմինների որոշումների կատարմանը:
• Կայքից չի երևում, թե այս պահին ով է Հիմնադրամի խորհրդի նախագահը, գործադիր տնօրենը, այնինչ՝ այդ կայքը պատշաճ շահագործելու և Հիմնադրամի գործունեությունը թափանցիկ աշխատեցնելու համար 2015-ին 7 հոգու աշխատավարձ են տվել՝ մոտավորապես 15 մլն դրամ:
• Կայքից չի երևում, թե յուրաքանչյուր տարվա համար հոգաբարձուների խորհուրդը որ կանոնադրական ծրագրերի համար է գումար հատկացնելու որոշում կայացրել, և ընդհանրապես կայացվե՞լ են արդյոք այդ որոշումները:
• azdarar.am-ում դրված հաշվետվություններից միայն 2012թ. հաշվետվության մեջ են գրված Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների անունները և նախագահի՝ Արթուր Աղաբեկյանի անունը, մնացածներում չի երևում, թե ովքեր են հոգաբարձուների խորհրդի նախագահն ու անդամները:
• Դուք «Մարտիկ» հիմնադրամի խորհրդի նախագահ Արթուր Աղաբեկյանից պետք է պահանջեք իրապես թափանցիկ աշխատել ու ներկայացնել 2017-ի կանոնադրական նպատակներին ուղղված ծրագրերը, որոնց մեջ ցանկալի է ներառվեն զինհաշմանդամների առողջության վերականգման կենտրոնի ու «Մուրացան» հոսպիտալի հիմնանորոգման նպատակները:

Հա՛, պարոն Սարգսյան, չմոռանամ նշել, որ չնայած կանոնադրությամբ Հիմնադրամի տարեկան ծախսերում վարչակառավարչական ծախսերի մասնաբաժնի չափը սահմանված է 10%, որը չնայած անհասկանալի ու անտրամաբանական է, սակայն 2015-ի հաշվետվություններում այն գերազանցում է 20%-ը, որովհետև օգտագործված միջոցների ընդհանուր չափը եղել է 81.473.116 դրամ, իսկ կանոնադրական անհայտ նպատակների իրականացմանն ուղղվել է 58.575.732 դրամ, տարբերությունը կազմում է 22.897.384 դրամ, որն ուղղվել է վարչակառավարչական ծախսերին: Այստեղից էլ է կոռուպցիայի հոտ գալիս:

Չգիտեմ, տեղյա՞կ եք, թե՞ ոչ, որ Հիմնադրամի գործադիր տնօրեն Սեդրակ Սեդրակյանը, ով Ձեզ հետ միասին համարվում է Հիմնադրամի հիմնադիրներից մեկը, 2002 թվականից մինչև 2017 թվականի փետրվարը գործել է ապօրինի և Օրենքի խախտմամբ միաժամանակ աշխատել է որպես ՀՀ ՊՆ աշխատակազմի իրավաբանական վարչության պետ ու աշխատավարձ է ստացել Հիմնադրամից:

Չմոռանամ ասել, որ Արթուր Աղաբեկյանը հրաժարական տալուց առաջ հայտարարեց, թե բարեգործությամբ է զբաղվելու: Մտահոգություն ունեմ, որ բարեգործության համար պարոն Աղաբեկյանը սկսելու է օգտագործել այս Հիմնադրամը, որը չի կարելի թույլ տալ: «Մարտիկ»-ի կանոնադրությամբ Հիմնադրամը կարող է վերակազմակերպվել կամ լուծարվել: Կարծում եմ՝ ցանկացած ճանապարհով կամ Դուք իրենից պետք է վերցնեք «Մարտիկ» Հիմնադրամը, կամ որպես Մարտիկի 12404-րդ անդամ՝ Հիմնադրամը լուծարելու պահանջով ես դիմելու եմ դատարան, որովհետև «Մարտիկ»-ի կանոնադրության 6-րդ հոդվածի համաձայն՝ նախատեսված նպատակներից շեղվելու դեպքում դատարանի որոշմամբ Հիմնադրամը կարող է լուծարվել: Իսկ ես դատարանում աշխատելու եմ ապացուցել, որ հիմնադրամի գումարները չեն ծախսվել կանոնադրական նպատակների իրականացման վրա: Իմիջիայլոց, մամուլով ես նաև ՀՀ գլխավոր դատախազի ուշադրությունն եմ հրավիրել այս հարցին, բայց՝ ապարդյուն:

Հավելեմ, որ այս անգամ Ձեր լիազորած պաշտոնյայից վերոնշյալ հարցումներին պատասխանելը պարտադիր է, որպեսզի կողմնորոշվեմ իմ հետագա անելիքների մեջ :

Հ.Գ. Մինչ օրս Azdarar.am-ում տեղադրված չէ Հիմնադրամի 2016թ. հաշվետվությունը, որը Օրենքի խախտում է:

Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930