Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում կայացավ Հայաստանի զբոսաշրջային հնարավորություններին նվիրված «Ок Армения» խորագրով շնորհանդեսը

Ապրիլ 13,2017 15:15

Ապրիլի 12-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ «Ок Армения» խորագրով Հայաստանի պատմությանը, ավանդույթներին և զբոսաշրջությանը նվիրված միջոցառում-շնորհանդեսը՝ ուղղված Հայաստանի և Ռուսատսանի զբոսաշրջային ոլորտի առանցքային դերակատարների միջև կապերի ամրապնդմանն ու համատեղ նոր նախաձեռնությունների իրականացմանը։

Շնորհանդեսին մասնակցեցին հարյուրից ավելի ռուսաստանյան և հայաստանյան առաջատար օպերատորների, հյուրանոցային համալիրների, զբոսաշրջային տեղեկատվական գործակալությունների, ինչպես նաև հայկական ապրանքատեսակներ արտադրող տասնյակ ընկերությունների և ՌԴ առաջատար ավիափոխադրողների ներկայացուցիչներ։

Միջոցառման բացմանն իր խոսքում ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանն ընդգծեց զբոսաշրջության ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի շահագրգիռ մարմինների, այդ թվում նաև՝ մասնավոր դերակատարների միջև համագործակցության խորացման անհրաժեշտությունը՝ կարևորելով նաև տեղեկատվական դաշտում նոր նախաձեռնությունների իրականացումը։

«Անշուշտ, մենք հետաքրքրված ենք Հայաստանի և Ռուսաստանի միջև զբոսաշրջության կապերի խորացմամբ, մեր առօրյա գործունեությունն ուղղված է նաև այս ոլորտին։ Սա հրաշալի հնարավորություն է՝ նպաստելու ռուսաստանցիների շրջանում մեր երկրի հեղինակության էլ ավելի բարձրացմանը։ Ողջունում եմ այս նախաձեռնությունն ու հրավիրում համագործակցության», – նշեց Վարդան Տողանյանը։

Շնորհանդեսին ելույթով հանդես եկավ նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրուﬓերի նախարարության Զբոսաշրջության պետական կոﬕտեի նախագահ Զարﬕնե Զեյթունցյանը՝ նշելով, որ Հայաստանում զբոսաշրջային հոսքերի թվով Ռուսաստանն առաջին տեղում է։

Միջոցառմանը ելույթ ունեցան նաև հրապարակախոս Էդուարդ Անանյանը և կորպորատիվ զբոսաշրջության ոլորտի փորձագետ, միջոցառման համակազմակերպիչ Գայանե Քոչարյանը։

«Այս նախաձեռնության շնորհիվ զբոսաշրջության ոլորտի ռուսաստանյան խոշորագույն դերակատարները հնարավորություն ստացան ծանոթանալու միմյանց հետ՝ մատնանշելով առավել սերտ համագործակցության ուղիներ», – նշեց փորձագետը։

Շնորհանդեսին հայաստանյան «Ակտիտուր» գործակալության ներկայացուցիչներն անցկացրեցին վիրտուալ ճանապարհորդություն դեպի Հայաստան՝ խոսելով նաև երկրում կորպորատիվ տուրիզմի կազմակերպման հնարավորությունների մասին։
«Ок Армения»-ի շրջանակներում ռուսաստանաբնակ հայտնի հայազգի ռեստորատոր Գայանե Բրեիովան անցկացրեց խոհարարական վարպետության դաս, տեղի ունեցավ հայկական ուտեստների հյուրասիրություն, ինչպես նաև ներկայացվեց մայիսի 7-ին Ծաղկաձորում կայանալիք Հայկական կոնյակի փառատոնը (ArmCognFest)։
Միջոցառման ավարտին անցկացվեց նաև դեպի Հայաստան ուղևորատոմսերի և հանգստավայրերի զբոսաշրջային փաթեթների խաղարկություն։ Կարևորագույն արդյունքներից էր նաև այն, որ հարյուրից ավելի այցելուների հետաքրքրվածության արդյունքում ձեռք բերվեցին աննախադեպ թվով գործնական պայմանավորվածություններ։

 

ՌԴ-ում ՀՀ դեսպանության
մամլո ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930