Անցել է արդեն մեկ տարի այն ցավալի իրողություններից, երբ հարյուրավոր ընտանիքներ ներխուժեց մահվան չարագույժ բոթը, որ օրեր անց պիտի կոչվեր ապրիլյան քառօրյա պատերազմ: Արցախում մարտերի ժամանակ զոհված զինծառայողների անունների թվում էր նաեւ Գևորգ Մղդեսյանի անունը:
Նրան էր նվիրված ապրիլի 12-ին ծննդավայր Նոր Հաճն քաղաքում կազմակերպված պատանի գիտակների հուշամրցաշարը, որին ներկա էին ընտանիքի անդամները, ուսուցիչները, քաղաքապետարանի ներկայացուցիչներ, տարածքային ԵԿՄ բաժնի անդամներ: Պատրաստված էր գեղեցիկ տեսանյութ՝ «Ճակատագրով հերոսը»:
Հուշամրցաշարին մասնակցում էին դպրոցի աշակերտներից հավաքված երեք թիմեր, որոնք ունեին համապատասխանաբար մեր եռագույնի գույները խորհրդանշող անուններ՝ կարմիր, կապույտ, ծիրանագույն: Մոտ մեկ ժամ տևած գեղեցիկ պայքարից և 3 փուլ հաղթահարելուց հետո վերջապես հաղթող ճանաչվեց կապույտ թիմը, թիմի ավագ Էվա Բաղդասարյանի գլխավորությամբ:
Հաղթող թիմերին պարգևատրեց միջոցառման կազմակերպիչ, Նոր Հաճնի «Արև» կրթամշակութային զարգացման կենտրոնի տնօրեն Արթուր Գասպարյանը: Զարգացման կենտրոնի տնօրենը նշեց, որ սրանով տրվեց մեկնարկ այն լայնածավալ միջոցառումների, որ պատրաստվում են իրականացնել. «Գևորգը մեկնարկը տվեց, մենք սկսում ենք»:
Կարդացեք նաև
Ավագ դպրոցի տնօրեն Սիլվա Վանեսյանը նշեց, որ Գևորգը բավականին ուշիմ ու խելացի աշակերտ էր. «Այս տարիների ընթացքում երբեք դիտողություն չեմ արել նրան, որովհետև կարիք չի եղել: Ինքը գիտեր չափն ու սահմանը: Երբեք ավելորդություն թույլ չէր տալիս»:
Միջոցառման ավարտին տեղի ունեցավ Գևորգին նվիրված երգի պրեմիերա:
Իսկ հաղթող թիմի ավագ Էվա Բաղդասարյանը թիմի անունից մրցանակը հանձնեց հերոսի մորը՝ տիկին Անժելային: Գևորգի մայրը շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին հենց Գևորգի անունից: Նա շեշտեց. «Գևորգիս ներկայությունը զգացվում էր…»:
Անահիտ ՍԱՐԳՍՅԱՆ