Լոս Անջելեսում կայացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմի փակ ցուցադրությունը, որին մասնակցել են մի շարք հայտնիներ, այդ թվում՝ հեռուստաաստղեր Քիմ և Քորթնի Քարդաշյանները, երգչուհի Շերը, օսկարակիր դերասան Քրիստիան Բեյլը և այլք:
Ֆիլմի ցուցադրությունից հետո Քիմ Քարդաշյանը գրառում է արել Twitter-ում՝ կոչ անելով բոլորին դիտել «Խոստում»-ը և իմանալ հայ ժողովրդի պատմությունը:
70-ամյա հայազգի երգչուհի Շերը (Շերլին Սարգսյանը), անդրադառնալով այն փաստին, որ մի շարք երկրներ, որոնց թվում են նաև Մեծ Բրիտանիան և Միացյալ Նահանգները, Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունը չեն ճանաչել որպես ցեղասպանություն, ասել է, թե հայերը ոչինչ չունեն այս երկրներին հետաքրքրելու համար. «Կարելի է մտածել, որ նրանք դա կանեն բարությունից ելնելով»,- հավելել է Շերը՝ Մեծ Բրիտանիայի իշխանություններին կոչ անելով ճանաչել Հայոց Ցեղասպանությունը:
Լրագրողի այն հարցին՝ արդյոք հավատո՞ւմ է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը կընդունի Հայոց ցեղասպանությունը, Շերը պատասխանել է. «Ո՛չ»: