Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղապետերն ընդդեմ Գլաձորի բազմամետաղային հանքավայրի շահագործման

Ապրիլ 13,2017 14:24

«Ո’չ բնապահպանության նախարարությունը, ոչ էլ «Վայկ Մետալ» ընկերության տերերը պատկերացում չունեն այդ տեղանքի մասին: Չգիտեն, որ այդ սարերով քանի աղբյուր է հոսում, տեղյակ չեն, որ այդ տեղանքում բեզոարյան այծի ծննդաբերելու, բազմանալու գոտիներն են»,-այսպիսի մտահոգություն հայտնեց Վերնաշենի գյուղապետ Միքայել Բաղդասարյանը: Այսօր Երեւանի «Օրհուս» կենտրոնում քննարկում էր կազմակերպվել Գլաձորի բազմամետաղային հանքավայրի շահագործման պարագայում առաջացող վտանգների մասին: Որքան էլ հանքը շահագործել ցանկացող «Վայկ Մետալ» ընկերության` բնապահպանության նախարարություն ներկայացրած բացհանքի շահագործման նախագծին նախարարությունը բացասական եզրակացություն է տվել, սակայն Գլաձորի եւ նրան հարակից գյուղերի գյուղապետերը, բնակիչները մտավախություն ունեն, որ մի օր նախագիծը հավանության կարժանանա, եւ ինչպես որ մի շարք հանքավայրերի պարագայում է, Գլաձորի բազմամետաղային հանքավայրի դեպքում էլ, շրջակա միջավայրին հսկայական վնասներ կհասցվեն:

Այս օրերին «Վայկ Մետալ» ընկերությունը բնապահպանության մերժումը վիճարկում է վարչական դատարանում:


Քննարկմանը ներկա բնապահպանության նախարարության ներկայացուցիչ Կարինե Մովսիսյանն ասաց, որ նախարարությունը ընկերության ներկայացրած նախագծին բացասական եզրակացություն է տվել, քանի որ մի շարք կարեւոր եզրակացություններ ընդգրկված չեն եղել նախագծում, ինչպիսին, օրինակ, շրջակա միջավայրի վրա ազդեցությունն է:

Հանքի մերձակա համայնքների բնակիչները, սակայն, վստահ են, որ հանքը շահագործելու դեպքում «Չեռնոբիլի» օրն են ընկնելու, ոչնչանալու են 6200 հեկտար գյուղատնտեսության նշանակության հողատարածքներ, ալպիական գոտիներ, ստորգետնյա աղբյուրներ, որոնք Վերնաշեն եւ հարակից գյուղերի ջրամատակարարման համար կարեւոր նշանակություն ունեն, գինու համար հումք են հանդիսանում եւ այլն:

Հարցին, թե հնարավո՞ր է մի օր հանքի շահագործմանը դրական եզրակացություն տրվի, տիկին Մովսիսյանն ասաց, որ, այս տեսքով ներկայացված նախագծի պարագայում` բացառվում է, սակայն, եթե հետագայում «Վայկ Մետալը» կամ մեկ այլ շահագործող նորագույն տեխնոլոգիական լուծումները տարբերակներ առաջարկի, որոնք ոչ մի բացասական ազդեցություն չեն ունենա շրջակա միջավայրի վրա, ապա հնարավոր է, որ թույլտվություն տրվի:

Քննարկմանը ներկա գյուղապետերը հավաստիացրին, որ իրենց գյուղերից ոչ մի բնակիչ համաձայնություն չի տալու հանքի շահագործման, եւ վստահեցրին, որ իրենք ոչ մի գրավոր թույլտվություն չեն տվել համայնքապատկան հողերում ուսումնասիրություններ սկսելու, մինչդեռ Կարինե Մովսիսյանն ասաց, որ ինքը ունեցել է Գլաձորի նախկին գյուղապետի գրած` ստորագրած համաձայնությունը «Վայկ Մետալի» ներկայացրած նախագիծը փորձաքննության ենթարկելու համար:

«Օրհուս» կենտրոնի համակարգող Սիլվա Այվազյանն ասաց, որ չնայած նախարարությունը տվել է բացասական եզրակացություն, սակայն քննարկումը կազմակերպել են` մտավախություն ունենալով, որ ինչ-որ մի օր հնարավոր է այս նախագիծն արժանանա հավանության:

Վաղը համայնքների գյուղապետերը պետք է հանդիպեն վարչապետին: Նրանց խոսքերով՝ կառավարությունը ներդրումներ է խոստանում, հայթայթում, որ ինչ-որ մի գյուղում մի բան սկսի, սակայն սկսածը չեն թողնում, որ աշխատի:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930