Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզվում Է՝ ՀԱԿ-ն առաջադրվել է ոչ թե մանդատի, այլ նախազգուշացման համար

Ապրիլ 13,2017 14:30

Ըստ Լեւոն Զուրաբյանի՝ խաղաղության ծրագրից հետո «տանիքների մակարդակի» չեն ուզել իջնել ու մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին

Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ընտրությունների արդյունքները կամ իր խոսքերով՝ «իշխանությունների սցենարով ապրիլի 2-ին բեմականացված խայտառակ միջոցառումը» բնութագրել էր այսպես. «Երկրում, որտեղ ազգային հարստության առյուծի բաժինը օրինական, թե անօրինական ճանապարհով կուտակված է մի քանի տասնյակ ընտանիքների ձեռքում, իսկ ժողովուրդը՝ դատապարտված կատարյալ թշվառության, ընտրությունների այլ արդյունք ակնկալելը քաղաքագիտական անգրագիտություն կլիներ»:
«Առավոտը» ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին հարցրեց՝ մինչեւ ընտրությունները չգիտեի՞ք, որ երկրի հարստությունը կուտակված է մի քանի տասնյակ ընտանիքների ձեռքում, չգիտեի՞ք, որ ժողովուրդն աղքատ է, ուրեմն ինչո՞ւ ՀԱԿ-ը մասնակցեց ընտրություններին, քաղաքագիտական անգրագետ հաշվա՞րկ էր արել: Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Մենք ունենք սկզբունքներ: Մեր մասնակցությունն ընտրություններին ավելի շատ նման էր ոչ թե պայքարի՝ ինչ-որ տեղերի, մանդատների համար, այլ նախազգուշացման: Մենք օգտագործեցինք քարոզարշավը՝ մեր ժողովրդին, քաղաքական ուժերին, հասարակությանը նախազգուշացնելու նպատակով»:

Մենք ճշտեցինք՝ այսինքն՝ գիտեի՞ք արդյունքը, նա պատասխանեց. «Գիտեք ինչ, միանգամից ասել, թե քանի տոկոս կլինի, ինչ արդյունք կլինի՝ շատ դժվար է, դա գիտի մենակ իշխանությունը, որովհետեւ իշխանությունը շատ լավ վերահսկում է ընտրությունների ընթացքը, ինքը գիտի՝ ինչ է անելու, ոնց է անելու: Բայց մեզ համար իսկապես կարեւոր էր մեր սկզբունքային դիրքորոշումը ներկայացնելը: Եվ ամենակարեւորը՝ մենք ընտրությունները կորցրեցինք, համաձայն եմ, բայց մենք չենք կորցրել մեր սկզբունքները: Այսօրվա Հայաստանում հաջողության հասնելու միջոցը դա է՝ կորցնել սկզբունքները, հաղթել ընտրություններում կամ ստանալ մի քանի մանդատ ընտրություններում: Մենք այդ ճանապարհով երբեք չենք գնացել ու չենք գնա: Մեզ համար ավելի կարեւոր են սկզբունքները, քան մանդատները, իսկ մեր սկզբունքային դիրքորոշումները ներկայացրինք եւ նախազգուշացում արեցինք, բացատրեցինք, թե ինչ վտանգների առաջ է կանգնած Հայաստանը, չանեի՞նք»:

Մեր հարցին՝ Երեւանի ավագանու նախորդ ընտրություններին դուք մասնակցում էիք եւ շատ կարեւորում էիք այդ ընտրությունները, հիմա էլ երկրում նույն իրավիճակն է, ինչո՞ւ չեք մասնակցում այս ընտրություններին, Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «2012-ին լրիվ ուրիշ վիճակ էր, այն ժամանակ ՀԱԿ դաշինքը դոմինանտ ընդդիմադիր ուժ էր, որը 4 տարի շարունակ հարյուր հազարավոր մարդկանց փողոց էր հանում, եւ մենք մեր առջեւ դրել էինք իշխանափոխության նպատակ: Ընդ որում՝ համագործակցելով այլ քաղաքական ուժերի հետ: Այդ ծրագիրը մենք իրականացրել ենք, մենք մտանք պառլամենտ, մենք ստեղծեցինք քառյակը, որ հետո եռյակ դարձավ, այսինքն՝ կար կոնկրետ քաղաքական ծրագիր: Հիմա այս դեպքում մենք ունենք քաղաքական ծրագիր՝ քաղաքականացնելու ԱԺ ընտրությունները: Հանրաքվեում դա ստացվեց, այս դեպքում չստացվեց, բայց դա չի նշանակում, որ մենք չպիտի փորձեինք դա անել: Մենք փորձեցինք՝ չստացվեց, ու հիմա մտածել, որ եթե ԱԺ-ն չստացվեց, 15 օր հետո կստացվի ավագանու ընտրություններում՝ դա աբսուրդ է»:

Հարցին՝ ռեսո՞ւրս չունեք մասնակցելու Երեւանի ավագանու ընտրություններին, նա պատասխանեց. «Բարդ էլ կլինի, որ երբ դու առաջարկում ես խաղաղության ծրագիր, արմատական ծրագիր, մեկ րոպեում փոխվել եւ սկսել խոսել տանիքների, այլ բաների մասին: Եթե մեր ծրագիրը չի իրականացվում, իջնել տանիքների մակարդակի… ոչ թե իջնել, այլ տանիքների մակարդակի համար պետք է բարձրանալ, խոսքը ուրիշ բանի մասին է՝ սկսել խոսել այն պրոբլեմների կույտի մասին, որն ընդհանուր կոնցեպցիայի մեջ չի տեղավորվում՝ դա անիմաստ կլիներ: Երկու բան պիտի լիներ՝ կամ մենք պիտի տեսնեինք ծրագրային լուծումներ, որը մենք այս պահին չենք տեսնում, որովհետեւ գլխավոր ծրագիրը չի իրականացվում, կամ պետք է լիներ հաղթանակի հնարավորություն, որի դրոշով մենք գնայինք առաջ: Հիմա այս ԱԺ-ի ընտրություններից հետո հաստատ նման հիմքեր չկան մտածելու, որ կարելի էր քաղաքական հաղթանակ ունենալ»:

 

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

12,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930