Լրահոս
Օրվա լրահոսը

Անձրեւաջրերից պաշտպանվելու համար ընտանիքը տան մի անկյունում կուչ է գալիս

Ապրիլ 13,2017 14:00

Քարոզարշավի նպատակով մարզեր, գյուղեր այցելած վարչապետին, ՀՀԿ-ն ներկայացնող այլ բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնք բացի նախընտրական ծրագրերը քարոզելուց՝ պետք է նաեւ գյուղացիների դարդուցավը լսեին, գյուղամիջից այն կողմ չէին տանում: Հանդիպումները կայանում էին գյուղերի, քաղաքների հրապարակներում, մշակույթի տներում: Այսինքն` այս կամ այն համայնքի կենտրոնական հատվածներում, որտեղ քիչ թե շատ վիճակը բարեկարգ է, գյուղացիներն էլ որքան պատկերավոր նկարագրեին իրենց ապրուստը, 21-րդ դարի հետ անհամատեղելի կենցաղը, միեւնույն է` թանկարժեք մեքենաներից ոտքները ցած դրած պաշտոնյաները չէին պատկերացնում:
Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի ընտանիքներից մեկը տարիներ ի վեր անչափահաս երեխայի հետ բաց երկնքի տակ է գիշերել: Կարեն Պապիկյանի տան 4 պատն է կանգուն, տանիքն ավերված է: Ընտանիքի հայրն այս մասին չի հասցրել քարոզարշավի նպատակով Արմավիրի մարզ այցելած վարչապետին պատմել, մայրաքաղաքում է եղել: Չի հասցրել ասել, թե ինչպես են տեղումների ժամանակ ընտանիքի անդամներով կուչ գալիս ու մի անկյունում այնքան ժամանակ նստում, մինչեւ որ անձրեւը կտրվի: Կարեն Պապիկյանի ընտանիքը մայրաքաղաք է տեղափոխվել` մինչեւ որ գումար հայթայթի տանիքի հարցը լուծելու: Գյուղից տեղափոխվելուց ամիսներ է անցել, սակայն մայրաքաղաքում էլ բախտը չի ժպտում, մանր-մունր իրեր առնելով ու փողոցներում վերավաճառելով Կարեն Պապիկյանը օրվա հացն է կարողանում հոգալ, ստացած նպաստն էլ օրական հազար դրամով տան վարձ է տալիս:

Օգնություն ակնկալելով՝ դիմել է հանրապետության նախագահին, վերջինիս ապարատից Պապիկյանի դիմումը մակագրվել է Արմավիրի մարզպետարան, որտեղից էլ` Բաղրամյանի գյուղապետին: Գյուղապետը չի մերժել, ընտանիքին 70 հազար դրամ է հատկացրել, բայց այդ գումարով Պապիկյանը չի կարողացել շինանյութ գնել, ձմռան ամիսներին այդ գումարն էլ ծախսվել է, տանիքն էլ մնացել անբարեկարգ:
Կարեն Պապիկյանն էլ, կինն էլ պետության կողմից անաշխատունակ են ճանաչված, կինը հոգեկան առողջության խնդիրներ ունի, ընտանիքի հայրն էլ` մանկուց հաշմանդամություն: Նրանց երեք երեխաներից միայն փոքր աղջիկն է ծնողների հետ ապրում, երկուսը չափահաս են, ամուսնացած:

Անչափահաս երեխային հետներն առած՝ գյուղից քաղաք են գնում, քաղաքից` գյուղ, ամեն անգամ դպրոցը փոխելով, ապա չկարողանալով գյուղի իրենց տանն ապրել՝ կրկին մայրաքաղաք են վերադառնում:

Այս դեպքում էլ հաշմանդամության թոշակի հետ կապված է խնդիրներ առաջանում: Կարեն Պապիկյանը պետք է անցնի թոշակի, բայց նրան զգուշացնում են, որ գրանցման հասցեում պիտի լինի, որ թոշակի հարցը լուծվի:

Կինը 16 հազար դրամ թոշակ է ստանում: Ընտանիքի ամբողջ բյուջեն` նպաստը գումարած, 40 հազար 500 դրամ է կազմում: 30 հազարը տան վարձ է տալիս, մնացածը` խնայողությամբ օգտագործած կոմունալ ծառայությունների համար վճարում: Կարեն Պապիկյանի խոսքով՝ իրենց ավելի ձեռնտու է գյուղում բնակվել, քանի որ այնտեղ գոնե ստիպված չեն լինում աղբահանության եւ այլ` ընտանիքի համար կողմնակի ծախսեր կատարել:


Ընտանիքն այսօր ծայրահեղ աղքատության մեջ է ապրում, երեխա մեծացնում:
«Ես գյուղապետից դժգոհություն չունեմ, ինչով կարողացել` օգնել է, բայց այդ գումարը չբավականացրեց, ինձ գումար պետք չի, թող շինանյութ տրամադրեն՝ տանիքի վերանորոգման հարցը լուծեմ, տնամեջը մեր ուժերով մի բան կանենք, աշխատել չենք կարողանում, նպաստով մի կերպ ծայրը ծայրին ենք հասցնում ու տանիքի վերանորոգման համար այդպես էլ գումար չենք կարողանում հավաքել»,- ասում է Կարեն Պապիկյանը:
Երկրորդ անգամ, երբ նա դիմել է օգնության համար, մերժել են, պատճառաբանել են` բյուջեում գումար չկա:

Ուզում է բիզնեսն ընդլայնել, բայց այս դեպքում էլ կանխիկ գումար է պետք, որպեսզի ոչ թե մի քանի հատ օրացույց, գրիչ ու կրակայրիչ գնի՝ մի քանի կոպեկ ավելի վաճառելու նպատակով, այլ մեծաքանակ, որպեսզի օգուտն էլ մի քանի հարյուր դրամ ավելի լինի:
Հազար ու մի սոցիալական ծրագրերից Կարեն Պապիկյանի ընտանիքը չի կարողանում օգտվել. ուր դիմում է` մերժումներ է, որ գալիս են: Կարեն Պապիկյանի կնոջ` փախստական լինելու կարգավիճակն էլ որեւէ ձեւով դեր չի խաղացել: Ընտանիքը ստեղծման օրվանից ինչպես որ անապահով եղել է, այնպես էլ մնացել է: Եթե անգամ տարիներ առաջ տնտեսության երկնիշ ու եռանիշ աճերն են այս ընտանիքին շրջանցել, ապա ներկայիս սոցիալ-տնտեսական իրավիճակում նրանց համար կառավարության պատասխանատուները դժվար թե մի լույս վառեն:

 

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

12,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930