Լրահոս
Օրվա լրահոսը

Սմբատ Լպուտյան. «Քաղաքապետի պաշտոնին պետք է հավակնի մարդ, որն ունի մեծ փորձ, տարբեր ոլորտների մասին ունի գոնե որոշակի պատկերացում». «Հայոց աշխարհ»

Ապրիլ 13,2017 12:49

Հարցազրույց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի տնօրեն, Երեւանի ավագանու ՀՀԿ համամասնական ցուցակի երկրորդ տեղը զբաղեցնող ՍՄԲԱՏ ԼՊՈՒՏՅԱՆԻ հետ

-Հաճախ է ասվում, որ ավագանու աշխատանքը պետք է լինի ոչ թե հասարակական հիմունքով, այլ վճարովի, նաեւ վկայակոչվում է տարբեր երկրների փորձը։ ՀՀԿ-ն նպատակ չունի՞ համակարգում փոփոխություն կատարել:

-Ես նման փոփոխության կողմնակից եմ: Հասարակությունն ընտրում է ավագանու անդամ, որը պետք է կարողանա իր ողջ ժամանակը հատկացնել հասարակության առաջարկները, պահանջները կատարելու համար, պետք է աշխատի այնպես, ինչպես աշխատում են ԱԺ պատգամավորները: Ասել է թե՝ ավագանու անդամը պետք է աշխատի վճարովի հիմունքով, լինի պրոֆեսիոնալ:

Այսօր ավագանու կազմում կան հայտնի, ճանաչված մարդիկ, որոնք շատ սուղ ժամանակ ունեն, չնայած, ի պատիվ իրենց, կարողանում են հասցնել ու օգտակար գործեր անել: Բայց դա բոլորին չի հաջողվում: Մնացած ամբողջ ահռելի աշխատանքը կատարում է քաղաքապետարանն իր վարչություններով:

Ես առիթ եմ ունեցել լինել Թեհրանում. ինձ գրավեց ավագանու պարսկական մոդելը: Թեհրանը, որը 13 միլիոն բնակչություն ունեցող քաղաք է, ավագանու ընդամենը 32 անդամ ունի, մինչդեռ Երեւանի ավագանու անդամների թիվը 65 է: Սա ուռճացված թիվ է, մեզ երկու տասնյակն էլ լիովին կբավարարի:

Ավագանու կառուցվածքում փոփոխություն մտցնելու, ավագանու աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու հարցով վերջերս խոսել եմ Տարոն Մարգարյանի հետ: Այսօր, հանձին Տարոն Մարգարյանի, մենք ունենք աշխատասեր քաղաքապետ, նա զօր ու գիշեր աշխատող տեսակ է, ամեն ինչ անում է, որ քաղաքի համար մի լավ գործ արվի, քաղաքապետարանում կան առողջ ուժեր, եւ ավագանու ոչ հաջող կառուցվածքի հետեւանքները մարդկանց տեսանելի չեն լինում:

Մինչդեռ Թեհրանում քաղաքի հետ կապված ծրագրերի մշակման ամբողջ ծանրությունն ընկած է հենց ավագանու ուսերին, իսկ քաղաքապետարանը կատարողի դերում է: Նրանց համակարգը հստակ աշխատում է, իսկ մեզ մոտ, եթե քաղաքապետի պաշտոնին չլինի Մարգարյանի նման աշխատասեր անձը, ապա հնարավոր է լուրջ խնդիրների առաջ կանգնենք:

Ես կուզենայի, որ, անկախ քաղաքապետի անձից, նախ, մեր համակարգը լիարժեք գործեր: Քաղաքն ամենօրյա աշխատանք է պահանջում, ավագանու աշխատանքն էլ պետք է լինի ամենօրյա, քրտնաջան, զօրուգիշեր կատարվող: Հազարավոր հարցեր են բարձրացվում, որոնք ամենօրյա լուծում են պահանջում:

-Կա կարծիք, որ ընդգրկվելով ավագանու կազմում՝ մարդիկ շատ ավելի անձնական հարցեր են լուծում, քան քաղաքի ու երեւանցիների, նաեւ սրանով է բացատրվում քաղաքական ուժերի ակտիվությունը՝ իրենց ներկայությունն ունենալու համար:

-Իմ համոզմունքն այլ է՝ ավագանու կազմում պետք է լինեն մարդիկ, որոնք կարող են, ի վիճակի են ինչ-որ կերպ օգտակար լինել քաղաքին: Գուցե կան նաեւ ավագանու նման անդամներ, որոնք գալիս են անձնական հաշվարկներով, գալիս են սեփական հարցերը լուծելու համար, չեմ բացառում, կարող են նաեւ նման մարդիկ լինել: Բայց դա այլ երեւույթ է:

-Երեւանը մեր պետության մշակույթի հենասյունն է, մեր ճարտարապետական դիմագիծը պահողը, ազգային ավանդույթների խաթարման դեմ պայքարողը, նաեւ լեզվի անաղարտության պահպանման հարցում իր խոսքն ասողը: Կնշանակի Երեւանի քաղաքապետն էլ այս ամենի կրողն ու ջերմեռանդ պաշտպանը պետք է լինի: Քաղաքապետ ընտրելիս մենք այս ամենը կարեւորո՞ւմ ենք:

-Ձեր թվարկածներին նաեւ կավելացնեմ՝ քաղաքապետը պետք է լինի լավ կազմակերպիչ, կարողանա ճիշտ ուղղորդել, որպեսզի աշխատանքները լինեն արդյունավետ: Քաղաքապետի աշխատանքը հսկայածավալ է, քչերը կարող են նման աշխատանք կատարել, դրա համար քաղաքապետի պաշտոնին պետք է հավակնի մարդ, որն ունի մեծ փորձ, տարբեր ոլորտների մասին ունի գոնե որոշակի պատկերացում:

Հեղինակ՝ Արմինե Սիմոնյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930