ՀՀ հինգերորդ գումարման խորհրդարանն այսօր ավարտեց իր աշխատանքը`դատարկ դահլիճում: Նիստին գրանցվել էր 14 պատգամավոր: Հիշեցնենք, որ այս խորհրդարանի վերջին քառօրյան տապալվեց. քվորումի բացակայության պատճառով որեւէ նիստ այդպես էլ չկայացավ:
Նիստը նախագահող ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հրաժեշտ տվեց ներկա եւ բացակա պատգամավորներին, շնորհակալություն հայտնեց հին տարվա համատեղ աշխատանքի համար: Նա նաեւ առաջարկեց միասին նկարվել: «Վինետկա»,- տեղից արձագանքեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
Նկարվելուց հետո ներկա պատգամավորները հրաժեշտ տվեցին միմյանց եւ հեռացան:
Թե երբ կգումարվի վեցերորդ գումարման խորհրդարանի առաջին նիստը, դեռ պարզ չէ, քանի որ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը բողոքարկել է ընտրությունների արդյունքները ՍԴ-ում: Կախված ՍԴ-ի որոշումից՝ արդեն նոր խորհրդարանի աշխատանքների ժամանակացույցը կհստակեցվի:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ