Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց օրենքների նախագծերի փաթեթ, որոնցով բիզնեսի համար մի շարք փոփոխություններ են արվում: Օրենքների նախագծերի ընդունման արդյունքում, ըստ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի, կպարզեցվեն լիցենզավորման ընթացակարգերը և կկրճատվեն տնտեսվարողների ֆինանսական ու վարչական ծախսերը:
Սուրեն Կարայանը կառավարության նիստում ասաց, որ առաջինը՝ մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնողների համար հանվում է լիցենզավորման պահանջը՝ մաքսային և ազատ մաքսային պահեստներում ապրանքների պահպանության, անմաքս առևտրի խանութներում մաքսային հսկողության ներքո ապրանքների իրացման, մաքսային փոխադրողի գործունեության և մաքսային հսկողության տարածքների կազմակերպման համար:
Երկրորդ խումբ փոփոխություններով ապրանքների որոշ տեսակների առք ու վաճառքի, ներմուծման, արտահանման, փոխադրման համար առկա լիցենզավորման պահանջը փոխարինվում է ծանուցման պահանջով:
Երրորդ՝ գործունեության յոթ բնագավառներում առաջարկվում է, որ կառավարության կողմից տրամադրվող լիցենզիաներն այսուհետ կտրամադրվեն համապատասխան լիազոր մարմնի կողմից:
Կարդացեք նաև
Վարչապետ Կարեն Կարապետյանն արձագանքեց. «Պարոն Կարայան, լա՞վ որոշում ենք անում»:
Կարայանը դրական պատասխանեց: «Շա՞տ լավ որոշում ենք անում»,- նորից հարցրեց վարչապետը: «Կարելի է ասել՝ շատ լավ, որովհետև…»,- արձագանքեց Կարայանը:
«Բա տոնայնությունից չենք հասկանում դա»,- նրան ընդհատեց Կարեն Կարապետյանը:
Վարչապետն ասաց, որ խնդիր կա, քանի որ բիզնեսը բավական ուշ է տեղեկացվում այն փոփոխությունների մասին, որոնք արվում են, պետք է մտածել պատշաճ իրազեկման մասին:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ