Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրորդ խմբի հաշմանդամ կնոջ համար դատախազը պահանջում է հինգ տարով ազատազրկում

Ապրիլ 13,2017 13:30

«Զվարթնոց» օդանավակայանում պայուսակի թմրանյութը չեն հայտնաբերել ու այդ դեղամիջոցները Հայաստան տեղափոխելու վերաբերյալ որեւէ հայտարարագիր չի լրացվել:

Դատավոր Թաթուլ Պողոսյանի դատավճռով Էմմա Մոսեսին արդարացված ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 2671-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղսագրվող արարքի կատարման մեջ՝ նախատեսված ապացույցների անբավարարության եւ նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները սպառված լինելու հիմքով:
Իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման համար դատարանը նրան դատապարտեց 1 տարի ժամկետով ազատազրկման, այն պայմանականորեն չի կիրառվի, քանի որ սահմանվել է փորձաշրջան 1 տարի ժամկետով: Ութամյա կրթությամբ, նախկինում չդատված, ամուսնացած, 2-րդ խմբի հաշմանդամ Էմմա Մոսեսի փորձաշրջանի կրման ժամկետի սկիզբը կհաշվարկվի պրոբացիայի պետական ծառայության տարածքային մարմնում հաշվառման վերցնելու օրվանից:

Վերահսկող դատախազ Հ.Հակոբյանը պահանջում է բեկանել Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, եւ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 5 տարի ժամկետով:

Ըստ երկուհատորանոց քրեական գործի նյութերի, Էմմա Մոսեսին մեղադրվել է առանց իրացնելու նպատակի խոշոր չափերի` 3,75 գրամ քաշով «Կոդեին» տեսակի թմրամիջոց եւ 0,75 գրամ ընդհանուր քաշով «Տրամադոլ» տեսակի հոգեմետ նյութ ապօրինի ձեռք բերելու եւ պահելու համար: Գործը գտնվել է ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության ավագ քննիչ Ա. Խալաթյանի վարույթում: Ավագ քննիչ Ա. Խալաթյանն էլ 2016 թվականի փետրվարի 16-ին որոշում է կայացրել այս քրեական գործից Էմմա Մոսեսի կողմից մաքսանենգությամբ` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով մաքսային հսկողությունից թաքցնելու միջոցով խոշոր չափերով թմրամիջոցներ Ֆրանսիայից առանց իրացնելու նպատակի տեղափոխելու եւ պահելու դեպքով՝` մաս անջատելու մասին եւ նախաքննությունը շարունակել առանձին վարույթով:

Ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը:
Էմմա Մոսեսին մեղադրվել է 2010 թվականի ապրիլի 9-ին Փարիզ-Երեւան թիվ 102 չվերթով «Զվարթնոց» օդանավակայան գալով, մաքսանենգությամբ` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով, ձեռքի պայուսակում իր օգտագործման համար «Կոդեին» տեսակի թմրամիջոց եւ «Տրամադոլ» տեսակի հոգեմետ նյութ պարունակող դեղահաբեր բերելու համար:

Դրանք հայտնաբերվել են ոստիկանների կողմից՝ բնակարանի խուզարկության ժամանակ: Խոսքը 3,75 գրամ քաշով «Կոդեին» տեսակի թմրամիջոց պարունակող 93 հատի, եւ 32 հատ «Դաֆալգան» տեսակի եւ «Տրամադոլ» տեսակի հոգեմետ նյութ պարունակող` 20 հատի մասին է:

Տիկինն իրեն դատաքննության ժամանակ մեղավոր չի ճանաչել, իսկ նախաքննության ժամանակ մեղավոր էր ճանաչել: Նա հայտնել էր, թե հետազոտման նպատակով մեկնել է Ֆրանսիա: Նրա մոտ առկա էր ուժեղ գլխացավ: Նա գիտակցության կորստով հայտնվել էր տեղի հիվանդանոցում, այլ անձի տվյալներով ենթարկվել է բժշկական հետազոտման, քանի որ գումար չուներ, եւ իր գումարով գնել է մի քանի դեղահաբ: Հետազոտող բժիշկը նույնպես դուրս է գրել մի քանի դեղահաբ, որքան հիշում է՝ «Դաֆալգան» տեսակի, որոնք Ֆրանսիայում գտնվելու ժամանակ օգտագործելուց սկզբում մի քիչ լավ է զգացել, ապա, երբ վատ է զգացել, հրաժարվել է դրանցից: Երեւանի Վերնիսաժի տարածքում գտնվելու ժամանակ տարիներ հետո վատացել է եւ նրան օգնել է մի անծանոթ կին. ջուր է տվել, դեղ է տվել, որից ինքը լավ է զգացել եւ դադարել են իր մոտ եղած ցնցումները: Նա պատմել է անծանոթուհուն Փարիզում հետազոտվելու մասին, իր դեղատոմսի, այն նայելուց հետո կինն ասել է, թե կարող է օգնել այդ դեղերը ձեռք բերելու հարցում: Հետագայում նա անծանոթուհուց, որը Վերնիսաժում է լինում, գնել է 180 000-200 000 ՀՀ դրամով այդ դեղերը: Դեղերը օգտագործել է 2-3 անգամ: Նրա ասելով, վատ էր զգացել, եւ դրանք թողել է տանը` պահարանում, մոռանալով դրանց գոյության մասին: Ի դեպ, նա այդ դեղերից իր ամուսնուն, որը երկու վիրահատություն է տարել, ոչ մի անգամ չի տվել օգտագործելու համար: Ցավերի ժամանակ ամբաստանյալն ասաց, թե օգտագործել է ցավազրկող դեղեր, որոնք նշանակվել են «Էրեբունու» հիվանդանոցում, մասնավորապես, օգտագործել է «Իբուպրոֆեն 400», ինչպես նաեւ ուժեղ ցավազրկողներ, որոնց անունները չի հիշում: Ամբաստանյալն ասել է, թե անծանոթուհին նախկինում բուժքույր է եղել:
Նախաքննության ընթացքում նա հայտնել էր, թե՝ «Խուզարկության ժամանակ իր տնից հայտնաբերված բոլոր դեղահաբերը գնել է Վերնիսաժում անծանոթ մի կնոջից, դրանք իր հետ Ֆրանսիայից չի բերել եւ այդ պատճառով էլ այդ դեղերի մաքսանենգության մեջ իրեն մեղավոր չի ճանաչում, սակայն մեղավոր է ճանաչում դրանք ձեռք բերելու եւ իրենց տանը պահելու արարքի կատարման համար»:

Նա նաեւ հայտնել էր, թե ֆրանսիացի բժիշկը նշանակել է ուժեղ ցավազրկող դեղամիջոցներ` «Դաֆալգան կոդեին» եւ «Զալդիար» անվանումներով եւ իրեն հայտնել է, որ դրանք շատ չօգտագործի, քանի որ շատ ուժեղ դեղամիջոցներ են, պարունակում են հոգեմետ նյութեր, որոնք շատ օգտագործելու դեպքում կարող է գիտակցության կորուստ ունենալ կամ կախվածության մեջ ընկնել: Դեղամիջոցները ձեռքի պայուսակի մեջ է տեղավորել, որոնք «Զվարթնոց» օդանավակայանում չեն հայտնաբերել ու այդ դեղամիջոցները Հայաստան տեղափոխելու վերաբերյալ որեւէ հայտարարագիր չի լրացրել: Ամուսինը՝ Էրիխ Մոսեսը, դատաքննության ընթացքում թեեւ հրաժարվել է կնոջ` Էմմա Մոսեսի դեմ ցուցմունք տալուց, սակայն պատասխանել է դատավարության կողմերի հարցերին: Նա չէր կարողացել պատասխանել, թե խուզարկությամբ իրենց տանը հայտնաբերված դեղահաբերը Էմման որտեղից է բերել: Նա գիտեր, որ կնոջ մոտ ծանր հիվանդություն է:

Վկա Ս.Հովսեփյանը ցուցմունք էր տվել, որ աշխատում է «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում, որպես նյարդաբան: Տիկին Էմմային ճանաչել է մոտ 10 տարի: Հիվանդը տառապում է մի շարք հիվանդություններով՝ շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտենզիա հաճախակի կրիզներով, սրտի իշեմիկ հիվանդություն, կարդեոսկլերոզ, շողացող առիթմիա, ստենոկարդիայի նոպաներով, գլխուղեղի արյան շրջանառության խրոնիկ խանգարում, հաճախակի իշեմիկ գրոհներով, ինչպես նաեւ շաքարային եւ հիպերթենզիոն էնցեֆալոպացիա 2-րդ աստիճանի: Այդ հիվանդությունները նրա մոտ առաջացնում են ուժեղ գլխացավեր, գլխապտույտ, սրտխառնոց, սրտխփոց, կրծքավանդակի սուր ցավեր, որոնք ուղեկցվում են հեւոցով, շնչարգելքներով: Ժամանակ առ ժամանակ հիվանդն ունենում է գիտակցության կորստի նոպաներ, ինչպես նաեւ վերջույթների թմրածություն եւ թուլություն: Այդ հիվանդությունների հետ կապված ամբաստանվողը պարբերաբար ստացիոնար եւ ամբուլատոր բուժումներ է ստացել նաեւ Մասիսի հիվանդանոցում, որտեղ կատարվել են համապատասխան նշանակումներ եւ նրան ցնցումներից ու նոպաներից հանելու համար ներարկվել են «Դիազեպամ» կամ «Ապաուրին» տեսակի հոգեմետ դեղերը, որոնք ոչ թե բուժման նպատակ ունեն, այլ դրանք միայն նոպաներն են հանում: Նախաքննության ժամանակ նա հիվանդանոց է բերվել արյան շրջանառության սուր խանգարումով: Էմման բժշկին հայտնել էր, թե Ֆրանսիայից ճնշման համար դեղ է բերել, որն իրեն օգնում է. «Էմման շատ հաճախ է բերվել հիվանդանոց ծանր վիճակում, նրա նոպաները կանխատեսելի չեն, դրան կարող է նպաստել կլիման, հուզմունքը, նյարդային վիճակը: Էմմայի հիվանդությունների վերջնական բուժում չկա, նրա նյարդային բջիջները քայքայված են, այնտեղ օջախներ են, որոնք իսպառ չեն վերանում, կարող են կրկնվել»:

Փորձաքննության ներկայացված դեղահատերի զննությամբ պարզվել է, որ «դրանք գործարանային արտադրության են, սակայն չի նշել, թե որ երկրի արտադրանքն է, կամ երբ է արտադրվել, քանի որ դա իր իրավասությունից դուրս է եղել»:
Սակայն այդպես էլ չի հստակեցվել, թե ՀՀ կառավարության 2003 թվականի թիվ 1129-Ն որոշմամբ «ՀՀ հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների ցանկում» ներառվա՞ծ են տիկնոջ կողմից որպես դեղահաբ օգտագործվածները՝ որպես «Կոդեին» տեսակի թմրամիջոց պարունակող դեղամիջոց:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

12,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930