Առաջիկա օրերին ՀՀ իշխանությունները պետական բյուջեից 6000 եվրո կվճարեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով սահմանված արդարացի հատուցման համար։ Հերթական այս հատուցումները վերաբերում են ՄԻԵԴ-ում քննված «Ավետիսյանն ընդդեմ Հայաստանի» եւ «Տեր-Սարգսյանն ընդդեմ Հայաստանի» գործերին։ Փոխհատուցումների վերաբերյալ հարցերը ներառված են կառավարության այսօրվա նիստի օրակարգում։ Կառավարության որոշման նախագծում նշված է, որ այս կապակցությամբ արդարադատության նախարարությանը արվող հատկացման անհրաժեշտությունը պայմանավորված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներն անվերապահորեն կատարելու՝ Հայաստանի Հանրապետության կողմից Եվրոպայի խորհրդի առջեւ ստանձնած պարտավորության կատարման հրամայականով։
«Տեր-Սարգսյանն ընդդեմ Հայաստանի» գործով կայացված վճռի համաձայն Հայաստանի Հանրապետությունը դիմումատուին պարտավոր է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում վճարել 3100 (երեք հազար հարյուր) եվրոյին համարժեք Հայաստանի Հանրապետության դրամ՝ վճռով սահմանված արդարացի հատուցման համար։ Նշված գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2017 թվականի ապրիլի 27-ն է։
Ս. Պ.
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում