Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրբ Զատկին ընդառաջ ձուկը թանկացել է. «Ժողովուրդ»

Ապրիլ 13,2017 12:28

Հայաստանում Սուրբ  Զատիկի տոնին ընդառաջ թանկացել է ոչ միայն ձուն, այլեւ ձկնամթերքը։ Ինչպես հայտնի է՝ Զատիկի  տոնին  ե՛ւ  ձկնամթերքի,  ե՛ւ հավկիթի պահանջարկի ավելացում է նկատվում, ինչի արդյունքում որոշ տնտեսվարողներ, առիթից օգտվելով, բարձրացնում են իրենց արտադրանքի գները։

Նշենք, որ ավելի քան մեկ ամիս է, ինչ ձկնամթերքը թանկացել է։ Այս մասին է խոսում նաեւ պաշտոնական վիճակագրությունը։ Այսպես՝ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա մարտին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ձկնամթերքի շուկայում գրանցվել է 15.7 տոկոս, իսկ այս տարվա փետրվարի համեմատ՝ 12.7 տոկոս գնաճ։

«Ժողովուրդ»-ը ձկնաբույծներից տեղեկացավ, որ 1 կգ իշխան ձկնատեսակի բացթողման գինը կազմում է 2000 դրամ։ Այսինքն՝ խանութներին եւ սուպերմարկետներին մեկ կգ իշխան ձկնատեսակը մատակարարվում է 2000 դրամով։ Իսկ խանութներն ու սուպերմարկետները, ավելացնելով իրենց գինը, վաճառում են 2100-2300 դրամի սահմաններում։ Օրինակ՝ իշխան ձկնատեսակի 1 կգ-ն այս օրերին «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցում վաճառվում է 2090 դրամով։ Նույն պատկերն է նաեւ «Զովք» սուպերմարկետների ցանցում։

Հայաստանի ձկնաբույծների միության նախագահ Արմեն Բունիաթյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ ձկնամթերքի գնի ներկայիս աճը իրենք չեն ընկալում որպես թանկացում. «Դա թանկացում չէ, ուղղակի նախկինում ձուկը իր ինքնարժեքից այնքան ցածր էր վաճառվում, որ այս օրերին գնի մի փոքր ավելացումը մարդկանց մոտ որակվում է որպես թանկացում»։ Բունիաթյանը շտապեց հավաստիացնել, որ ձկնամթերքի գնի բարձրացումն ամենեւին էլ կապ չունի Սուրբ Զատիկի տոնի հետ։ «Մենք այդ առիթը չենք օգտագործում, որ ձկնամթերքը թանկացնենք։ Ես փորձում եմ դա վերահսկել։ Մեր միության անդամ ձկնաբույծներին հորդորել եմ, որպեսզի Զատիկի տոնի ֆոնին չթանկացնեն իրենց արտադրանքը եւ մյուս տնտեսվարողներին ձուկը առաջարկեն մատչելի, խելամիտ գնով։ Այդ 2000 դրամն է, եւ այն չի բարձրանա, հաստատ առիթը չենք օգտագործի։ Բայց զգուշացնեմ, որ մենք լիազորություն չունենք խանութներին եւ սուպերմարկետներին պարտադրել գնային քաղաքականություն սահմանելու հարցում։ Մենք այդ հարցում չենք կարող իրենց ստիպել»,- շեշտեց ձկնաբույծը։

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930