«Արամ Հակոբյանին պատշաճ բժշկական հետազոտության ենթարկելու պահանջով հրատապ միջամտության անհրաժեշտություն կա»,-ՄԻՊ գրասենյակում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արամ Հակոբյանի առողջական վիճակի մասին ահազանգերին, ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «Վաղը նախատեսում ենք այցելել Դատապարտյալների հիվանդանոց»,-հայտնեց նա:
Ինչ վերաբերում է Պավլիկ Մանուկյանի որդու՝ Արամ Մանուկյանի առողջական վիճակին, Թաթոյանի խոսքով. «Պահանջ ենք ներկայացրել, որ անհապաղ նրան վնասվածքաբան այցելի: Նրան էլ երեկ ենք այցելել, մի քանի խնդիր ենք տեսել: Կանխարգելիչ միջոցառումներ են պետք»:
Նորք-Մարաշի զինված խմբի գործով կալանավորված Վահան Շիրխանյանի դեպքում էլ Արման Թաթոյանը նշեց, որ պետք է նրան կրկին ենթարկել հետազոտությունների. «Նա որոշ դեղեր է սկսել ստանալ, հիմա Դատապարտյալների հիվանդանոցում է»:
Հարազատների պնդմանը, թե Շիրխանյանը պետք է քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվի, Արման Թաթոյանն այսպես արձագանքեց. «Ես էլ եմ այդպես կարծում: Նա որոշակի գոհունակություն է հայտնել Դատապարտյալների հիվանդանոցի պայմանների առնչությամբ, բայց մենք շարունակելու ենք մեր ուսումնասիրությունները»:
Կարդացեք նաև
Արման Թաթոյանն անդրադարձավ նաեւ «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան առնչությամբ հնչող մեղադրանքներին, թե նրա իրավունքները պատշաճ կերպով չեն պաշտպանվել. «Վերջին պահին անգամ առաջարկել ենք ռեանիմացիայի շարժական համակարգ տեղափոխել քրեակատարողական հիմնարկ, բայց նա հրաժարվում էր բժշկական օգնությունից եւ հացադուլ անում»:
Մանրամասն քիչ ուշ՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ