«Սպեցնազ է ստեղծվում»,- այսպես արձագանքեց վարչապետ Կարեն Կարապետյանը, երբ կառավարության նիստին գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը ներկայացնում էր ոլորտի ծրագրերը: Նախարարը ներկայացնում էր գյուղատնտեսության ոլորտում տարբեր ֆինանսավորման աղբյուրներ ունեցող ծրագրերի՝ մեկ միասնական մարմնի կողմից իրականացման, գյուղացիական տնտեսություններին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և շրջանակների ընդլայնման մասին նախագիծը:
Վարչապետը, արձագանքելով նախարարի ներկայացրած նախագծին, ասաց. «Կրթել, կրթել, կրթել, վերջում առաջացել է 352 հատ ֆերմեր ու կոոպերատիվ: Համակարգը վերացնում ենք, դրա փոխարեն սպեցնազ ենք ստեղծում: Կրկնում եմ՝ սպեցնազ ենք ստեղծում: Ամեն տարվա վերջ հաշվետվություն պետք է տանք, թե քանի ֆերմեր ա առաջացել, քանի կոոպերատիվ ա առաջացել, քանի գյուղատնտեսի մոտ աչքերը սկսել ա փայլել: Պայմանավորվեցի՞նք: Շատ համարձակ բարեփոխումներ ա սկսել գյուղատնտեսության նախարարությունը, մենք աջակցելու ենք, դուխով գնացեք առաջ»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ