Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց, որ ներկայումս ավարտական փուլում են գտնվում 2017 ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքները: Որոշ տարածքներում հողօգտագործողներն արդեն սկսել են հողի մշակման աշխատանքները: «Ձեզանից այս տարի ակնկալում ենք ՋՕԸ-երի համակարգում կտրուկ գմփոց ռեֆորմ, պայմանավորվեցի՞նք»,- հանձնարարեց վարչապետը:
Կարեն Կարապետյանը հայտնեց, որ պայմանավորված հողի ֆիզիկական կազմով՝ հանրապետության շուրջ 70 համայնքների հողատարածքներ ունեն գերնորմատիվային ջրապահանջ, իսկ որոշ տարածքներում՝ դրանցից բարձր: Դրա պատճառով այդ տարածքներում մատակարարվող ջրի դիմաց ձևավորվում է մեծ հասույթ, ինչը հետագայում ջրօգտագործողների կողմից գերնորմատիվային ծրագրի մասով չի վճարվում: Իսկ այս հանգամանքը գյուղատնտեսության ոլորտում ձևավորել է ոչ հավասար մրցակցային պայմաններ հողօգտագործողների համար: Իսկ ջրամատակարարման կազմակերպությունների մոտ առաջացնում է ֆինանսական ճեղքվածք:
Ելնելով վերոնշյալից՝ վարչապետը հանձնարարեց այս տարվա ոռոգման շրջանի աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու համար ջրօգտագործման հնարավորինս հավասար պայմաններ ապահովել: Գյուղատնտեսության, Տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, Ջրային տնտեսության պետական կոմիտեին հանձնարարեց մեկամսյա ժամկետում մշակել և սահմանված կարգով շրջանառության մեջ դնել 2017 թվականի գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող համայնքների ջրօգտագործողներին պետական աջակցություն տրամադրելու մասին կառավարության որոշման նախագիծ: Այն պետք է հաստատվի մինչև մայիսի 31-ը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ