Լրահոս
Օրվա լրահոսը

 «Մանդատ» նշանակում է հանձնարարություն

Ապրիլ 13,2017 10:17

Անկեղծ ասած, չեմ պատկերացնում Նիկոլ Փաշինյանին Երեւանի քաղաքապետի պաշտոնում: Ինձ թվում է՝ որպես Ազգային ժողովի պատգամավոր նա շատ ավելի օգտակար բաներ կարող է անել: Բայց այն փաստարկները, որոնք այս՝ ավագանու ընտրություններին բերվում են Նիկոլի դեմ, որեւէ քննադատության չեն դիմանում:
«Երեւանցի չլինելու» մեղադրանքն ընդհանրապես անհեթեթ է: Ես նույնիսկ չգիտեմ էլ, թե ինչ է նշանակում «երեւանցի» բառը: Հավանաբար, ինչ-որ գավառական-քաղքենիական որակում է, որով ուղեղի երկուսուկես ծալք ունեցող «տղերքը» փորձում են ինքնահաստատվել: Երեւանը բոլոր հայերի մայրաքաղաքն է: Նաեւ իմ՝ ի հեճուկս այն հանգամանքի, որ ծնողներս Երեւանում չեն ծնվել ու մեծացել, իսկ ես հիմա Երեւանում չեմ ապրում: Փաշինյանի դեմ հնչող երկրորդ նկատառումը՝ համայնք ղեկավարելու փորձ չունենալը, կարող է նշանակություն ունենալ միայն մասամբ: Ի վերջո, փորձ չունեցողը կարող է ճիշտ կազմակերպել փորձ ունեցող մարդկանց:

Ենթադրում եմ, որ «Ելքը» ծանրակշիռ ներկայություն կունենա Երեւանի ավագանիում: Մի քանի մանդատ կունենա նաեւ «Երկիր Ծիրանին», քանի որ, ինչպես հայտնի է, այս դասավորության դեպքում «անցողիկ շեմ» չի լինի: Մնում է, որ այդ երեք ուժերը ակտիվորեն աշխատեն ավագանիում:

Ընտրվել եւ մանդատները չվերցնել, ինչպես որ դա 2009 թվականին արեց «Կոնգրեսը», ինձ ճիշտ չի թվում: Որովհետեւ, ինչպես խորհրդարանում, այնպես էլ ավագանիում, նույնիսկ փոքրամասնություն լինելով, կարելի է շատ բանի հասնել: Պարզապես մանդատը պետք է դիտել ոչ թե որպես քո անձնական արժանիքների գնահատական (դրա համար վաստակավոր եւ ժողովրդական արտիստի կոչումներ կան), այլ այդ բառի ուղիղ իմաստով:

Չէ՞ որ mandatum լատիներենից թարգմանած նշանակում է հանձնարարություն, հրաման: Այսինքն՝ մարդը կատարում է իրեն խորհրդարան կամ ավագանի ուղարկած մարդկանց հանձնարարությունը:

Այդպես էին 4-րդ գումարման Ազգային ժողովում աշխատում «Ժառանգություն» խմբակցության բոլոր անդամները: Այդպես էր «հեռացող» խորհրդարանում աշխատում ՀԱԿ խմբակցության մեծ մասը, ինչպես նաեւ` Էդմոն Մարուքյանը, Թեւան Պողոսյանը, ուրիշները: Այդպես է հիմա ավագանիում իր գործն անում Անահիտ Բախշյանը: Հիմա, նոր օրենքներով, խորհրդարանն ու ավագանին աշխատանքի ավելի լայն հնարավորություններ են ստեղծելու:

Իսկ չմտածել այնպես, ինչպես մտածում է մեծամասնությունը, այնքան էլ վատ չէ: Իմ փորձից գիտեմ:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Ruben says:

    Ծնվել Երեւանում չի նշակում որ դուք դարձաք Երեւանցի:
    Ստացեք «World Service Authority (WSA)» անձնագիր, պոռտաքաղաք կամ քաղաքապոռտ նշանակեք Ստեփանակերտը, «բոլոր հայերի» մայրաքաղաք կոչեք Դավալուն, կառավարությունը տեղավորեք Գորիսում, Ազգային ժողովը՝ Աբարան ու
    Երեւանը թողեք հանգիստ:

  2. Հ.Շ. says:

    «Երեւանը բոլոր հայերի մայրաքաղաքն է: »

    Շնորհակալութիւն:

  3. Լավատես says:

    Կաշառակերությունը պետություն է քանդում, իսկ կաշառակերությունն իրագործվում է միայն լուսանցքայինների միջոցով: Կաշառքը միայն փողի տեսքով չի լինում, այն լինում է նաեւ պաշտոնի ու հեղինակության տեսքով: Կարճ ասած՝ եթե Երեւանը բոլոր հայերի մայրաքաղաքն է, ապա Երեւանի պաշտոնատարը պետք է լինի բոլոր հայերի միջից լավագույն հայը, բոլոր հայերի Թումանյանն ու Կոմիտասը, այնպես որ մարդ սկզբից պետք է ողջ հայության սերն ու վստահությունը վայելի, հետո նոր բոլոր հայերի մայրաքաղաքի պաշտոնատարի դերը ստանձնի:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930