Լրահոս
Օրվա լրահոսը

Լեհահայերի շնորհիվ են լեհ ազնվականները զարդարվել ու հագնվել

Ապրիլ 13,2017 13:00

Հրայր Մաղաքյանը կարծում է, որ պետք է հիշեցնել Լեհաստանի
զարգացման վրա հայերի միջնադարյան հզոր ազդեցության մասին

Սիլեզիայի (Կատովիցե, Լեհաստան) եւ Կելցի համալսարանների դասախոս Հրայր Մաղաքյանը անդրադարձել է «Օրիենտի» մշակույթը հայերի միջնորդությամբ Լեհաստան «ներմուծելուն»: «Առավոտի» հետ զրույցում բանասիրական գիտությունների թեկնածուն հղում անելով տարբեր աղբյուրների՝ փաստում է, որ հայերը Լեհաստան են եկել ոչ թե որպես ողորմություն խնդրող փախստականներ, այլ լավ իմաստով «գաղութարարներ». «Անիի անկումն, ըստ երեւույթին, միջնադարյան Հայաստանի պատմության ամենամեծ դետերմինանտներից մեկն էր: Այդ ողբերգության «շնորհիվ», հատկապես 1319-ի երկրաշարժից հետո, ի թիվս այլոց, համալրվեց նաեւ լեհահայ նորաստեղծ համայնքը…Ինչպես լեհական մի շարք աղբյուրներ են նշում, հայկական էմիգրացիան ուներ խաղաղ «գաղութարարության» բոլոր հատկանիշները:

Պրոֆեսոր Բալզերի բառերով ասած՝ «Հայերը դեպի Ռուսիա ու Լեհաստան տեղափոխվեցին ոչ որպես անտուն տարագիրներ՝ խնդրելով կացարան ու ողորմություն, այլ որպես գործարար գաղութարարներ, գուցե հրավիրված, կամ առնվազն հաճույքով հյուրընկալված, տեղական իշխանավորների կողմից»: Դեռ վաղ Միջնադարում հայերը Լեհաստանի տարածքում արդեն հայտնի էին որպես բացառիկ արժեքավոր մարդիկ, որոնք հսկայական ազդեցություն ունեին երկրի տնտեսական եւ անգամ քաղաքական ու հասարակական զարգացման վրա: Հատկապես լեհական Լվովում, օգտագործելով սեփական լեզուն, ունենալով սեփական դատարան, օժտված թագավորական բազմաթիվ արտոնություններով, լինելով խելացի ու գործարար, ստեղծեցին միջին խավի շրջանակներում Օրիենտի ուրույն ճյուղ, իրենց ձեռքում պահելով Լեհաստանի հետ վերջինիս ողջ առեւտուրը:

Բացի այդ` դեռ XVI դարում հայ առեւտրականները հասան նույնիսկ Պոզնան, ստանալով անգամ Վիելկոպոլսկի մարզի քաղաքացիություն: Ընդ որում՝ միջնադարում անգամ ոչ բոլոր ազատ լեհերը կարող էին այդ արտոնությունից օգտվել: Կարելի է համարձակ պնդել, որ համարյա ամբողջ արեւելյան առեւտուրը հայերի մենաշնորհն էր (դրանից բխող մի շարք սոցիալ-տնտեսական հետեւանքներով՝ հասարակական դիրք, հարստություն, ազդեցությունների շրջանակներ, առաջընթաց, պաշտոններ եւ այլն): Առկա փաստերը թույլ են տալիս հաստատել այն ենթադրությունը, որ այսպես կոչված՝ Օրիենտալ ոճի ամենամեծ «սուրհանդակները» հենց լեհահայերն էին, որոնց շնորհիվ լեհ ազնվականությունն սկսեց հագնել արեւելյան հագուստներ, համտեսել Օրիենտի ուտեստներ, կրել Լեւանտի զենքեր եւ այլն»:

Մաղաքյանի ձեւակերպմամբ, հայերը երբեք Լեհաստանի համար բեռ չեն եղել, ընդհակառակը՝ թեթեւացրել են այդ երկրի կյանքը. «Այս իմաստով Կաժիմեժ Մեծը եւ նրանից հետո եկողները հասկացան, թե ինչպես կարելի է հայերին «օգտագործել»: Լեհերը չգիտեին արեւելյան լեզուներ, մինչդեռ հայերը ոչ միայն այդ լեզուները գիտեին, այլեւ այն, թե այդ երկրներում ինչպես պետք է նստել-վեր կենալ, հարցեր լուծել: Եվ այդպես սկսվեց երկկողմանի համագործակցություն: Ու այդ առումով ոչ միայն մենք ենք պարտական Լեհաստանին, այլեւ լեհերը՝ հայերին: Արեւելյան ճոխությունները, գորգեղենը, զենք ու զրահը եւ այլն հենց հայերի միջոցով ներմուծվեցին Լեհաստան, հայերը ոչ միայն ներմուծում, այլեւ իրենք էին արտադրում… Լեհերը սկսեցին դիվանագիտական ներկայացուցչություններ ուղարկել Թուրքիա, արաբական երկրներ, Պարսկաստան, որտեղ դեսպանները լեհ էին, բայց նրանց ողջ շրջապատը` հայեր»:

Մեր զրուցակիցը պատմում է, թե հայերն ինչ աննկարագրելի բարձունքների են հասել Լեհաստանում, շատերը ստացել են ազնվականի տիտղոսներ, ոմանց ազգանունները փոխվել են, օրինակ՝ Արծաթագործյանը դարձել է Սերեբկովիչ կամ Վարդերեսյանը՝ Վարդերեսովիչ: Գիտնականը փաստում է, որ Լվովում եւ նրա շրջակայքում հայերի մեծ մասը 14-15-16-րդ դարերում խոսում էր ղփչաղերեն` թյուրքական բարբառով, բայց եկեղեցիներում պատարագները հայերեն էին, հայերն անգամ սեփական դատական ատյան ունեին, որն օգտվում էր Մխիթար Գոշի դատաստանագրքից, դատավորներն էլ Լեհաստանի հայկական համայնքի ամենահարգված ներկայացուցիչներն էին: Հրայր Մաղաքյանը հավելում է. «1939-ին ԽՍՀՄ-ի՝ Լեհաստանի վրա հարձակվելուց հետո Լվովն ու նրա մերձակայքը՝ այսինքն հայաշատ հզոր կենտրոնները, անցան խորհրդային իշխանության մարմինների կառավարությանը, 1941-ին ընկան հիտլերականների ձեռքը, իսկ 1944-ից հետո վերադարձան բոլշեւիկներին. Երկրորդ համաշխարհայինը (հատկապես բոլշեւիկների ձեռքով) համարյա լիովին ոչնչացրեց հայկական տարրն` իր բոլոր դրսեւորումներով, մասնավորապես անէացնելով լեհահայ հոգեւոր ու նյութական մշակույթի ձեռքբերումները… Փաստորեն, մինչեւ 1939թ. հայերը 400 տարի շարունակ ծաղկել են Լեհաստանում, 1939-ից հետո մինչեւ 1989` անհետացել 40 տարում: Այսօր իրավիճակն այնպես է փոխվել, որ լեհերի 10%-ն է հասկանում, թե ինչ ասել է հայ»:

Մեր հարցին՝ ի՞նչ պետք է անել, որ ընկալումը փոխվի, Հրայր Մաղաքյանը պատասխանում է. «Լեհաստանը մեկն է այն երկրներից, որոնք թեեւ գերտերություն չեն, բայց մեծ ազդեցություն ունեն Եվրոպայի քաղաքականության վրա։ Ցավոք, լեհական հասարակության աչքին, Հայաստանի մասին շատ սուղ տեղեկություններ ունենալու հետեւանքով, հայերն ու Հայաստանը հիմնականում ընկալվում են որպես Ռուսաստանի մասնիկ (նույնիսկ սլավոնական ժողովուրդ): Ըստ էության Ռուսաստանի հանդեպ ունեցած հակակրանքի հետեւանքով լեհերի միայն չնչին տոկոսը գիտի, թե հայերն ինչ էական ազդեցություն են ունեցել Լեհաստանի հասարակական-տնտեսական ու քաղաքական կյանքի վրա եւ ովքեր են հայերն այժմ:

Այս եւ մի շարք խնդիրների լուծման հնարավորություններից մեկը Լեհաստանի զարգացման վրա Հայաստանի ու հայերի միջնադարյան հզոր ազդեցության վերհիշեցումն է»: Գիտնականն օրինակ է բերում`վրացիները «ագրեսիվ» գովազդում են Վրաստանը Լեհաստանում, մինչդեռ հայերս այդ առումով բավականին պասիվ ենք, Լեհաստանը նաեւ Ուկրաինայի ամենամեծ դրական խոսնակն է Եվրոպայում: Գիտնականը կարծում է, որ պետք է ամեն գնով բարձրացնել Հայաստանի միջազգային վարկանիշը Լեհաստանում, հետաքրքրություն առաջացնել ժամանակակից Հայաստանի վերաբերյալ, ազդել լեհական մտավորականության մտածողության վրա՝ ցույց տալով հայկական տարրի իրական եւ նկատելի ազդեցությունը՝ լեհական ինչպես ազնվականության, այնպես էլ միջին խավի զարգացման վրա:

Հրայր Մաղաքյանը գտնում է, որ պետք է անընդհատ Լեհաստանում ներկայացվի հայկական մշակույթը. «Լեհ հասարակությունը շերտավորված է, ցածր խավը, ինչպես ամենուր, այստեղ եւս հետեւում է միջին եւ բարձր խավին, եթե նրանք պատկերավոր ասած` ասեն ձուն սեւ է, իրենք այդպես էլ կընդունեն: Մենք պետք է ամենուր ներկայանանք մշակութային զանազան նախաձեռնություններով, ցուցահանդեսներով, հայկական պատմության նմուշները ցուցադրելով: Նաեւ պետք է կենտրոնանանք ոչ միայն մեծ քաղաքների վրա, այլեւ ընդհանրապես համալսարանական քաղաքների վրա: Այս դեպքում ես 100%-ով կպնդեմ, որ լեհ մտավորականությունը հաստատ կմասնակցի այդ միջոցառումներին, իսկ եթե մտավորականությունը գնա, մամուլը կգրի, մամուլը գրի` միջին եւ ցածր խավը կկարդա ու այդպես էլ կընկալի: Ինչքան հնարավոր է, պետք է հայկական շատ նվագախմբեր գան Լեհաստան: Կարեւոր է նաեւ զբոսաշրջային առումով Հայաստանի գրավչությունը շեշտադրելը: Ցավոք, այս պահին ընդամենը 1-2 զբոսաշրջային բյուրո են առաջարկում ուղերթ Հայաստան, մինչդեռ 500 զբոսաշրջային բյուրո Վրաստան են առաջարկում: Բայց մեր երկիրը այնքա՜ն հետաքրքիր կլինի լեհերի համար: Ընկերներ ունեմ, որ մեկ անգամ եղել են Հայաստանում ու հետո ինձ զարմանքով հարցրել են, թե ոնց եմ այդ հրաշալի ու ապահով երկիրը թողել ու հաստատվել Լեհաստանում: Ափոսում եմ, որ Հայաստանի քարոզչությունը լավ չի արվում»: Մաղաքյանը կարծում է, որ վատ ենք օգտագործում նաեւ Սփյուռքի ներուժը:

 

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

12,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Hrajr says:

    Կավելացնեմ միայն, որ Հայաստանի դեսպանությունն իսկապես շատ է ջանում ողջ Լեհաստանում ներկայացնել Հայաստանը: Սակայն պետք է խոստովանել, որ առանց համակարգային ծրագրի դա շատ դժվար աշխատանք է:
    Հարգանքներով`
    Հրայր Մաղաքյան

  2. Թամարա says:

    Շնորհակալ ենք Հրայր Մաղաքյանին և օտար երկրներում ապրող այն հայերին, ովքեր հայի անունը բարձր են պահում ՝ ճիշտ ներկայացնելով մեր պատմությունը։
    Հուսանք , որ կգա մի պայծառ օր,երբ Հրայր Մաղաքյանը իր հայրենիքում՝ Հայաստանում, բազմաթիվ հանդիպումներ կկազմակերպի և կկիսվի մեզ հետ իր բազում-բազում գիտելիքներով։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930