«Կովկասյան գործընկերության» նախաձեռնությամբ ապրիլի 12-ին «Մոսկվայի տանը» կազմակերպվել էր Սերգեյ Փարաջանովի անձնական լուսանկարիչ Յուրի Մեչիտովի «Վրաստան-կրկնակի Էջեր» ցուցահանդեսը: Ներկայացված սև ու սպիտակ լուսանկարները արվել են Վրաստանում, վերջին 40 տարիների ընթացքում:
Լուսանկարիչն ասաց, որ դրանք հիմնականում այն մարդկանց դիմանկարներն են, որոնք հանդիպել են իր կյանքի ընթացքում եւ հուզել իրեն: «Հայաստանն առաջին երկիրն է, որտեղ ներկայացվում է նախագիծը, այն ապա կգնա Ղազախստան, Մոսկվա, Նյու Յորք, Փարիզ… Ուզում եմ ցույց տալ իմ հայրենիքը, որը մի քիչ սեւ-սպիտակ է…»,-նշեց լուսանկարիչը: Նա մի քանի ֆոտոալբոմների հեղինակ է, որոնցից մեկն էլ նվիրված է Փարաջանովին
Մեչիտովն ասաց, որ նրան համարում է իր ուսուցիչը, եւ երախտապարտ է, արել է ամեն ինչ Փարաջանովի անունը հռչակելու համար:
Նա անդրադարձավ նաեւ իր մեկ այլ ցուցահանդեսի: Ասում է, դա 90-ականների սկզբին էր, երբ իր երիտասարդությունն անցնում էր ու արդեն հասուն տարիքի էր. «Մի հանճարեղ էրոտիկ ցուցահանդես բացեցի, ընդ որում, մերկացրի 30 աղջիկների եւ 10 տղաների»:
Կարդացեք նաև
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին քաղաքական, մշակութային եւ այլ ոլորտների ներկայացուցիչներ, որոնք քիչ թե շատ առնչություն են ունեցել Մեչիտովի հետ: Նրանց թվում էր Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը:
«Շատ կարեւոր է պատմության ինչ-որ պահերը ֆիքսելը… Տեսեք ինչքան վիշտ կա, ուրախություն կա այս նկարների մեջ, սովորություններ…Մեր հարեւան ժողովուրդն է, բայց մենք իրար վատ գիտենք, ու արվեստագետներն են, որ օգնում են միմյանց ճանաչել…Ինչ վերաբերում է Փարաջանովին լուսանկարելուն, ես էլ եմ նրան նկարել, բայց Յուրային միշտ բարի նախանձով եմ նայել, քանի որ նա ապրում էր Թիֆլիսում եւ հաճախ կարող էր Փարաջանովին նկարել»,- Զավեն Սարգսյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ