ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Ռուսաստանի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների մեկնեց Մեծ յոթնյակի հանդիպումից հետո, որտեղ չէր հաջողվել գալ ռուսական ու սիրիական ռազմական ուժերի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցում համաձայնության։
Այն բանից հետո, երբ ամերիկյան ուժերը հրթիռակոծեցին Սիրիայի այն ռազմաբազան, որն, ըստ մեղադրանքների, իրականացրել էր քիմիական հարձակում, կտրուկ լարվեցին հարաբերությունները Մոսկվայի ու Վաշինգտոնի միջեւ։ Դա արտահայտվեց նաեւ ԱՄՆ-ի արտգործնախարար Ռեքս Թիլերսոնի կողմից Մոսկվա կատարած այցի ընթացքում, նրա սառն ընդունելության ժամանակ։ Այս հանդիպման ժամանակ նրա ռուս պաշտոնակիցը դատապարտեց Սիրիայում Ամերիկայի կողմից իրականացված հրթիռային հարձակումը, այն անվանելով անօրինական։
«Ես չեմ կարող թաքցնել այն փաստը, որ ներկայումս առկա են շատ հարցեր եւ Վաշինգտոնից հնչող հաճախ իրարամերժ գաղափարներ», հանդիպման ժամանակ ասաց Սերգեյ Լավրովը։ Նա իր դժգոհությունն արտահայտեց նաեւ այն փաստի կապակցությամբ, որ նոր վարչակազմի օրոք ԱՄՆ-ի արտգործնախարարությունում դեռեւս կարեւոր մի շարք պաշտոններ են մնում թափուր։
Իր խոսքում Թիլերսոնն ավելի հակիրճ էր։
Կարդացեք նաև
«Մենք պիտի հստակեցնենք մեր ընդհանուր նպատակներին ու հետաքրքրություններին վերաբերող շրջանակները, եթե նույնիսկ իրարից տարբերվում են մեր մարտավարական մոտեցումները», ասաց Թիլերսոնը։
Նրա խոսքերով, դա անհրաժեշտ է՝ հասկանալու համար այդ տարբերությունների պատճառները ու գտնելու համար տարբերությունները վերացնելու ուղիները։
Երկու արտգործնախարարների հանդիպումից առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր, թե նախագահ Դոնալդ Թրամփի օրոք ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջեւ փոխվստահությունը նվազել է։ Պուտինը մեկ անգամ եւս իր աջակցությունն է հայտնել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի կառավարության նկատմամբ՝ ասելով, թե քիմիական զենքով հարձակումը կարող էր նույնիսկ կեղծված լինել Ասադի թշնամիների կողմից։
Մոսկվան հայտարարել է, թե թունավոր գազ ունեցել են նաեւ Ասադի դեմ գործող ապստամբ ուժերը։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքերով, եթե Մոսկվան հրաժարվի Ասադի նկատմամբ իր աջակցությունից, ազատ գործելու հնարավորություն կտա ահաբեկչական խմբավորումներին։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ամերիկայի ձայն»-ի կայքում: