Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարո՞ղ ա գիտես տանկ եմ». Հակառակորդի 3 տանկ ոչնչացրած զինվորի հետ կատակում են ընկերները

Ապրիլ 12,2017 22:22

Այսօր Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում ապրիլյան պատերազմի հերոսների հետ հանդիպում էր կազմակերպվել՝ ԵՊԼՀ ուսանողական խորհրդի 20-ամյակին նվիրված ծրագրերի շրջանակում:

Հանդիպմանը մասնակցում էր Շուլի Հակոբյանը, ԼՂՀ ՊԲ ավագ սերժանտ, որը ցուցաբերած բացառիկ խիզախության համար ՀՀ նախագահի կողմից պարգեւատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճան շքանշանով: Ապրիլյան պատերազմի ժամանակ Շուլին խոցել էր հակառակորդի տանկը: Դրանից հետո հակառակորդը թաքստոցից հանել է տանկերը եւ կրակ բացել Շուլիի դիրքի եւ մյուս մարտական դիրքի ուղղությամբ ու Շուլին խոցել է նաեւ երկրորդ տանկը: Տանկ ոչնչացնելը մեր զինվորի համար կարծես սովորույթի պես մի բան է դարձել: Շարժման ընթացքում նա խոցել է հակառակորդի երրորդ տանկը՝ T-80-ը:

Տանկեր ոչնչացնելու մեծ հակումը հաշվի առնելով՝ ընկերները հաճախ կատակում են նրա հետ: Շուլին Բրյուսովի համալսարանի ուսանողներին պատմեց մի դեպք, որը պատահել էր ապրիլյան պատերազմի մասնակից հերոս Ռաֆայել Հովհաննիսյանի հետ. «Մի անգամ կռվից հետո, երբ Ռաֆոն մարզահրապարակում նստած էր նստարանի վրա, նստարանը պոկված էր, Ռաֆոն չէր տեսել: Ձեն էր տալիս, ես էլ լավ չէի տեսնում, նայեցի, նայեցի, նայեցի ու Ռաֆոն ընկավ: Ռաֆոն հելավ, ասավ՝ կարո՞ղ ա գիտես ես էլ տանկ եմ, այ ախպեր»:

Ուսանողներից մեկի հարցին, թե՝ պատերազմը խլում է կյանքեր, ապրումներ, հույզեր, բայց ի՞նչ է տալիս՝ նա պատասխանեց. «Պատերազմը տալիս է դասեր ու մնում է, որ ազգը քաղի դասեր տվյալ պատերազմից: Ես չեմ ուզում որակումներ տալ՝ մենք հաղթել ենք, թե պարտվել ենք այս պատերազմում, բայց վստահ եմ, որ մենք քաղել ենք դասեր ու մեր ցանկացածի կյանքում ապրիլյան պատերազմը փոխեց գոնե մի փոքր ինչ-որ բան: Կարեւորներից մեկն այն է, որ մենք տեսանք մեր ազգի որակը, մեր երիտասարդների ուժը: Սա մեզ ներշնչող հույսն էր, մենք հասկացանք, որ այս 25-ամյա անկախ հանրապետությունը մենք դեռ դարերով ենք վայելելու»:

Միջոցառման ժամանակ ուսանողները ապրիլյան պատերազմի հերոսների համար անակնկալ էին պատրաստել, նրանց պարգեւատրեցին խորհրդանշական մեդալներով, որի վրա պատկերված էր այն, ինչ իրենք խոցել էին: Ռաֆայել Հովհաննիսյանը, որը 4 հրթիռ արձակելով ոչնչացրել էր հակառակորդի 3 տանկ, տվեցին շքանշան՝ տանկի պատկերով:

Գեւորգ Մանուկյանը ապրիլյան պատերազմում մոտ 3 կմ հեռավորությունից Իգլա համալիրով խոցել էր հակառակորդի ուղղաթիռը ու հետ մղել հակառակորդի մոտ 20 հոգանոց դիվերսիոն խմբի անդամներին: Գեւորգը իր բացառիկ արիության եւ անձնվիրության համար պարգեւատրվել է ՀՀ Արիության մեդալով, իսկ ԼՂՀ նախագահի հրամանագրով պարգեւատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, իսկ համալսարանում ուսանողներից ստացավ ուղղաթիռի պատկերով խորհրդանշական շքանշան:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930