Արժույթի միջազգային հիմնադրամի՝ ԱՄՀ-ի հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեյն Սամիին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ ԱՄՀ-ն սատարում է ՀՀ կառավարությանը՝ մեր երկրում ֆիսկալ կանոնի փոփոխության հարցում: Այսինքն՝ ԱՄՀ-ն դրական է գնահատում Հարկային նոր օրենսգիրքը:
Հարցին՝ արդյոք դա նշանակում է, որ այդ կանոնը խանգարում է նոր պարտք ներգրավելուն, եւ այն պետք է փոխել, որպեսզի կարողանանք նոր պարտք ներգրավել, պարոն Սամիին ասաց, ինքը նկատի չունի, որ կառավարությունը պետք է ավելի մեծ պարտքեր վեցնի, որոնք կհասնեն այն մակարդակի, որ չկարողանանք մարել դրանք.
«Նկատի ունեմ՝ այնպիսին պետք է լինի, որ պաշտպանի տնտեսական աճը դժվարին պայմաններում եւ միեւնույն ժամանակ կապահովի պետական պարտքի տանելի մակարդակը: Ճկունություն պետք է լինի դժվարին ժամանակների համար եւ հատուցման հնարավորություն՝ ավելի լավ ժամանակաշրջաններում»:
Հիշեցնենք, որ ՀՀ պետական պարտքը 6 միլիարդ դոլարի շեմը գերազանցել է:
Կարդացեք նաև
Պարոն Սամիին անդրադառնալով պետական պարտքի մակարդակին եւ դրա սպասարկմանն, ասաց, որ պարտքի մակարդակը աճողական է, եւ կառավարությունը պետք է այնպես անի, որ այն չհասնի այնպիսի մակարդակի, որ դա տանել չլինի. «Մեր գնահատմամբ՝ պարտքի մակարդակը հարաբերականորեն ավելի բարձր է, բայց ներկայիս քաղաքականությունից ելնելով այն դեռեւս տանելի է: Պետական պարտքի կրելիության ապահովման տեսանկյունից կարեւոր է, 1-ին՝ ԱԺ-ի կողմից հաստատված Հարկային օրենսգիրքը, որի նպատակն է երկարաժամկետ հատվածում ապահովել ավելի բարձր հարկային եկամուտ եւ ավելի արդարացի հարկում: Այսինքն՝ հարկային օրենսգիրքը մնում է պարտքի կրելիության ապահովման կարեւոր նախադրյալ: Երկրորդ՝ արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող ծրագրերի արդյունավետ կառավարումն է կարեւոր: Արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող ծրագրերը նաեւ պարտք են առաջացնում, ուստի մենք իշխանության հետ մանրակրկիտ քննարկել ենք, եւ նրանք տեղյակ են, որ կարեւոր է ավելի ճիշտ կառավարել արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող ծրագրերը»:
ԱՄՀ ներկայացուցիչն ասաց, որ նշվածից զատ, շատ կարեւոր է խթանել տնտեսական աճը, որը պետական պարտքի սպասարկման համար կարեւոր միջոց է:
Մանրամասները` տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ