Այսօր Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում հետաքրքիր հանդիպում էր կազմակերպվել ապրիլյան պատերազմի հերոսների հետ: Այն կազմակերպել էր համալսարանի ուսխորհուրդը:
Համալսարանում նաեւ բացվեց քառօրյա պատերազմի մասնակից հայորդիներին նվիրված լսարան: Գրատախտակին Արցախի հերոս «Մոնումենտցի Կյաժ» Ռոբերտ Աբաջյանի խոսքերն են. «Էս դիրքում իմ տղերքի արյունն է թափվել, ստեղ իմ ախպերներն են կռվել, էս հողի վրա պայքար ա եղել, ես էլ հիմա կալցոն քաշում եմ ու ուզում եմ բոլորին փոխանցես, որ էս դիրքը հանձնողի…»:
Ռեկտորի գլխավոր խորհրդական Հասմիկ Ափյանը միջոցառման սկզբում նախ խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել զոհված զինվորների անմահ հիշատակը:
Ապրիլյան պատերազմի ժամանակ մարտական հերթապահության են մեկնել նաեւ Բրյուսովի համալսարանի ուսանողներ: Նրանցից Վլադիմիր Ոսկանյանին եւ Վահե Գալստյանին հանձնեցին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից տրամադրված կրթաթոշակի հավաստագրեր:
Կարդացեք նաև
Ուսանողների հետ հանդիպմանը մասնակցում էր ապրիլյան պատերազմի մասնակից, ՊԲ կրտսեր սերժանտ, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր Հարություն Բադալյանը: Ինչպես ուսանողները ներկայացրեցին, Հարությունը Թալիշում ընտրել է այն դիրքը, որը արցախա-ադրբեջանական շփման գծում ամենամոտն է հակառակորդի դիրքին: Դեռ 2015-ի օգոստոսին, երբ սահմանում լարված էր, մեր հերոսը ականանետով ոչնչացրել է ադրբեջանական զինաբազաներից մեկը:
2016-ի փետրվարին ականանետով խոցել է ադրբեջանական դիրքերից մեկը եւ հակառակորդին պատճառել զգալի վնասներ: Իր ծննդյան օրը՝ ապրիլի 1-ին Հարությունը բարձրացել է մարտական դիրքեր, ադրբեջանական կողմն անցել է սադրիչ գործողությունների ու առաջադրանք ստանալով հրամանատարից՝ Հարությունը ոչնչացրել էր հակառակորդի դիմացի դիրքը՝ 36 արկ կրակելով: Ապրիլի 2-ին թեժ մարտերի ընթացքում Հարությունի ուղղությամբ նռնակ է նետվել ու վիրավորել ոտքը: Հասնելով կացարան՝ նա 2 մետր հեռավորությունից ոչնչացրել է հակառակորդի զինծառայողին, որից հետո մյուս զինծառայողը փախուստի է դիմել: Վիրավոր լինելով՝ Հարությունը հետապնդել է նրան, գտել եւ ոչնչացրել:
Ուսանողները հպարտությամբ պատմեցին, թե ինչպես է Հարությունը նռնակով վիրավորել հակառակորդի հատուկ ջոկատի հրամանատարին, նրանց հատուկ ջոկատայինների պլանավորված նահանջը վերածվել է խուճապահար փախուստի: Հարությունը հենց ոչնչացրած հակառակորդի զենքով պառկած դիրքով կրակ է բացել փախչող հակառակորդի ուղղությամբ: Իսկ ապրիլի 3-ին արդեն Ստեփանակերտում Հարությունը տեղեկացվել է վերսկսված խոշոր ռազմական գործողությունների մասին ու նկատելով, որ իր հիվանդասենյակի առաջ որեւէ մեկը չկա, նա որոշել է փախչել հոսպիտալից ու միանալ մարտական դիրքերում գտնվող իր ծառայակից ընկերներին: Նրան հաջողվել է աննկատ դուրս գալ հոսպիտալից, սակայն երբ փորձել է տաքսի նստել եւ հեռանալ, նրան բռնել ու հետ են բերել հիվանդասենյակ:
Ապրիլի 4-ին զինվորի փախուստները կանխելու նպատակով նրան տեղափոխել են Սիսիանի հոսպիտալ: Դրանից հաշված օրեր հետո նա նորից ցանկություն է հայտնել գնալ Թալիշ ու ավարտել ծառայությունը:
Ցուցաբերած բացառիկ խիզախության համար Հարություն Բադալյանը պարգեւատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:
Ուսանողներինց մեկը հերոսին այսպիսի հարց ուղղեց՝ պատերազմը խլում է կյանքեր, հույզեր, ապրումներ, իսկ ինչ է այն տալիս:
Հարություն Բադալյանը պատասխանեց. «Պատերազմը խլում է: Լավ կողմ պատերազմն ընդհանրապես չունի: Եթե կան զոհեր, թե՛ կգրավես հողեր, թե՛ կկորցնես հողեր, դրա մեջ լավ բան չկա՝ անգամ գրաված ժամանակ: Միայն կորցնում ես, իսկ տալը… օրինակ, մեր շատերի դեպքում մեզ տվել է մեր ընկերների, ովքեր հիմա չկան, նպատակը , որ պետք է պայքարենք: Մի բան էլ փոխանցենք բոլորիդ՝ ամեն մեկդ յուրովի շատ կարեւոր մարդիկ եք երկրի համար: Այստեղ բոլոր նստածները, թե՛ ապրիլյան պատերազմի մասնակիցները, թե՛ այն տղաները, որոնք չկան, մի սերնդակից են, բոլորն էլ պայքարել են: Դուք ապագայում թե՛ ձեր ուսումով, չեմ ասում գնաք տանկ խոցեք, ձգտեք եւ նպատակասլացությամբ հասեք շատ բարձունքների»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ