Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բաբայանը կմասնակցի իր կալանքի վերաբերյալ բողոքի քննությանը

Ապրիլ 12,2017 19:40

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր հետաձգվեց Արցախի պաշտպանական բանակի նախկին հրամանատար, անազատության մեջ գտնվող Սամվել Բաբայանի կալանքի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը: Սամվել Բաբայանի շահերի պաշտպան Ավետիս Քալաշյանն Aravot.am-ին ասաց, որ ինքն է միջնորդել հետաձգել բողոքի քննությունը, որ իր պաշտպանյալը հնարավորություն ունենա մասնակցել, քանի որ մասնակցության ցանկություն է հայտնել:

Ավետիս Քալաշյանը կրկին նշեց, որ իր պաշտպանյալը չի ընդունում առաջադրված մեղադրանքը. «Սամվել Բաբայանն իրեն մեղավոր չի ճանաչում, եւ մենք գտնում ենք, որ մեղադրանքը հիմնավորող ոչ մի տվյալ չկա»:

Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասի և 235.1. հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

235 հոդվածի 2-րդ մաս. «Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով»:

235.1. հոդվածի 2-րդ մաս 1-ին կետ. «Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կամ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով խիստ ներգործող, թունավոր, պայթուցիկ, ռադիոակտիվ նյութերի, ճառագայթման աղբյուրների, միջուկային նյութերի, հրազենի կամ նրա բաղկացուցիչ մասերի, բացի ողորկափող որսորդական հրազենից և դրա փամփուշտներից, պայթուցիկ սարքերի, ռազմամթերքի, զանգվածային ոչնչացման զենքի, դրա տեղափոխման միջոցների, այլ զինամթերքի, ռազմական տեխնիկայի, զանգվածային ոչնչացման զենք կամ դրա փոխադրման հրթիռային համակարգեր ստեղծելու համար օգտագործվող այլ նյութերի կամ սարքավորումների, միջուկային, քիմիական, կենսաբանական կամ զանգվածային ոչնչացման այլ զենքի կամ երկակի նշանակության ապրանքների մաքսանենգությունը՝ անկախ չափերից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ցանկում ընդգրկված ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների կամ մշակութային արժեքների մաքսանենգությունը, որը կատարվել է խոշոր չափերով, պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930