Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը ապրիլի 12-ին Մարտունի քաղաքում մասնակցել է պետական միջոցներով կառուցված՝ սպայական ընտանիքների համար նախատեսված բազմաբնակարան երեք շենքերի բացման արարողությանը:
Գործադիր իշխանության ղեկավարը, պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի և զինվորական բարձրաստիճան ղեկավարության հետ միասին, բնակարանների բանալիներն է հանձնել 67 թոշակառու և ծառայության մեջ գտնվող զինվորականների ընտանիքների:
Ա. Հարությունյանը շեշտադրել է, որ կառավարությունը մշտապես ուշադրության ներքո է պահել զինծառայողների ընտանիքների սոցիալական կարիքները և պատրաստ է շարունակաբար միջոցներ ուղղել նրանց բնակարանային պայմանների բարելավման գործին: Վարչապետը նաև շրջայց է կատարել նոր թաղամասում, ծանոթացել ստեղծված ենթակառուցվածքների և նորակառույց բնակարանների պայմաններին:
ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին