Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստանի ներդրումները Վրաստանում կազմել են շուրջ 5 մլն դոլար, այն դեպքում, երբ Ադրբեջանը կատարել է այդ երկրում շուրջ 500 մլն դոլարի ներդրում (Տեսանյութ)

Ապրիլ 12,2017 17:45

«Մեդիա կենտրոն», Երևան: Վրաստանն ինքը ներդրումների կարիք ունի, եւ մեծ գումարներ չունի, որ կարողանա ներդնել Հայաստանում, մասնավորապես՝ հայ-իրանական սահմանին ստեղծվող ազատ տնտեսական գոտում: Այս մասին ասաց «Մեդիա կենտրոնի» ապրիլի 12-ին «Վրաստանի ԱԳ նախարարի այցը Երևան. դիտարկումներ հայ-վրացական հարաբերությունների շուրջ» թեմայով քննարկմանը տեսազանգի միջոցով միացած «Կովկասյան տուն» հետազոտական կենտրոնի գործադիր տնօրեն Գեորգի Կանաշվիլին:

Ապրիլի 11-12-ին կայացավ Վրաստանի ԱԳ նախարար Միխեիլ Ջանելիձեի այցը Երևան, որի ժամանակ նա հանդիպումներ ունեցավ Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ՝ քննարկելով երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող տարաբնույթ հարցեր: Դրանք վերաբերում էին Վրաստանի տարածքով դեպի Ռուսաստան եւ հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներին, Իրան -Հայաստան-Վրաստան-Ռուսաստան էներգետիկ միջանցքի ձեւավորմանը, ինչպես նաեւ կողմերը կարեւորել են Իրանի հետ սահմանին Մեղրիի ազատ տնտեսական գոտու ստեղծումը, ինչպես նաև առաջիկայում Հայաստանում Վրաստանի բիզնեսի օրերի անցկացումը:

Ըստ պաշտոնական մամուլի հաղորդագրության, ՀՀ վարչապետն ու Վրաստանի ԱԳ նախարարը ապրիլի 11-ին կայացած հանդիպմանը համակարծիք են եղել, որ նման նախաձեռնություններն արդյունավետ հարթակ կլինեն երրորդ երկրների շուկաներ մուտք գործելու հնարավորություններին ծանոթանալու և դրանք ավելի հասանելի դարձնելու առումով:

Կանաշվիլիի խոսքով, Իրանը Վրաստանի համար, իհարկե, մեծ կարեւորություն է ներկայացնում: «Այս իմաստով Հայաստանը կարեւոր է Վրաստանի համար որպես դեպի իրանական շուկա դուրս գալու հարթակ: Սակայն չեմ կարծում, որ Վրաստանից Հայաստան, թեկուզ նշված ազատ տնտեսական գոտի մեծ ներդրումներ գան, քանի որ Վրաստանն ինքը ներդրումների կարիք ունի: Դրանք մեր երկրների խնդիրներն են։ Մենք ինքներս ենք ներդրողներ ներգրավում, քանի որ եթե Վրաստանը փող ունենար, մեր միջոցներով հյուրանոց կամ գործարան կկառուցեինք, այլ ոչ թե ուրիշներին կներգրավեինք: Թեպետ որոշ ուղղություններով հնարավոր են համատեղ ծրագրերի իրականացում, սակայն մեծ ներդրումների մասին դժվար խոսք լինի», – ասաց փորձագետը:

Քննարկմանը մասնակից Կովկասի ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանը հիշեցրեց, որ Վրաստանի ԱԳ նախարարի այցից օրեր առաջ հայտնի դարձավ, որ Վրաստանի տարածքով Հայաստան-Ռուսաստան երկաթուղային և լաստանավային փոխադրման սակագները նվազել են: Մոսկվա-Երևան ուղղության համար երկաթուղային և լաստանավային փոխադրման սակագները նվազել են 32-35%-ով, իսկ Երևան-Մոսկվա ուղղությամբ՝ մինչև 52-54%-ով:

«Սա վերջերս կայացած հայ-վրացական բանակցությունների արդյունքն է: Վերջերս հայ-վրացական հարաբերությունները բավականին ակտիվացել են ու այստեղ մեծ դերակատարություն ունի Իրանի գործոնը: Հայաստանը կարելի է ասել տարանցիկ երկիր է դարձել դեպի իրան ապրանքափոխադրումների համար: Արդյունքում անցյալ տարի Հայաստանում տրանսպորտային բեռնափոխադրումների ծավալն աճեց 80%-ով», – նշեց նա՝ հավելելով, որ ինքն էլ մեծ սպասումներ չունի Մեղրիի ազատ տնտտեսական գոտում վրացական ներդրումների հնարավոր հոսքի մասով:

Վրացագետ Ջոնի Մելիքյանի կարծիքով, հայ-վրացական առեւտրատնտեսական հարաբերություններում թեպետ ակտիվացում է նկատվում, սակայն դրանք շատ չնչին են, եթե համեմատենք Վրաստան-Թուրքիա կամ Վրաստան-Ադրբեջան տնտեսական փոխգործակցության ծավալների հետ; «Տեսեք, անցյալ տարի Հայաստանի ներդրումները Վրաստանում կազմել են շուրջ 5 մլն դոլար, այն դեպքում, երբ Ադրբեջանը կատարել է այդ երկրում շուրջ 500 մլն դոլարի ներդրում: Հասկանալի է, որ դրանք հիմնականում էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտում են կատարվել, բայց հայկական ներդրումների ծավալը շատ չնչին է», – ասաց նա:

Միեւնույն ժամանակ փորձագետներն անդրադարձան խնդրահարույց հարցերի վերաբերյալ Հայաստանի եւ Վրաստանի դիրքորոշումների տարբերություններին: Որպես օրինակ՝ նա նշվեց վրացի փախստականների հարցում Հայաստանի դիրքորոշումը, եւ հակառակը, Վրաստանը ճիշտ այդպես է իրեն պահում՝ պաշտպանելով ադրբեջանական բանաձեւերը:

«Հավանաբար կողմերը փորձում են փոխզիջումային տարբերակը պաշտպանել: Հուսով եմ՝ ինչ-որ բան դրանից կստացվի»,- նկատեց Կանաշվիլին:

Այստեղ Մելիքյանը հակադարձեց, որ վրացի փախստականների վերաբերյալ բանաձեւում կային ընդհանրական եւ ԼՂ հակամարտության վերաբերյալ եւ հայկական կողմի շահերից չբխող ձեւակերպումներ: «Հենց դրանով է պայմանավորված Հայաստանի դիրքորոշումն այս հարցում: Հայաստանը չի կարող ինքն իր դեմ քվեարկել: Մյուս կողմից մինչեւ Սահակաշվիլիի իշխանության գալը Հայաստան ու Վրաստանը կարծես ունեին ջենտլմենական պայմանավորվածություն միմյանց դեմ դուրս չգալ միջազգային հարթակներում: Այս միտումը խախտվեց Միխեիլ Սահակաշվիլիի իշխանության գալուց հետո եւ այն մինչեւ այժմ չի վերականգնվել», – ասաց նա:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930