Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՈՒՄ-ի շուկային հարակից մսի վաճառքի մի քանի կետ փակվել է (Տեսանյութ)

Ապրիլ 12,2017 17:11

ԳՈՒՄ-ի շուկայի հարեւանությամբ գործող մսի խանութներից մի քանիսի գործունեությունը դադարեցրել են` օրենքի պահանջներին չհամապատասխանելու պատճառով: Aravot.am-ի հարցին ի պատասխան ասաց Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ղեկավար Իշխան Կարապետյանը` նշելով, որ մնացած տնտեսվարողներն արդեն ապրանքն իրացնում ու պահում են պատշաճ պայմաններում: Պարոն Կարապետյանն ասաց, որ մսավաճառներին ժամանակ էր տրվել` պայմանները գործող նորմերին համապատասխանեցնելու:

Իշխան Կարապետյան

Իշխան Կարապետյանի խոսքով, նոր պահանջներ են առաջադրվել մսի եւ հացամթերքի տեղափոխումը կազմակերպող տնտեսավարողներին:

Այդ սննդամթերքները տեղափոխող տրանսպորտային միջոցները պետք է պարտադիր սանիտարական անձնագիր ունենան, մայիսի 1-ից էլ ուժի մեջ կմտնեն պարտադիր սպանդանոցային մորթի կանոնակարգերը: Ժամանակացույցով սահմանվել է, թե որ ոլորտում մսի ձեռքբերումը պետք է լինի միայն սպանդանոցային մորթի տարբերակով: Ըստ ծառայության պետի, այս խստացումները կնվազեցնեն մսի իրացման շղթայում առկա ռիսկերը:

Aravot.am-ի այն դիտարկմանը, թե մինչ այս էլ մասնավորապես` հացամթերք արտադրող, իրացնողների առաջ կային օրենքով սահմանված պահանջներ, սակայն այսօր էլ ցանկացած մթերային խանութում կա առանց փաթեթավորման, առանց մակնշման, սանիտարահիգիենիկ պայմաններին չհամապատասխանող, թերքաշ հացամթերք, պարոն Կարապետյանը պատասխանեց. «Այդ խնդիրները մենք արդեն իսկ ախտորոշել ենք եւ ավելի քան 6 հանդիպում ենք ունեցել ինչպես արտադրողների, այնպես էլ խոշոր իրացման ցանցերի ներկայացուցիչների հետ: Մենք բավականին խստացրինք վերահսկողությունը խոշոր իրացնող ցանցերի նկատմամբ եւ զգուշացրեցինք, որ նրանք պետք է պահանջեն, որ իրենց մատակարարվի պատշաճ որակի, պատշաճ մակնշմամբ եւ համապատասխան տրանսպորտային միջոցներով հաց, հացամթերք»:

Ծառայության պետի տվյալներով, այսօր հանրապետությունում գործում է 13 սպանդանոց, սակայն տասնյակ սպանդանոցների կարիք էլ կա: Այն հարցին, թե ոչ բոլոր մարզերում սպանդանոցներ կան, սպանդանոց չունեցող մարզի բնակիչը որտե՞ղ պետք է մորթը կազմակերպի, պարոն Կարապետյանը պատասխանեց, որ մինչ տնտեսվարողները կշահագրգռվեն սպանդանոցի բիզնես սկսելու սպանդանոց չունեցող կամ քիչ թվով սպանդանոցներ ունեցող մարզերում, մորթը կկազմակերպվի հարեւան մարզերի սպանդանոցներում:

Պարոն Կարապետյանը նաեւ ասաց, որ այդ 13 սպանդանոցներն իրենց արտադրական հզորությամբ կարող են ապահովել ողջ ծավալը եւ այնպես չէ, որ սպանդանոցներում հերթերի պատճառով մսի դեֆիցիտ կառաջանա:

Մանրամասները` տեսանյութում

Անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, թե ծառայության պետը պաշտոնը ստանձնելուց հետո համակարգը համալրում է ոչ մասնագետներով, պարոն Կարապետյանն ասաց. «Ծառայության աշխատակիցները քաղծառայողներ են հանդիսանում եւ կան քաղծառայության համակարգում պաշտոնի անձնագրերով վերապահված որոշակի նվազագույն պահանջներ եւ գործառույթներ, որոնք որ բացառում են ձեր նշած խնդիրների առկայությունը: Եթե խոսքը վերաբերում է, որ ծառայությունը մեծ ուշադրություն է դարձնում տեղեկատվական կառավարման համակարգերի ներդրմանը եւ մենք աշխատանքի ենք ընդունում, ասենք, տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների, ապա այո, ես կարծում եմ, որ դա տրամաբանական է»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930