Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա լուրջ կոռուպցիա է, փողեր են լվացվում». Ազատամարտիկը ՔԿՀ է հրավիրում ստուգումների

Ապրիլ 12,2017 16:36

6 տարվա ազատազրկման դատապարտված պահեստազորի փոխգնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը, որը 2013 թվականի համաներմամբ պատժաչափի կրճատման արդյունքում ազատ կարձակվի այս տարվա մայիսին, վաղաժամկետ ազատ արձակման պահանջով դիմել է դատարան:

«Ես ցանկանում եմ՝ մեր պետությունում օրենքն աշխատի, պարոն դատավոր: Եթե օրենքն աշխատում է, օրենքը գործում է բոլորի համար, մենք դառնում ենք աշխարհում ընդունված լավ պետություն և հզոր պետություն կդառնանք: Այստեղ մի խնդիր կա ընդամենը՝ արդարություն և օրենք, որպեսզի լավ պետություն ունենանք մեր հետագա սերունդների համար»,- այսօր դատարանում հայտարարեց ազատամարտիկը:

Նա նաեւ ասաց, որ եթե քրեակատարողական հիմնարկը վաղաժամկետ ազատ արձակման դիմում է ներկայացնում, բայց մերժում են, ապա այդ ժամանակվանից դատապարտյալը դառնում է գերի. «Մենք ոչ թե դատապարտյալ ենք, այլ գերի ենք, պարո՛ն դատավոր»:

Վոլոդյա Ավետիսյանը նաեւ հայտարարությամբ հանդես եկավ. «Այն գումարները, որոնք նախատեսված են դատապարտյալների համար, որ ամեն անձի համար ծախսվում է հինգ հազար դրամ, իմ վրա չեմ տեսել հինգ հազար դրամ ծախսեն ամեն օր, սա լուրջ կոռուպցիա է, փողերը լվացվում են, որը որ քանդում է մեր պետությունը, թող գան ստուգեն, ո՞ր դատապարտյալի վրա է ամեն օր հինգ հազար դրամ ծախսվում»:

Նրա փաստաբան Արաքս Մելքոնյանն էլ ասաց, որ մեր երկրում դատարանն է միակ մարմինը, որը իրավասու է որոշել վաղաժամկետ ազատ արձակելու հարցը ու անկախ հանձնաժողովի հավանություն տալ-չտալն էս դեպքում կարևորություն չպետք է ունենա. «Եվ խնդրում եմ ձեզ, որ դուք, որպես դատարան, կայացնեք այսօր այդ որոշումը՝ հիմք ընդունելով իմ վստահորդի բնութագիրը, որը բավականին դրական է: Ըստ Վարդաշեն քրեակատարողական հիմնարկի տված բնութագրի, իմ վստահորդը բարձրագույն կրթություն ունի, սա նրա առաջին դատվածությունն էր, ֆիզիկապես առողջ է, պատիժը կրելու ընթացքում որեւէ կարգապահական տույժ չի կրել, իսկ տուժողին հասցված վնասը փոխհատուցված է»:

Փաստաբանը նաեւ ասաց, որ քրեակատարողական հիմնարկը անցած տարի դիմել է անկախ հանձնաժողովին՝ Ավետիսյանին վաղաժամկետ ազատ արձակելու խնդրանքով, բայց անհասկանալի պատճառներով հանձնաժողովը մերժել է բոլոր դիմումները: Փաստաբանը նաեւ դատարանին դիմելով՝ ասաց, եթե վաղաժամկետ ազատ արձակման որոշում չընդունեք, կխախտեք իմ վստահորդի ազատության իրավունքը:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930