Լրահոս
Օրվա լրահոսը

Էմմա Պողոսովայի հաջողությունը նոր թափ կարող է հաղորդել հայկական սուսերամարտի զարգացմանը

Ապրիլ 12,2017 15:58

Հայաստանցի խոցասուսերակիր Էմմա Պողոսովան Բուլղարիայում անցկացված սուսերամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում 154 մասնակիցների պայքարում մտել է ութ լավագույնների մեջ, ինչը անկախ Հայաստանում արձանագրված լավագույն ցուցանիշն է:

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանն այդ փաստն ընդգծեց առանձնակի ոգեւորությամբ՝ նշելով, որ հայաստանցին գրեթե բոլոր հաղթանակները տոնել է համառ պայքարում եւ զարմացրել անգամ արտասահմանցի մասնագետներին:

Ինքը՝ Էմմա Պողոսովան, թեեւ գոհ է իր մրցելույթներով, սակայն համոզված է, որ կարող էր նույնիսկ մեդալ նվաճել, եթե մրցակցային մարաթոնի ընթացքում արդեն հոգնած չլիներ: Սակայն նա վստահ է, որ հաջորդ մրցումներում կարող է լրացնել այդ բացը՝ հաղթելով նաեւ այն նույն ամերիկացուն, որին Բուլղարիայում պարտվեց:

Aravot.am-ի հարցին, թե սուսերամարտում հասակը հաղթանակի գործում որքա՞ն դեր ունի (Էմման բարձրահասակ է), մարզուհին պատասխանեց. «Իհարկե: Հատկապես խոցասուսեր ձեւում: Բայց միայն երկար թեւեր ունենալը քիչ է: Առանց վարպետության եւ տեխնիկայի հաջողության չես հասնի»:

Արտաշես Մադոյանը նշեց, որ Հայաստանում բարձրակարգ մարզիչների պակաս չկա, խոստումնալից պատանիներ ու երիտասարդներ էլ կան, սակայն ֆինանսական սղության պատճառով  տարվա մեջ մեկ-երկու միջազգային լուրջ մրցման են կարողանում մասնակցել, մինչդեռ, մյուս երկրների սուսերամարտիկները տարվա ընթացքում 20-25 մրցաշարի են մասնակցում:

Մասնագետի խոսքերով, Հայաստանի առաջնությունն էլ թույլ է, ցածր մրցակցությունն ազդում է մարզաձեւի զարգացման եւ որակական աճի վրա: Սակայն Արտաշես Մադոյանը նշեց նաեւ, որ վերջին տարիներին հայկական սուսերամարտում շոշափելի աշխուժացում է նկատվում: Նա հույս հայտնեց, որ Էմմա Պողոսովայի այս հաջողությունը նոր թափ կհաղորդի մարզաձեւի զարգացմանը Հայաստանում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930