Ի՞նչ եք արել 5-րդ գումարման ԱԺ-ում, որ կրկին ցանկացաք գալ 6-րդ գումարման խորհրդարան. Այս հարցն այսօր խորհրդարանում լրագրողները տվեցին ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սահակյանին: Շիրակի մարզում նա ապրիլի 2-ի ընտրություններում էլ լավ ցուցանիշներ ապահովեց: «Ինչ-որ բաներ արեցի, ինչ-որ բաներ կիսատ թողեցի, այս ԱԺ-ում կշարունակեմ: Գյումրիի հետ կապված մի երկու ծրագիր ունենք, որ չենք արել, դա այս ԱԺ-ում կանենք»,- պատասխանեց նա:
Լրագրողները նաեւ հարցրին`այս տարիների ընթացքում լռակյաց պատգամավոր է եղել, նոր խորհրդարանում իրեն խոսելիս կտեսնե՞նք: «Դե էդ գաղտնիք չի, ես դրանից վատ էլ չեմ զգում, ամեն մարդ իր ոճն ունի աշխատելու, հիմա մարդ կա՝ ճառ է ասում, մարդ կա՝ զանգ է կախում»,- ասաց Արման Սահակյանը:
Իսկ ո՞րն է իր կախած զանգը: «Իմ կախած զանգն այն է եղել, որ արդյունքներից էլ երևում է ՝ժողովուրդը հույսեր է կապում, որ ընտրել է»,- պատասխանեց Արման Սահակյանը:
Ինչ վերաբերում է խոսակցություններին, որ Շիրակում մարդկանց վերագրանցումներ են տեղի ունեցել նաև իր օգտին քվեարկելու համար, Արման Սահակյանը հակադարձեց. «Ոչ մի վերագրանցում չի եղել, սուտ տեղեկություններ են, այդպիսի բան ես չգիտեմ»:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ