Լրահոս
Օրվա լրահոսը

Թրամփին անհրաժեշտ էին ռազմական գործողություններ

Ապրիլ 12,2017 16:00

Օրեր առաջ ԱՄՆ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Դոնալդ Թրամփը ռազմածովային ուժերին տվեց իր առաջին՝ մարտական գործողություններ սկսելու վերաբերյալ հրամանը։ Թիրախում Սիրիան էր, որտեղ ռմբակոծվեց ռազմաբազան, որի տարածքում, ըստ ամերիկյան հետախուզության, տեղակայված էին քիմիական զենք կիրառած Ասադի ռազմաօդային ուժերը։ Իրականում այս հրթիռակոծումը միանգամից մի քանի հարց լուծեց։

Առաջին. անհրաժեշտ էր ամերիկյան հանրությանը ապացուցել, որ ԱՄՆ բանակը կարող է ցանկացած ժամանակ իր առջեւ դրված ցանկացած խնդիր լուծել՝ աշխարհի ցանկացած կետում։ Թրամփին բազմիցս մեղադրել էին գերագույն գլխավոր հրամանատար լինելու ունակությունների բացակայության մեջ, եւ այս թեզը հերքելու կարիք կար։

Երկրորդ. սա յուրահատուկ ուղերձ էր Չինաստանին, որի նախագահը հրթիռակոծման օրը գտնվում էր Վաշինգտոնում։ Չմոռանանք, որ ԱՄՆ-Չինաստան հարաբերություններում լուրջ լարվածություն էր առաջացել Թայվանի հարցի վերաբերյալ։

Երրորդ. սա յուրահատուկ ուղերձ-զգուշացում էր Հյուսիսային Կորեային, որն օրեր առաջ իրականացրեց իր հերթական հրթիռի փորձարկումը։ Դրա ապացույցը ԱՄՆ Պետդեպարտամենտի այն հայտարարությունն էր, որ Կորեայի հարցում ԱՄՆ-ն այլեւս ասելիք չունի, ամեն ինչ համարում է ասված։

Չորրորդ. այս քայլն ուներ ԱՄՆ ներքին լարվածությունը թուլացնելու եւ քաղաքական դիսկուրսը ներքաղաքական թեմաներից շեղելու նպատակ, որը Թրամփին հաջողվեց։ Չմոռանանք, որ Թրամփը շարունակվում է մնալ ԱՄՆ պատմության ամենաքննադատված նախագահը։

Հինգերորդ. այս քայլով Թրամփն իր շուրջը հավաքեց, այսպես կոչված, «նեոկոնսերվատիվ» ուժերին, ովքեր հավաքվել էին հայր եւ որդի Ջորջ Բուշերի շուրջը եւ Իրաքյան երկու պատերազմների ճարտարապետներն էին։ Դրանց կարկառուն ներկայացուցիչներից մեկին՝ նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսին, օրեր առաջ Թրամփն ընդունեց Սպիտակ տան Օվալաձեւ աշխատասենյակում։ Ի դեպ, հենց Ռայսն էր, ով Սադամին մեղադրում էր քիմիական զենք ունենալու մեջ։

Վեցերորդ. փորձը ցույց է տալիս, որ ԱՄՆ այն նախագահները, ովքեր ցածր վստահության գործակից են ունենում, կամ ում վարկանիշը ցածր է լինում, պատերազմական գործողություններ սկսելու պարագայում իրավիճակը էապես փոխվում է։ Ջորջ Բուշի վարկանիշը 2001 թվականին բարձրացավ մինչեւ 90%, երբ նա հայտարարեց Իրաքում եւ Աֆղանստանում ռազմական գործողություններ սկսելու մասին։ Նույնը տեղի ունեցավ նրա հոր՝ Ջորջ Բուշ ավագի հետ, ով հայտարարեց Պարսից ծոցում ռազմական գործողությունների սկզբի մասին։ Նրա վարկանիշը բարձրացավ մինչեւ 89%։ Դրանից առաջ ամենաբարձր գրանցված վարկանիշը պատկանում էր նախագահ Թրումանին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին օրերին՝ 87%։

Յոթերորդ. ներքաղաքական ճնշումը Թրամփի վրա՝ թե՛ ներքին եւ թե՛ արտաքին քաղաքական հարցերում այնքան ուժեղ է, որ Թրամփը վճռական գործողություններ ցույց տալու կարիք ունի ե՛ւ դրսում, ե՛ւ ԱՄՆ-ում։ Թրամփը աշխարհին պետք է ցույց տա, որ մարդու իրավունքներն ԱՄՆ-ի համար բարձրագույն արժեք են, եւ դրանց ոտնահարումը աշխարհի ցանկացած երկրում իրավունք է տալիս ԱՄՆ-ին դիմելու ռազմական ուժի կիրառման։ Դրա ապացույցն այն է, որ որպես թիրախ էր ընտրվել այն ռազմաբազան, որտեղ տեղակայված են եղել քիմիական հարձակում կազմակերպած ենթադրյալ ռազմաօդային ուժերի ինքնաթիռները։

Ութերորդ. Թրամփը շրջանցեց ԱՄՆ Սահմանադրության այն հոդվածը, համաձայն որի՝ ԱՄՆ-ը պատերազմ կարող է սկսել միայն Կոնգրեսի համաձայնությամբ։ Սա, իհարկե, ԱՄՆ պատմության առաջին դեպքը չէ, երբ ԱՄՆ նախագահը նման գործողություններ է իրականացնում՝ առանց Կոնգրեսի համաձայնության հիմնավորելով, որ դա ոչ թե պատերազմ է, այլ ռազմական հատուկ օպերացիա՝ ամերիկյան զորքերի մասնակցությամբ։

Ինչ վերաբերում է այլ գործողություններին, ապա ամերիկյան կողմն արդեն հայտարարել է, որ այս պահին ռազմական լրացուցիչ գործողություններ չեն նախատեսվում, եւ ԱՄՆ-ը դեռ կբավարարվի 69 «Տոհամավկ» տեսակի հրթիռների կիրառմամբ, որոնք 1983 թվականից են «հանգրվանել» ԱՄՆ բանակի զինանոցում։
Ինչ վերաբերում է արտաքին աշխարհին, ապա Թրամփը ոչ մեկի հետ հաշվի չի նստել։ Հայտնի է միայն, որ ռուսական կողմը տեղյակ է եղել հարվածի մասին։ Արտաքին աշխարհին ուղղված մեկ այլ կարեւոր ուղերձ էր այն, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այս հարցը չքննարկվեց, ինչը նշանակում է, որ ԱՄՆ-ը շարունակում է անձնական քաղաքական առաջնահերթությունները վեր դասել միջազգային իրավունքի նորմերից, ինչն արդեն սովորական երեւույթ է դարձել։

Ելնելով վերոնշյալ հանգամանքներից եւ հաշվի առնելով այն, որ Թրամփը բազմիցս նշել է Սիրիայում ոչ թե Ասադի, այլ «Իսլամական պետության» դեմ պայքարելու անհրաժեշտության մասին, կարելի է ասել, որ այս քայլը ուղերձ էր մի շարք պետություններին, ուներ ներքաղաքական կայունություն հաստատելու նպատակ եւ միտված էր վերահաստատելու ամերիկյան գործոնի առկայությունը համաշխարհային քաղաքականության թատերաբեմում՝ ցուցադրելով, որ ԱՄՆ-ը շարունակում է մնալ աշխարհի միակ գերտերությունը։

 

ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Վաշինգտոն

«Առավոտ»

12,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930