«Տնօրենները չպետք է դիմեին դատարան զրպարտության հիմքով»,- ապրիլի 12-ին «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը
Հիշեցնենք՝ Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպությունը հրապարակել էր դպրոցի տնօրենների ձայնագրություններ, որտեղ տնօրենները խոստովանում էին, որ իշխող Հանրապետական կուսակցության համար ցուցակագրում են անում: 30 դպրոցի տնօրեններ այնուհետև դիմել են դատարան՝ Դանիել Իոաննիսյանից պահանջելով ներողություն խնդրել և որպես փոխհատուցում՝ յուրաքանչյուրին վճարել 2 միլիոն դրամ:
Արթուր Սաքունցի կարծիքով՝ նույն հայցով դատարաններ պետք է դիմեին Հանրապետական կուսակցության շտաբները, քաղաքապետարանները, համայնքապետարանները ընդդեմ տնօրենների. «Հանրապետական կուսակցության ղեկավարը շատ լավ հասկանում է, որ իրապես իրենք այդտեղ ուղղակի պատասխանատվություն ունեն, բայց չունեն խիզախություն հրապարակավ ընդունելու այդ պատասխանատվությունը: Սա խոսում է այն մասին, որ այդ քաջությունը չունենալով հանդերձ, ուրիշին՝ այդ տնօրեններին, գործիք դարձնելով փորձում են սեփական երեսը պարզել և աղավաղել պատկերը»:
Արթուր Սաքունցը նկատեց, որ Դանիել Իոաննիսյանի արածը նորություն չէ. «Մենք նախորդ ընտրությունների ժամանակ էլ գիտեինք, որ իշխող քաղաքական ուժը օգտագործում է վարչական ռեսուրսները, քրեական տարրերին մասնակից են դարձնում: Ուղղակի առաջին անգամ փաստագրվեց, և այս հանգամանքը իրենց հուզում է»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի